13 նոյեմբերի 2013, Երևան: Այսօր Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը խմբակցության անունից նամակ է հղել Քաղաքաշինություն և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թոքմաջյանին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև. “Օրերս Ձեր անունից շրջանառության մեջ է դրվել Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման մի նախագիծ, որով փոփոխություն եք առաջարկում Երևանի ավագանու կանոնակարգում, այն է՝ “Ավագանու յուրաքանչյուր անդամ կարող է ուղղել մինչև երեք հարցե կետում երեք հարցի փոխարեն ուղղել մեկ հարց: Այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորել եք ավագանու աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ ինչպես գրված է նախագծի հիմնավորման մեջ:
Պետք չէ շատ խորանալ այս խնդրի էության մեջ, սոսկ նշենք, որ Երևանի ավագանու միայն յուրաքանչյուր երկրորդ նիստում ավագանու անդամներն իրավունք ունեն երեքական հարց ուղղել Երևանի քաղաքապետին կամ քաղաքապետարանի որևէ պաշտոնյայի, իսկ Երևանում առկա խնդիրներն անթիվ են ու այդ հարցերը հիմնականում բխում են երևանցիների նամակներից, եւ նրանցից յուրաքանչյուրն անհամբեր սպասում է իր հարցին պատկան պաշտոնյայի տված պատասխանին: Ստացվում է, որ տարվա ընթացում ամենաշատը 3-4 անգամ է ավագանու անդամին հնարավորություն ընձեռվում հնչեցնելու երևանցուն մտահոգող որևէ խնդիր: Զարմանալի է, որ ավագանու յուրաքանչյուր նիստին հարցեր ու պատասխանների հնարավորություն առաջարկելու փոխարեն առաջարկում եք հարցերի թիվը կրճատել 3 անգամ, այսինքն՝ 3 անգամ պակասեցվում է երևանցիներին մտահոգող հարցերը հնչեցնելու հնարավորությունն ու փաստորեն ստացվում է, որ մենք զլանում ենք 3 ամիսը մեկ անգամ մի ամբողջ օր տրամադրել մեր պարտականությունները կատարելուն: Ինչպես նկատեցիք, Երևանի ավագանու հոկտեմբերի 31-ի հարց ու պատասխանի նիստում միայն 18 հարց հնչեցվեց “Բարև Երևան”-ի անդամների կողմից, և դրանք երևանցիների կողմից շատ սպասված հարցեր էին:
Չգիտեմ, “Հանրապետական կուսակցություն” խմբակցության պատգամավորներն այս առաջարկով ինչպես են ավագանու աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, կամ միգուցե հանրապետականներն առանց հնչեցնելու են լուծում երևանցիների խնդիրները, բայց մենք պարտավոր ենք դրանք հնչեցնել, որովհետև երևանցին մեզ ընտրել է և ուզում է համոզվել իր ընտրության մեջ: Երևանի ավագանու գործունեության արդյունավետությունը այս փոփոխությունից վստահաբար չի բարձրանալու: Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցության անդամներս լրջորեն մտահոգված ենք շրջանառության մեջ դրված այս նախագծի համար: Հարգելի՛ պարոն Թոքմաջյան, Երևանի ավագանու “Հանրապետական կուսակցություն” խմբակցության հարգելի՛ անդամներ, հորդորում ենք ետ կանչել այս նախագիծը, որովհետև նախագծի ձեր բերած հիմնավորումն այլ բան չի խոստանում, քան ավագանու գործունեության արդյունավետության անկում և երևանցիների նկատմամբ անհարգալից վերաբերմունք:
Շնորհակալություն համագործակցության համար”:
Երեւան քաղաքի ավագանի “Բարեւ Երեւան” խմբակցություն