ԾՆՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 2-ին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում ծեծի ենթարկված հիվանդներ Ռազմիկի եւ Արշակի, ինչպես նաեւ հիվանդանոցի ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանի եւ  հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանի միջեւ տեղի է ունեցել առերեսում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արշակի մայրը` Լուսինե Բարսեղյանը:
«Առերեսման ժամանակ երեխաներն ասել են, որ հոգեբանն ու ատամնատեխնիկը սուտ են ասում, թե իրենք հարբած են եղել: Ավելին, ասել են նաեւ, որ մտել ու անհիմն կերպով հարձակվել են իրենց վրա»,-ներկայացրեց Արշակի մայրը:
Իսկ Ռազմիկ Մանուկյանի մայր Աննա Կարապետյանն էլ տեղեկացրեց, որ իրեն թույլ են տվել՝ տեսակցի որդուն: «Դեմքի վրա կապտուկի հետքեր կային, բայց տղաս հերքեց, որ ինքը հարբած վիճակում է եղել: Ես մինչեւ վերջ պայքարելու եմ եւ թույլ չեմ տալու, որ երեխայիս դատեն: Ո՞նց կարելի է Լեռնային Ղարաբաղի հոգեբուժարանում պառկած ու Կանազի հոսպիտալ տեղափոխված երեխայի դեմ քրեական գործ հարուցել: Նրանք պետք է հաշվի առնեն,  որ իմ երեխան խնդիրներ ունի, ու չդատապարտեն նրան: Ավելին, մեր երեխաներն ասում են, որ իրենց ծեծի ենթարկողներն են հարբած եղել»,-նշեց տիկին Աննան:
Ի դեպ, հոսպիտալում ծեծ ենթարկված Ռազմիկի, Արշակի եւ Դավիթի ծնողները երեկ հայտարարեցին, որ երկուշաբթի օրը պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել՝ ընդդեմ իրավական այն գործընթացի, որ սկսվել է զինվորների փախուստի փաստով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս