Երշիկ արտադրողներն ավելացրել են հարկային վճարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել նաեւ երշիկեղենի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները: Ըստ այդմ, ցանկում տեղ են գտել «Բեկոն պրոդուկտ», «Մուշ», «Աթենք», «Բարի սամարացի» եւ «Նատֆուդ» երշիկեղենի արտադրությամբ զբաղվող ընկերությունները:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Բեկոն պրոդուկտ» ընկերությունն այս տարվա հունվար-հունիսին 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 619-րդ տեղը եւ վճարել 83 մլն 875 հազար 600 դրամ հարկ: Մինչդեռ նշված ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբաղեցնելով 738-րդ տեղը՝ վճարել է 65 մլն 114 հազար դրամ: Ստացվում է, որ այս ընկերությունը 18 մլն 761 հազար դրամով ավելացրել է մեկ տարվա ընթացքում հարկային վճարը:

Ուսումնասիրելով ՊԵԿ-ի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Մուշ» ընկերությունը այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի քան 25 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարը: Այսինքն՝ տվյալ ընկերությունը այս տարվա հունվար-հունիսին վճարել է 55 մլն 87 հազար 500 դրամ՝ զբաղեցնելով 884-րդ տեղը:

Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբաղեցնելով 620-րդ տեղը՝ վճարել է 80 մլն 248 հազար 800 դրամ հարկ: Մասնագետներն այս հանգամանքը պայմանավորում են գնողունակության անկման եւ բնակչության թվաքանակի, հետեւաբար իրացման ծավալների նվազման հետ:

Չնայած սրան՝ «Աթենք» ընկերությունն է ավելացրել իր հարկային վճարները. այս տարվա հունվար-հունիսին ընկերությունը վճարել է 394 մլն 862 հզ. 200 դրամ՝ զբաղեցնելով 149-րդ տեղը: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Աթենք»-ը զբաղեցրել է 144-րդ տեղը եւ վճարել 366 մլն 895 հզ. դրամ հարկ:

Բացի այս, «Բարի սամարացի» ընկերությունը վերոնշյալ ժամանակահատվածում տեղ է գտել 1000 խոշոր հարկատուների ցանկում: Այս ընկերությունը զբաղեցրել է 690-րդ տեղը եւ վճարել 73 մլն 120 հզ. 900 դրամ հարկ: Իսկ, ահա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը տեղ չի գտել 1000 խոշոր հարկատուների ցանկում: Նույն կարգավիճակում է նաեւ «Նատֆուդ» ընկերությունը. այն զբաղեցրել է 668-րդ տեղը եւ վճարել 76 մլն 598 հզ. 500 դրամ հարկ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս