«Ընդեղ ասել ենք` այո, որ գլխացավանքից պրծնենք». Արզականի համայնքապետը` իրեն առաջադրված մեղադրանքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Արզական համայնքի ղեկավարին և նրա տեղակալին՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Պարզվել է, որ Արզական հմայնքի ղեկավարը 2015թ. նոյեմբերին տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով տուժած գնուղացիներին տրամադրվող փոխհատուցման չափերը մեծացրել է, որոնց հիման վրա էլ  կազմել է հավելագրված տվյալներով կեղծ ակտեր:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Արզական համայնքի ղեկավար Նորիկ Մովսիսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ հարաբերական է, թե ինքն ընդունում է իր մեղքը, թե ոչ: «Ընդեղ ասել ենք` այո, որ գլխացավանքից պրծնենք: Ես չեմ կարծում, որ մարդը որևիցե բան անելու դեպքում իրան մեղավոր ճանաչի: Դա գիտակցված է արվել, և պարզապես ժամանակն այնպիսին էր, որ սխալների մեջ ընկանք»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ իր տեղակալն ինչ կատարել է, իր ցուցումով է կատարել:

Նշենք, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արզական համայնքի ղեկավար Ն. Մովսեսյանին և նրա տեղակալ Պ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վերջիններս առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչել։ Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս