«Մեզ մտահոգում է, թե ինչ տարածքի վրա է նախատեսվում մեր ինքնորոշումը». ինչ սպասելիքներ ունեին արցախցիները Սարգսյան-Պուտին հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Մոսկվայում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպումից առաջ ԼՂՀ-ում այնքան էլ մեծ սպասելիքներ չեն եղել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը։

-Տիկի՛ն Մխիթարյան, Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեիք Սարգսյան-Պուտին հանդիպումից, և արդյոք դրանք իրականացա՞ն։

-Սպասելիքներ չունեինք, սպասում էինք այնպես, ինչպես եղավ, որովհետև միշտ էլ այդպիսի հանդիպումները նմանատիպ են լինում։ Տարբերությունն այն էր, որ մի փոքր ավելի լոյալ էր վերաբերմունքը. անընդհատ շեշտվում էր, որ պետք է խաղաղ լուծում ստանա հիմնախնդիրը։ Հիմա, կարծես թե, առանձնահատուկ շեշտադրվում էր արվում դրա վրա։ Հուսանք, որ Սանկտ-Պետերբուրգում ընդունված երեք սկզբունքները կիրականան։

Հույս ենք կապում, որ գուցե հիմա ռադիկալ փոփոխություններ կլիեն։ Չնայած չի բացառվում, որ մեր հակառակորդն այնպես, ինչպես միշտ` բանակցություններից հետո ակտիվացնի իր ռազմատենչությունը։ Հուսով ենք, որ այս անգամ փոփոխված կլինի, քանի որ գերտերությունների այս հիմնախնդիրները, կարծես, խաչաձևում են, իսկ Ռուսաստանն էլ լուրջ դերակատարություն է ստանձնել։

-Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը նշեց, որ պատրաստ է շարունակել կատարել պայմանավորվածությունները։ Ըստ Ձեզ` ի՞նչ պայմանավորվածությունների  մասին է խոսքը։ Արդյոք խոսքը տարածքների վերադարձի՞ մասին է։

– Պայմանավորվածություններն իմ կարծիքով հենց Սանկտ-Պետերբուրգում ընդունված որոշումներն են, որ պետք է որոշակի տեխնիկական միջոցներ տեղադրվեն, որպեսզի վերահսկվի առաջնագիծը, թե ովքեր են առաջինը խախտում ևրբ ինչ խախտումներ են լինում։ Եվ հետո, երևի, Մինսկի խմբի համանախագահների լիազորությունների ընդլայնում։ Չեմ կարծում, թե այլ պայմանավորվածություն կա։

Բայց այն, որ անընդհատ շեշտվում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումն առաջին պլանում է, դա, իհարկե, ուրախալի է, բայց չի շեշտվում, թե ինչ տարածքի վրա ենք մենք ինքնորոշվում։ Այն բուֆերային տարածքը, որը մեր անվտանգությունն է ապահովում, դրա մասին խոսք չի եղել։ Անընդհատ խոհանոցային զրույց է, որ տարածքների վերադարձի մասին է, բայց ինձ` որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի մտահոգում է, թե ինչ տարածքի վրա է նախատեսվում մեր ինքնորոշումը։ Այս հանգամանքն ինձ համար դեռևս անհասկանալի է։

-Դատելով ընթացող գործընթացներից` Ռուսաստանը կարո՞ղ է ճնշումների միջոցով հասնել տարածքների վերադարձին։

-Միանշանակ դժվար է պատասխանել, որովհետև, իրոք, գերտերությունների շահեր գոյություն ունեն, և ակնհայտ է ու անզեն աչքով տեսանելի, որ Ռուսաստանն այսօր ավելի շատ իր քաղաքական շահերն է հետապնդում և հընթացս նաև փորձում է մեզ բաց չթողնել իր ձեռքից։ Ես այսպես եմ ընկալում։

-Ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումն ու Թուրքիայի՝ Ղարաբաղի շուրջ գործընթացներում մասնակցություն ունենալու ցանկություններն ի՞նչ վտանգ կարող են ներկայացնել։

-Անկասկած Թուրքիան այն պետությունն է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի Ադրբեջանի նկատմամբ։ Չեմ կարծում, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում նա ավելի շատ մեր օգիտն է դերակատարություն ունենալու, քան Ադրբեջանի։ Տրամաբանորեն ենթադրվում է, որ ավելի շատ այդ դերակատարությունն Ադրբեջանի օգտին է լինելու։

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս