Կա ընդհանուր պայմանավորվածություն, ինչին հայկական կողմը միշտ էլ հետամուտ է եղել. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կայացած Սարգսյան-Պուտին հանդիպման և դրա ընթացքում հնչած հայտարարությունների շուրջ ArmLur.am-ը զրուցեց  ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ.

-Պարո՛ն Բաբայան, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև տեղի ունեցած երեկվա հանդիպման ժամանակ նշվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ որոշ երկրներ կարող են որպես «գարանտ» հանդես գալ Ղարաբաղյան կարգավորման հարցում: Ստացվում է, որ Թուրքիան ևս կարող էր բանակցությունների կողմ դառնալ, ինչը մեր ԱԳՆ-ն համարեց անթույլատրելի: Ի՞նչ կասեք այս մասով.

-Թուրքիան այնպիսի երկիր է, որն ունի ազդեցություն ղարաբաադրբեջանական գոտում, ուղղակի այդ ազդեցությունը միշտ եղել է բացասական: Թուրքիան բացեիբաց միշտ էլ սատարել է Ադրբեջանին, Թուրքիան նույնիսկ Արցախյան առաջին պատերազմի, քառօրյա  պատերազմի ժամանակ իր կողմից այստեղ էր ուղարկում գրոհայինների, ահաբեկիչների, բանակի ներկայացուցիչների, զենք զինամթերք էր մատակարարում Ադրբեջանին և չի ճանաչում Ցեղասպանությունը, բացահայտ կերպով հակահայկական քաղաքականություն է վարում:

Բոլորովին այլ հարց է, որ այս երկիրը չի կարող հանդես գալ որպես միջնորդ երկիր, բայց դա դեռ չի նշանակում, որ այս պետության հետ ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահ երկրները չպիտի հանդիպումներ ունենան և քննարկեն հակամարտության կարգավորման ընթացքը: Նման հանդիպումները հնարավորություն կտան զսպել Թուրքիայի բացասական դերակատարությունը:

-Ըստ Ձեզ` որո՞նք պետք է լինեն մեր քայլերը, որպեսզի բանակցային գործընթացից որպես տուժող կողմ դուրս չգանք: Սերժ Սարգսյանը, հիշեցնեմ, կարևորեց ԼՂ հիմնահարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը. «Մենք դրան պատրաստ ենք»,- ասաց նախագահը: Դուք տեղյա՞կ եք՝ ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը.

-Նախ և առաջ կարծում եմ, որ կա ընդհանուր պայմանավորվածություն, ինչպիսին է, օրինակ, հակամարտության խաղաղ կարգավորում, խաղաղության ու կայունության պահպանում: Սրանք այն են, ինչին հայկական կողմը միշտ էլ հետամուտ է եղել: Իսկ մեր կողմից պետք է առաջ քաշվեն պայմանավորվածություններ, որպեսզի մշակվեն մեխանիզմներ՝ զինդադարի ռեժիմի խախտման դեպքերը գրանցվեն և այլն… Պետք է Ադրբեջանի կողմից էլ կատարվեն քայլեր, որոնք դեռևս չեն կատարվել, որպեսզի կարողանանք հակամարտության կարգավորման ուղղությամբ շոշափելի արդյունք գրանցել:

-Երեկվա հանդիպման ժամանակ  Պուտինը հետաքրքիր կերպով էր մեկնաբանել իրենց կողմից Ադրբեջանին զենք վաճառելը: Նշել էր` այդպիսի արագ տեմպերով զարգացող, հարուստ պաշարներ ունեցող և նման այլ որակումներով երկիրը կարող է զենք ձեռք բերել յուրաքանչյուրից: Այսպիսի նկարագրության տակ ենթատեքստեր չե՞ք տեսնում:

-Չէ´, չեմ կարծում: Պարզապես խնդիրն այն էր, որ պետք է հասկանալ` զենք վաճառելը նույնպես բիզնես է: Մի բան, որը մենք պետք է արձանագրենք, թեկուզ ցավով, դա այն է, որ Ադրբեջանի պես պետությանը զենք մատակարարելը վտանգավոր է, և ոչ մի պետություն չպետք է դա անի: Բայց մենք գիտենք, որ ՌԴ-ից բացի, այլ պետություններ ևս զենք են մատակարարում Ադրբեջանին, պետք է պետությունները նման բան թույլ չտան: Այդ նույն զենքը, որը հիմնականում կիրառվում է հայ ժողովրդի նկատմամբ, իսկ ՌԴ-ն էլ Հայաստանի ռազմավարական գործընկերն է, կարող է ինչ-որ պահի նաև նրանց դեմ օգտագործվել: Այսինքն` չի բացառվում, որ նույն այդ Ադրբեջանը զենքը կօգտագործի Ռուսաստանի դեմ:

Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ Թուրքիան վստահելի գործընկեր չէ, բայց Ռուսաստանը չէր պատկերացնում, որ նրանք կարող են գնալ նենգ քայլի և խոցել ռուսական ինքնաթիռ. նույնը հիմա Ադրբեջանի պարագայում է:

Զրուցեց Լիլիթ Շաբոյանը




Լրահոս