Դեռևս 2013 թվականի սեպտեմբերին «Սեւան» ՔԿՀ դատապարտյալ Գարիկ Մելքոնյանը «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով ամուսնանալու պատրվակով ծանոթացել է մի կնոջ հետ: Նրանք շփվել են ինչպես նույն կայքի, այնպես էլ հեռախոսակապի, «Սկայպ» ծրագրի միջոցով: Այս ընթացքում դատապարտյալը ձեռք է բերել այդ կնոջ վստահությունը, ապա որպես սիրո ապացույց` պահանջել եւ ստացել է նրա մերկ լուսանկարները:
2013 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Գարիկ Մելքոնյանը կնոջից գումար է խնդրել` ՔԿՀ-ում ունեցած պարտքերը մարելու նպատակով, սակայն վերջինս գումար չունենալու պատճառով հրաժարվել է կատարել խնդրանքը, ինչից Գարիկը վրդովվել է եւ 2013 թվականի նոյեմբերի 16-ին, 17-ին կարճ հաղորդագրություններ է ուղարկել նրա հեռախոսին` սպառնալով հրապարակել արատավորող տեղեկություններ. մերկ մերկ լուսանկարներն ուղարկել քրոջ ամուսնուն, այլ մարդկանց:
Դրանից հետո, կինը դադարեցրել է շփումը Գարիկ Մելքոնյանի հետ` այդ կերպ ցանկանալով զերծ մնալ վերջինիս սպառնալիքների իրագործումից, սակայն Գարիկ Մելքոնյանը 2013 թվականի դեկտեմբերի 11-ին նույնաբովանդակ սպառնալիքներ պարունակող հաղորդագրություն է ուղարկել նրա քրոջ հեռախոսին` հրապարակելով նաեւ մերկ լուսանկարները:
Այնուհետեւ, Գարիկ Մելքոնյանը, շարունակելով արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքները, 2014 թվականի փետրվարի 8-ին «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում մերկ լուսանկարներով անհատական էջ բացելով, ընկերության առաջարկ է ուղարկել կնոջ որդուն` նպատակ ունենալով նրա վերաբերյալ արատավորող տեղեկությունները հասանելի դարձնել նաեւ տղային:
2014 թվականի փետրվարի 9-ին կինը Գարիկ Մելքոնյանի կողմից իր մերկ լուսանկարները համացանցում տեղադրելու, դրանք իր ծանոթներին ուղարկելու սպառնալիքներ տալու, արատավորող տեղեկություններ տարածելու եւ դրա սպառնալիքի արդյունքում, գտնվելով հոգեկան խիստ լարված վիճակում, մտավախություն ունենալով, որ Գարիկ Մելքոնյանը մինչեւ վերջ կարող է իրականացնել սպառնալիքները, ստեղծված իրավիճակից այլ ելք չտեսնելով, կյանքին վերջ տալու նպատակով խմել է 40 հաբ դեղահաբ այդ կերպ կատարելով ինքնասպանության փորձ, որից հետո հարազատների օգնությամբ սուր էկզոգեն դեղորայքային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն:
Դատարանն ուսումանսիրելով փաստերը վճռեց Գարիկ Մելքոնյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման: