ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆ
Փակ շուկայի վերակառուցման շարժման կողմնակիցների համակարգող Սուրեն Սուրենյանցը երեկ հայտարարել է, որ իրենք ժամանակավորապես դադարեցնում են իրենց ակցիաները. «Հաշվի առնելով, որ Փակ շուկայի վերակառուցմանն ընդդիմացող փոքրաթիվ խմբակը՝ ասելիքի եւ անելիքի առումով, սպառել է իրեն՝ վերջին օրերին չկարողանալով կազմակերպել գեթ մեկ ակցիա: Մեր շարժման կորիզը կազմում են կայացած, իրենց գործն ունեցող երիտասարդները, որոնց էներգիան եւ ժամանակը չարժե պարպել՝ մի քանի պարապ եւ դատարկախոս մարդկանց ընդդիմանալու համար»։

ԺՈՂՈՎՐԴԻ ՀՈԳՈՒ ՃԻՉՆ ԷՐ
Նախախորհրդարանը երեկ հայտարարություն է արել` կապված նոյեմբերի 5-ին Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի հետ. «Նոյեմբերի 5-ի պոռթկումը, որը դրսեւորվեց հայրենասեր ու արժանապատիվ հայորդի Շանթ Հարությունյանի ձեռնարկած ցուցադրական ընդվզմամբ, ազատություն տենչացող մեր ժողովրդի հոգու ճիչն էր: Եվ այդ ճիչը ոչ միայն չմնաց առանց արձագանքի, այլեւ արագացնում է փոփոխությունների գործընթացը եւ հստակեցնում դրանց հասնելու ռազմավարական ու մարտավարական մոտեցումները»:

ՀՈՒՍՈՎ Է
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է, որ  կարեւոր քայլ է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերումը. «Ներկայումս մենք աշխատում ենք, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի ունենա: Հուսով եմ, որ այն կկայանա մինչեւ տարեվերջ»:

ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
«Դա ճարահատված մարդկանց քայլ էր, եւ այդ քայլերը շատանալու են, որովհետեւ այսօր հուսալքվածները շատ են: Ես սա ամեն դեպքում ողջունում եմ ու չեմ համարում, որ դա շինծու էր։ Շանթ Հարությունյանին բոլորը գիտեն, ինքն իր ձեւաչափի մեջ է եւ արդար մղումներով է առաջնորդվում»,-Tert.am-ին ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` նաեւ նշելով, որ պատրաստվում է քաղաքականություն վերադառնալ:

ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի դիմաց երեկ մի խումբ քաղաքացիներ՝ «Սա դեռ Շանթն է, կայծակը մենք ենք լինելու»  պաստառներով բողոքի ակցիա են արել` պահանջելով ազատ արձակել նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով կալանավորվածներին: Ակցիային մասնակցել է նաեւ Շանթ Հարությունյանի որդին՝ 14-ամյա Շահեն Հարությունյանը:

ՀԻՄՔԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ԵՆ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը երեկ հայտարարել է, թե նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածի առնչությամբ պետք է քրեական գործ հարուցվի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի դեմ. «Հիմքերը բավարար են քրեական գործ հարուցելու ոստիկանապետի, նրա տեղակալի եւ մյուս աշխատակիցների նկատմամբ, որոնք բռնություն, ծեծ են կիրառել Շանթ Հարությունյանի, քաղաքացիների նկատմամբ»:

ՆՈՐ ԱՐԱԳԱՉԱՓ
2013թ. նոյեմբերի 18-ից նոր արագաչափեր են գործարկվելու Երեւանի Հովհաննես Շիրազի փողոցում` երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԴԵՀՈՂԸ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ երեկ սկսվել եւ ավարտվել է դատախազության դուռը հրդեհած Խաչատուր Ղալեչյանի գործի դատավարությունը: Նա այս տարվա հուլիսի 4-ին դյուրավառ հեղուկով լի բանկայով հարվածել էր ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի երկրորդ մուտքի դռանը եւ այրել դրա մի հատվածը՝ գլխավոր դատախազությանը պատճառելով 37 հազար 550 դրամի նյութական վնաս: 51-ամյա Ղալեչյանն այդ եղանակով ցանկացել էր ուշադրություն հրավիրել տարիներ առաջ իրենից ապօրինի կերպով խլված տարածքի գործի վրա:




Լրահոս