ՉԻ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ
Գրեթե մեկ շաբաթ է, ինչ Երեւանի խանութներում եւ սուպերմարկետներում «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կողմից արտադրված յոգուրտներ վաճառքում չկան: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ընկերություն՝ հետաքրքրվելու, թե ինչն է դրա պատճառը: Ընկերության աշխատակիցը, որը չցանկացավ ներկայանալ, հաստատեց այս տեղեկությունը. «Մենք խնդիրներ ունենք, ինչի համար էլ յոգուրտներ չեն արտադրվում եւ չեն առաքվում: Ընկերությունում տեխնիկական հարցեր են առաջացել: Երբ այդ պրոբլեմները վերացվեն, յոգուրտ կլինի: Բայց այս պահին հստակ չենք կարող ասել, թե երբ»:
ԱՂԲԻ ՄԵՔԵՆԱՅՈՎ
ՀՀ Արարատի մարզի Ազատավան համայնքի մի շարք բնակիչներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ խաղողի մթերման ժամանակ գյուղացիները խաղողը մթերող գործարան հասցնելու փոխադրամիջոց չունենալու պատճառով ստիպված են եղել այն տանել համայնքի աղբի մեքենայով, ինչը, մեղմ ասած, հակահիգիենիկ է: Իհարկե, գյուղացիների պատմածը խիստ զայրացրեց համայնքապետ Սարգիս Խաչատրյանին, ով ասաց, թե նման բան չի եղել, սակայն գյուղացիները շարունակեցին հակառակը պնդել՝ հավելելով, թե չի բացառվում՝ այս խաղողից պատրաստված գինին ըմբոշխնեն նաեւ մեր բարձրաստիճան պաշտոնյաները: