Վիտալի Բալասանյանի խոսքերի աննկատ մնացած կարևոր մասը. ինչո՞ւ են հանրությունից թաքցնում զիջումների գնալու որոշումը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված վերջին հարցազրույցի, թերեւս, ամենակարեւոր մասը այդպես էլ աննկատ մնաց: Ինչպես հայտնի է՝ հուլիսի 16-ին Սերժ Սարգսյանը մեկնել էր Ստեփանակերտ: Չնայած բոլորի համար պարզ էր, որ նա գնացել է ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների հետ կապված Արցախի ղեկավարության դիրքորոշումը ճշտելու նպատակով, սակայն պաշտոնապես այդ հանգամանքն ամեն կերպ հերքվում էր:

Այնինչ՝ Վիտալի Բալասանյանն իր վերը նշված հարցազրույցի ամենասկզբում ասում է. «Նախագահի (Սերժ Սարգսյանի-խմբ.) այցի շրջանակը հետեւյալն էր՝ հանդիպում բոլոր քաղաքական ուժերի հետ, շարժման նախկին ակտիվիստների հետ, նախկին հրամանատարների հետ: Մեկ խնդիր կար դրված. նախագահը հարց էր բարձրացրել՝ ինչպիսին ենք մենք տեսնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդրի քաղաքական լուծումը եւ ուղիները: Մենք տեսակետներ ենք հայտնել: Որեւէ որոշում ընդհանրապես չի կայացվել հանրապետության նախագահի կողմից, ինչպիսին հնչեցվում է այսօր, իբր Սերժ Սարգսյանը այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, տարածքների հանձման խնդիր է դրված: Ես, որպես բավական ճանապարհ անցած մարդ, հավաստիացնում եմ բոլորին, որ այդպիսի խոսակցություն ընդհանրապես չի եղել»:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, հենց արցախցիների կարծիքը պարզելու նպատակով է գնացել Ստեփանակերտ, սակայն իր վերջնական որոշման մասին ոչինչ չի ասել: Ու այդպես էլ պարզ չէ. Արցախի հիմնահարցի լուծումը ինչ զիջումների գնով է լինելու: Բնական հարց է ծագում՝ այդ դեպքում ինչու այդ մասին ի սկզբանե հրապարակային չեն հայտարարում, ինչու են ամեն կերպ հանրությունից իրականությունը թաքցնում: Հիշեցնենք, որ այդ այցի նպատակների մասին նախագահականի տարածած հաղորդագրությունում միայն հետեւյալ նախադասությունն էր նշված «Քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը եւ դրա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս