«Հաղորդում հանցագործության մասին»․ Նիկոլ Փաշինյանը Գեորգի Կուտոյանի հարցով դիմել է ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմել է Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, որովհետեւ կարծում է  որ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի արարքում հանցակազմ կա:

«Հաղորդում հանցագործության մասին

Պարոն Շահինյան.

Ս/թ հուլիսի 28-ին այցելել եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության շենքին հարակից ընդունարան, ներկայացրել եմ ԱԺ պատգամավորի վկայականս եւ ընդունարանի աշխատակցին տեղեկացրել, որ պատրաստվում եմ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված կարգով մուտք գործել ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայր:

Ընդունարանի աշխատակիցը ինձ խնդրել է սպասել, որոշ ժամանակ անց ասել է, որ իրեն հրահանգված է ինձ ներս չթողնել: Համբերատար բացատրել եմ վերը հիշատակված օրենքի դրույթները, որից հետո ընդունարանի աշխատակիցը ինձ նորից խնդրել է սպասել:

Բավական ժամանակ սպասելուց հետո նորից մոտեցել եմ ընդունարանի աշխատակցին՝ պարզելու համար, թե ինչու՞մն է խնդիրը: Վերջինս տեղեկացրել է, որ հարցը զեկուցվել է ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին եւ իրենք սպասում են վերջինիս հրահանգին: Որոշ ժամանակ անց ինձ ասվեց, որ ինձ առանց որեւէ բացատրության արգելվում է մուտք գործել ԱԱԾ ՁՊՎ:

Գտնում եմ, որ նման արգելք հարուցելը հանցագործություն է: ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը թույլ է տվել հանցագործություն, որը համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներին, այն է՝ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին:

Ելնելով վերը նշվածից՝ միջնորդում եմ ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված միջոցներ եւ քրեական պատասխանատվության ենթարկել ԱԺ պատգամավորի օրինական իրավունքների իրացմանը խոչընդոտած անձանց», – նշված է հայտարարության մեջ:

13900327_1662972797356442_3243127436497981847_n




Լրահոս