Ունեցել եմ ընկերներ, որոնք դավաճանել են ինձ ու ես հետեւություններ եմ արել. Նարեկ Բավեյանն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Դրանց միջոցով մենք կծանոթանանք արդեն ճանաչված մարդկանց բնավորությունների` քչերին ծանոթ գծերին, կբացահայտենք նրանց կյանքի հետաքրքիր, երբեմն անհայտ դրվագներ, կիմանանք նրանց ձեռքբերումների ու բացթողումների, նպատակների ու նվիրական երազանքների մասին: Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Նարեկ Բավեյանն է, ով խաղում է նաեւ «Դոմինո» սիթքոմում:

13988812_1112898702124528_1779068592_n

-Նարե՛կ, Ձեր կյանքն այժմ ի՞նչ գույնի մեջ եք տեսնում:

-Կանաչ:

-Իր, որն ամբողջ օրը ուղեկցում է Ձեզ:

-Բջջային հեռախոսը:

-Ձեր ամենասիրելի տոնը:

-Հիմա արդեն` որդուս ծննդյան օրը (նա լույս աշխարհ է եկել երկու ամիս առաջ-հեղ.):

-«Հանդիպում» քաղաքի հետ, որը հնարավոր չէ մոռանալ:

-Վիեննայի հետ հանդիպումը, որը շատ է տպավորվել: Շատ սիրեցի այդ քաղաքը:

-Ձեր դիտած վերջին ներկայացումը:

-Ճիշտն ասած, թատրոնում վաղուց չեմ եղել: Չեմ մտաբերում այս պահին:

13957567_1112898695457862_1071550905_n

-Եթե մշակույթի ոլորտում բարեփոխումներ անելու շանս ունենայիք, որտեղի՞ց կսկսեիք:

-Երգարվեստից: Նախ` ասեմ, որ ոչ մի բան չէի արգելի, ստալինյան ռեժիմ չէի մտցնի, ով ինչ ուզենար, թող երգեր, բայց կհստակեցնեի` ինչը եթեր հեռարձակել, ինչը` ոչ, ինչը պրոպագանդել, ինչը` ոչ: Ու դա կանդրադառնար նաեւ ինձ վրա. իմ որոշ երգեր էլ կարգելվեր եթերում հնչեցնել (ծիծաղում է):

-Կարիերայում հանդիպած ամենամեծ խոչընդոտը:

-Ինձ համար հատկապես դժվար է մասնակցել ցանկացած մրցույթի: Ես մրցութային երգիչ չեմ, ուստի դժվար է եղել նախ պատանեկան տարիքում մասնակցել «Դո-ռե-մի» մրցույթին, ապա ավելի հասուն տարիքում` «Ընծա»-ին: Դա ես արել եմ ինքս ինձ ստիպելով ու, այսպես ասած, կաշվից դուրս գալով: Հետո հասկացա, որ ատում եմ մրցույթները:

-Ձեր կատարած խենթ մի քայլ, որը մինչ օրս հիշում եք…

-Կա, բայց չեմ ասի, շատ անձնական է (ծիծաղում է):

-Ինքներդ Ձեզ ո՞ր դեպքում եք սաստում:

-Երբ անհիմն նեղացնում եմ մարդկանց: Երբեմն պահի տակ շատ եմ բորբոքվում, էմոցիաներին տրվում եւ գուցե անգիտակցաբար վիրավորում եմ ինչ-որ մեկին: Դրանից ես ինձ շատ վատ եմ զգում: Իսկ եթե հիմք կա, դա ուրիշ բան…

13988682_1112898698791195_1562096036_n

-Ի՞նչ եք անում, երբ դիմացինը փորձում է Ձեզ շահագործել:

-Ես թույլ չեմ տալիս դա ու շատ կտրուկ, ուղիղ ձեւով ասում եմ, որ նրա այդ մտադրությունը հասկացել եմ, հետո արդեն հրաժեշտ եմ տալիս նրան:

-Ձեզ չեք տիրապետում, երբ…

-Շատ դժվար է ինձ հունից հանել, դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ տեսնեմ, որ իմ սիրելի մարդկանց վիրավորում են: Ի դեպ, եթե ինձ են նեղացնում, կարող եմ շատ երկար համբերել ու հանդուրժել, բայց սիրելիների պարագայում` ոչ:

-Հիասթափություն, որից հետեւություններ եք արել:

-Ես ունեցել եմ ընկերներ, որոնք որոշ իրավիճակներում դավաճանել են, ընկերավարի չեն պահել իրենց, ու ես համապատասխան հետեւություններ եմ արել: Նման դեպքերում ես այդ մարդկանց պարզապես հեռացնում եմ իմ կյանքից, «ախտահանում» եմ կատարում:

-Մարդը պետք է անի ամեն ինչ, որպեսզի չհայտնվի…

– Ամոթալի, խայտառակ իրավիճակներում:

-Կինը սեքսուալ է, երբ…

-Երբ խելացի է, խնամված, իսկ ամենակարեւորը` երբ սիրում է:

-Անձնական կյանքում ի՞նչ չեք հանդուրժի:

-Շատ դժվար է պատասխանել այդ հարցին, չես իմանա` տվյալ պահին ինչը կհանդուրժես եւ ինչը` ոչ:

-Շատ կափսոսեք, եթե չհասցնեք…

-Գոնե մի երեխա էլ ունենալ:

14010055_1112898692124529_1307908644_n

-Ձեր երազած ընտանիքը կարողացա՞ք ստեղծել:
-Այո՛, դեռ լիարժեք չի ընտանիքս, այնտեղ պակաս մարդ կա, ինչպես նշեցի (ծիծաղում է), բայց այո, ես հիմա այդ առումով գոհ եմ, ինձ բավարարված եմ զգում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս