Շուրջ 7 տարվա ընդմիջումից հետո կարծես թե վերջապես գալու է այն «օրհնված սհաթը», երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարկ կհամարի ժամանել Հայաստան: Կարծես թե` որովհետեւ առայժմ Պուտինի այցելության մասին որեւէ պաշտոնական հայտարարություն չի արվել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Հայաստանի նախագահների աշխատակազմերի կողմից: Ըստ ամենայնի, այդ հայտարարությունը կարվի նոյեմբերի 28-ին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովից հետո կամ էլ ճիշտ նախօրեին:
Իսկ առայժմ դեկտեմբերի 2-ին Պուտինի` Հայաստան կատարելիք այցի մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` նշելով, որ այցի շրջանակներում նախատեսված է նաեւ հայ-ռուսական գործարար համաժողով: Թե ինչու են Պուտինի այցելությունը պարուրում խորհրդավորության նման շղարշով` մինչեւ վերջին վայրկյանը կասկածի տեղ թողնելով` արդյոք այս անգամ եւս այն չեղյալ չի արվի, դժվար չէ գուշակել: Հիշեցնենք, որ նման բան տեղի ունեցավ 2012թ. օգոստոսին, երբ ի հեճուկս ոչ անհայտ Կոնստանտին Զատուլինի հայտարարությունների, Պուտինը ոչ թե ինքը ժամանեց Հայաստան, այլ իր մոտ կանչեց կարճատեւ արձակուրդի մեջ գտնվող Սերժ Սարգսյանին: ՌԴ նախագահը հարկ չհամարեց այցելել ռազմավարական դաշնակցին նաեւ 2012թ. հոկտեմբերի վերջին, երբ ի վերջո կայացավ հատուկ Պուտինի համար ձգձգվող ՀԱՊԿ համատեղ զորավարժությունը: Դրանից հետո Պուտինի այցելության մասին մեկ էլ խոսվեց նախագահական ընտրությունների նախաշեմին, սակայն արդեն լուրջ թերահավատությամբ:
Դեռեւս 2012-ի օգոստոսի 8-ին, երբ Սերժ Սարգսյանը Պուտինի կանչով ընդհատել էր իր արձակուրդը, մենք գրեցինք, որ նրա մոսկովյան այցի ընթացքում բավականին չոր կերպով դրվել է Մաքսային միությանն անդամակցելու հարցը, ինչին, սակայն, Ս. Սարգսյանը տվել էր խուսափողական պատասխան: Ակնհայտ է, որ Պուտինի այցերի անվերջ հետաձգումը հենց այս պատճառով էր: Սակայն հիմա, երբ կարծես թե այդ խնդիրն արդեն լուծված է, թերեւս ոչինչ էլ չի խանգարում այդքան ձգձգված այդ այցի կայացմանը: Այդուհանդերձ, ՌԴ նախագահի վարչակազմը դեռ չի շտապում հայտարարել Պուտինի այցի մասին: Ինչո՞ւ: Արդյոք այն պատճառով, որ Պուտինն անգամ հիմա մինչեւ վերջ չի վստահում Սերժ Սարգսյանին եւ քաջատեղյակ լինելով վերջինիս` տարբեր ուղղություններով տարբեր խոստումներ շռայլելու գործելաոճին՝ սպասում է մինչեւ վիլնյուսյան գագաթնաժողովը, որպեսզի վերջնականապես համոզվի, որ Ս. Սարգսյանը հերթական անգամ չի փորձի «խաղեր տալ» եվրոպացիների հետ: Թեեւ Եվրասիական տնտեսական համաժողովում ընդունված հուշագիրը, նաեւ հոկտեմբերի 25-ին Մինսկում ստորագրված փաստաթղթերը կարծես թե նման խաղերի տեղ այլեւս չեն թողնում:
Սակայն, ինչպես հայտնի է, քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ իրադարձությունների հետագա ընթացքի վրա կարող են ազդել ամենատարբեր` չկանխատեսված դեպքեր, ինչպես, օրինակ, իր հակառուսական հայացքներով հայտնի նախկին քաղբանտարկյալի կողմից սկսված «հեղափոխությունը», որը ցանկության դեպքում կարող է վերաճել զանգվածային ընդվզման` բնականաբար, հակառուսական երանգներով:
Ի դեպ, այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպես ստացվեց, որ ի սկզբանե Պուտինի գալստյանը սպասող եւ իր հեղափոխության բուն գործողությունները հենց այդ ընթացքում նախատեսած Շանթ Հարությունյանը որոշեց գործել շատ ավելի վաղ, երբ մինչ այդ ինքն էր հայտարարում, թե չի ցանկանում ժամանակից շուտ գործել` չվիժեցնելու համար «նաչալնիկին խփելու» (Պուտինին) իր ծրագիրը: Չի բացառվում, որ Շանթին կալանավորելու պահանջը եղել է հենց «նաչալնիկի» վարչակազմից, ինչն էլ Շանթի բնորոշմամբ` «պեշկեքը» շտապեցին իրականացնել: Թեեւ ոմանք նաեւ տեսակետ են հայտնում, որ Շանթի շուտափույթ մեկուսացումը հենց վերջինիս անվտանգության համար էր, քանզի հայտնի չէ, թե ինչպես կարձագանքեր Պուտինի անվտանգության ծառայությունը, եթե օդակայանում նրան դիմավորելիս գործի դրվեին «կալիբրոնզներն» ու բենզինի շշերը:
Այս ամենից հետո, ի դեպ, բավականին չարագույժ է հնչում Մոսկվայի «Միաբանություն» ակումբի ոչ անհայտ նախագահ Սմբատ Կարախանյանի` նոյեմբերի 5-ին տեղի ունեցածից ընդամենը մեկ օր առաջ արած հայտարարությունը. «Պուտինը գալու է Հայաստանը արյունահեղությունից փրկելու»: Ինչպես տեսանք, արյունահեղությունը հետաձգվեց: Առայժմ:
ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑՆ ՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ