ԿԿՈՒՆ ԿԱՆՉԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես եւ սպասվում էր, Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո ԼՂ խնդրի կարգավորման հարցը կրկին հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Ակտիվացել են հակամարտությունը կարգավորելու` գերտերությունների ջանքերը:
Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իլհամ Ալիեւին Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցին: «Մենք պատրաստ ենք մնում համագործակցել ձեզ հետ` օգտագործելու համար պատմական շանսը` հասնելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների ճանապարհով, եւ մենք ողջունում ենք այս ամսվա վերջին հանդիպելու Ձեր եւ նախագահ Սարգսյանի կայացրած որոշումը: Մենք հավատարիմ ենք մնում շարունակելու հարավային էներգետիկ միջանցքի զարգացման ջանքերը, զարգացնելու բարեփոխումները տնտեսության դիվերսիֆիկացման, տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման համար»,-գրել է Օբաման: Հիշեցնենք, որ ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը Օբաման շեշտել էր նաեւ այս տարվա մարտին Սերժ Սարգսյանին հղած ուղերձում. «Մենք կշարունակենք մեծապես աջակցել ԼՂ խաղաղ գործընթացի առաջընթացին, որը պահանջում է բովանդակալից քայլ ձեռնարկել դեպի կարգավորում, ինչը կապահովի հարատեւ խաղաղություն եւ անվտանգություն»:
Այսպիսով՝ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին ուղղված ուղերձները գնալով նոր հնչերանգներ են ստանում: Եթե մարտին Ս. Սարգսյանին ուղարկած ուղերձում Օբաման շեշտել է, որ իրենք կշարունակեն աջակցել ԼՂ խաղաղ գործընթացի առաջընթացին, ապա այսօր արդեն ԱՄՆ-ը խոսում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու պատմական պահը բաց չթողնելու մասին ու ակնարկում, որ այդ պահը հենց Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպումն է: Միաժամանակ, ԱՄՆ-ը շատ հստակ հասկացնում է, թե իր համար ինչու է այդքան կարեւոր Արցախի խնդրի կարգավորումը. Օբաման շեշտել է Հարավային Կովկասի հարավային էներգետիկ միջանցքի զարգացման իրենց ցանկությունը: Ասել է թե՝ այսօր գերտերություններին հուզում է մեկ հարց` սեփական շահերը, եւ այդ շահերի խոչընդոտների լուծումը:
Ուշագրավ են Օբամայի ուղերձների այլ շեշտադրումներ եւս: Օրինակ՝ Ալիեւին ուղարկած ուղերձում նա նշում է. «Մենք ողջունում ենք այդ շրջանում Ադրբեջանի տնտեսական եւ սոցիալական տպավորիչ առաջընթացը: ԱՄՆ-ը եւ Ադրբեջանը շատ հարցերում սերտորեն համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ձեւաչափերով, վերջին շրջանում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»: Իսկ ահա Հայաստանի դեպքում ԱՄՆ նախագահը ոչ թե ողջունում է տպավորիչ առաջընթացը, այլ մի բան էլ ինքն է խոստանում նպաստել, որ առաջընթաց լինի. «Մենք մեծապես հանձնառու ենք նպաստելու Հայաստանի զարգացմանը եւ ակնկալում ենք, որ Դուք Ձեր առաջնորդությամբ առաջ կտանեք ժողովրդավարության ամրապնդման եւ տնտեսական բարեփոխումների շարունակական գործընթացը»: Փաստորեն, ԱՄՆ-ի համար Ադրբեջանը տնտեսապես զարգացած երկիր է, իսկ Հայաստանը դեռ պետք է հասնի այդ մակարդակին:




Լրահոս