
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) տարածել է նոր հաղորդագրություն, որում կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության` ժողովրդավար ճանապարհով ինքնորոշման համամարդկային գաղափարների ու մարդու հիմնարար իրավունքների վրա հիմնված կայուն լուծմանը:
«ԱՄՆ-ն ու միջազգային միջնորդները պետք է մերժեն խորապես սխալ ու անխոհեմ Մադրիդյան սկզբունքները, որոնք իրենցից ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից ռազմավարական ու անդարձ զիջումներ պահանջող և փոխարենն Ադրբեջանի կողմից անորոշ ու հակասական կարգավիճակի տրամադրում խոստացող միակողմանի առաջարկներ»,-նշվում է հայտարարությունում:
ANCA-ն ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Մադրիդյան սկզբունքներով շարժվելու դեպքում օգուտ կունենա միայն Ադրբեջանը` ագրեսոր պետությունը:
Հանձնախումբը կոչ է արել բոլոր գաղափարակիցներին էլեկտրոնային փոստով նամակ ուղարկել Օբամային և փոխնախագահ Ջո Բայդենին` կոչ անելով հրաժարվել այդ սկզբունքներից: