Բյուջեի միջոցներից իսկական թալան է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական բյուջեի գումարները մսխելու հարցում ՀՀ կառավարության հնարամտությունը ամենափորձառու խարդախներին անգամ կզարմացնի: Ինչպես հայտնի է՝ «Նաիրիտի» հետ կապված մեքենայությունների արդյունքում հարյուրավոր միլիոն դոլարներ «անհետացան»: Սակայն ակնհայտ էր, որ այսքանով այդ պատմությունը չէր կարող ավարտվել:
«Նաիրիտի» համար տարբեր բանկերից գումարները վերցվել էին ՀՀ կառավարության երաշխավորությամբ, աշխատավարձերի` տարիներով կուտակված պարտքերը եւս ՀՀ կառավարությունը խոստացել էր մարել եւ ամիսներ առաջ սկսեց այդ գումարները վճարել: Բնականաբար հարց էր ծագում՝ ի՞նչ միջոցներից է ՀՀ կառավարությունն այդ գումարները վճարել եւ վճարելու: Այս տարվա գարնանը հայտնի դարձավ, որ «Նաիրիտի» պարտքերը մարվել են Հայաստանի էներգետիկ համակարգի երկու գիգանտների` Մեծամորի ատոմակայանի եւ «Երեւանի ՋԷԿ»-ի միջոցների հաշվին: ՀՀ իշխանությունները այդպես էլ չեն խոստովանում, թե այս երկու ընկերությունների հաշիվներից ընդհանուր որքան գումար է փոխանցվել՝ «Նաիրիտի» պարտքերը մարելու համար:
Սակայն աստիճանաբար այդ տվյալները ի հայտ են գալիս: Մասնավորապես, ՀՀ կառավարության հուլիսի 29-ի նիստի ընդգրկված հարցերից մեկը վերաբերում էր «Գազպրոմ-Արմենիա» ընկերության 3 մլն 744 հազար 375 դոլարի գերշահույթը պետական բյուջե փոխանցելուն: Նշված գերշահույթը կուտակվել է այս տարվա ապրիլ, մայիս եւ հունիս ամիսներին, երբ Հայաստան մատակարարվող գազի գինը 15 դոլարով էժանացվեց, բայց սպառողին մատակարարվող գազի սակագինը մնաց նույնը:

Թվում է, թե «Գազպրոմ-Արմենիայի» գերշահույթը պետք է, որ «Նաիրիտի» պատմությունների հետ կապ չունենա: Բայց արի ու տես, որ այս գործում էլ «Նաիրիտի» հետեւանքներն առկա են: Բանն այն, որ չնայած վերը նշված գումարը ՀՀ կառավարության որոշմամբ փոխանցվել է պետական բյուջե, բայց միեւնույն ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է այդ գումարը հատկացնել «Երեւան ՋԷԿ»-ին, նշված ընկերությունում պետական բաժնեմասը ավելացնելու ճանապարհով: Իսկ «Երեւան ՋԷԿ»-ն իր հերթին այդ գումարը պետք է վճարի «Գազպրոմ-Արմենիային» վերջինիս նկատմամբ կուտակած պարտքը նվազեցնելու նպատակով: Նշված գումարը դրամային արտահայտությամբ կազմում է 1 միլիարդ 789 միլիոն դրամ: Դրանից «Երեւան ՋԷԿ»-ն իր պարտքերը մարելու նպատակով հատկացնելու է 1 միլիարդ 300 մլն դրամը:
Սակայն առավել ուշագրավ է, թե «Գազպրոմ-Արմենիայի» նկատմամբ պարտքն ինչու է կուտակվել եւ որքան է այն կազմում: Վերը նշված որոշման նախագծի կից տեղեկանքում սեւով սպիտակի վրա գրված է. «01.05.2016թ. դրությամբ «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ն կուտակել է 36,3 մլրդ դրամ կրեդիտորական պարտք «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի հանդեպ՝ բնական գազի մատակարարման եւ փոխադրման դիմաց: «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ն չի կարողացել վճարել «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ին, որովհետեւ նրա կանխիկի հոսքի զգալի մասն ուղղվել է «Նաիրիտ Գործարան» եւ «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ներին փոխառությունների տրամադրմանը եւ հիմնական գործունեությանը չառնչվող ծախսերի կատարմանը»: Այսինքն՝ պարզվում է՝ ժամանակին միայն «Երեւան ՋԷԿ»-ից տարբեր մեքենայությունների միջոցով մարդիկ մոտ 80 մլն դոլար են «թռցրել» եւ այժմ այդ գումարը փորձում են պետական բյուջեի միջոցներով վերականգնել:
Սա էլ դեռ ամենը չէ, ՀՀ կառավարության՝ այսօր նախատեսված նիստում նախատեսվում է «Երեւան ՋԷԿ»-ին պետական միջոցներից հատկացնել եւս 10 միլիարդ 797 մլն դրամ, կրկին «Գազպրոմ-Արմենիայի» նկատմամբ կուտակած պարտքի մարման ուղղելու համար:
Այս պատմության մեջ սակայն մեկ ուշագրավ հանգամանք կա. հուլիսի 29-ի նիստում ներկայացված որոշման նախագծի առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը առարկություններ է ներկայացրել` փորձելով ընդդիմանալ «Երեւան ՋԷԿ-ի» պարտքերը պետբյուջեի միջոցներից մարելու մոտեցմանը: Մասնավորապես, ֆինանսների նախարարության դիտողություններում նշված է «Առաջարկվում է մեկ անգամ եւս քննարկել եւ հիմնավորել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման նպատակահարմարության հարցը»: Ֆիննախն այսպիսով ուղղակի դեմ է արտահայտվել բյուջետային միջոցներով ՋԷԿ-ի պարտքերը մարելուն, սակայն այս առարկությունը չի ընդունվել, եւ որոշումը հաստատվել է: Ուստի այսօրվա նիստում ներառված նախագծի դեմ ֆիննախն այլեւս չի առարկել:
Ինչեւէ, «Նաիրիտ Գործարան» եւ «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ների հետ կապված ֆինանսական մեքենայությունների պատմությունը պետական միջոցների բացահայտ հափշտակման դեպք է, սակայն քանի դեռ իշխանության ղեկին կանգնած են այդ գործարքն իրականացնողները կամ նրանց գործընկերները, այն անհրաժեշտ գնահատականի չի արժանանա:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս