ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԽԱԲԵԼ Է ՈՒ ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական տվյալներով՝ 35 տոկոս աղքատություն ունցող մեր երկրում սնկի նման աճում են տարբեր գրավատներն ու վարկային կազմակերպությունները, որոնց հետ հարաբերություններում հաճախ տուժում են քաղաքացիները` մի մասն օրենքների եւ սահմանված կարգի չիմացության, մի մասն էլ սեփական անբարեխղճության արդյունքում:
«Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացի Սուսաննա Այվազյանը մեկն է այն վարկառուներից, որոնք հայտնվել են նման իրավիճակում: Նա դեռեւս 2009թ. «Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից հիփոթեքով բնակարան է ձեռք բերել. «Ես «Գինդ» թերթի տան վաճառքի հայտարարությունների բաժնում տեղեկացա, որ Տիգրան Մեծի պողոտայի նրբ. 11/7 տունը վաճառվում է: Գնացի, տեսա ու շատ հավանեցի: Հետո պարզեցի, որ բնակարանի սեփականատերը տունը գրավադրել է «Նորվիկ»-ում, սակայն չկարողանալով վճարել գումարը՝ դատարանի միջոցով վտարվել է բնակարանից»:
Ս. Այվազյանը բնակարանի սեփականատիրոջ պարտք մնացած 1 մլն 250 հազար դրամ գումարը վճարելուց հետո ձեռք է բերում իր հավանած բնակարանը. «Հետո` 2010թ.-ին, ինչ-ինչ պատճառներով ընտանիքիս անդամների հետ որոշեցինք վարկառուի միջոցով վաճառել բնակարանը: Համապատասխան հայտարարություն տվեցինք` նշելով նաեւ վաճառքի պայմանները: Գնորդներից միայն Խորեն Սարգսյան անունով մեկը համաձայնեց առաջարկվող պայմանների հետ: Իմ եւ Խորենի միջեւ իրականացավ տան հանձնման համապատասխան գործընթացը: Եվ Խորենն իր 9 հոգուց բաղկացած ընտանիքով տեղափոխվեց այդ բնակարան: Այս ամենից հետո ես Խորենից պահանջեցի վճարել 20 հազար դոլար, բայց նա հրաժարվեց, քանի որ գումար չուներ: Փոխարենը տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի «Արցախբանկ»-ում ունի գրավադրած մեքենաներ եւ բնակարան, ինչի  դիմաց ստանալու է մեծ չափի գումար: Նույնիսկ սեփականության վկայականը ցույց տվեց, եւ ես սկսեցի նրան վստահել: Բայց այդ ժամանակ նա ինձ տվեց 1500 դոլար կանխավճար»:
Այս խոսակցություններից եւ Խորենի՝ նոր տուն տեղափոխվելուց հետո տիկին Սուսաննան մի նոր, զարմանալի բան է բացահայտում: Պարզվում է, որ Խ. Սարգսյանն իր ընտանիքի հետ միասին, ամիսներ շարունակ ապրելով այդ բնակարանում, ոչ մի անգամ գումար չի վճարել: «Ու այսպես ձգվեց երեք տարի` 2010-ից մինչեւ 2013թ: Բայց այս ամենի մեջ զարմանալին այն էր, որ դրա համար «Նորվիկ» վարկային կազմակերպությունից այդպես էլ ոչ ոք չէր անհանգստացնում նրանց»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Նա նաեւ տեղեկացրեց, որ 2011թ. նոյեմբերին Խորեն Սարգսյանի եղբոր` Էդգարի եւ «Նորվիկ»-ի իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Միհրան Պողոսյանի միջեւ «Պարտավորության դիմաց գույքի հանձնման մասին» պայմանագիր է կնքվել, որով այն ժամանակ Էդգարը դարձել է բնակարանի սեփականատեր: Այսինքն՝ սրանով բնակարանի նախկին սեփականատեր Արտակ Արշակյանի պարտքը` 16 հազար 453 դոլարը եւ 1 մլն 250 հազար դրամը, պայմանագրով փոխանցվել է Էդգարի վրա: Բացի այս՝ Սարգսյան եղբայրները մոտ 18,500 դոլար պարտք են մնացել նաեւ Սուսաննա Այվազյանին: Վարկային կազմակերպությունը, տեսնելով, որ եղբայրները չեն կարողանում վճարել իրենց տոկոսները, 2013թ.-ին ընտանիքին վտարել  է:
Տիկին Սուսաննայի պատմելով՝ Խորենը տանից վտարվելուց հետո գնացել է ԼՂՀ` պարզելու, թե ինչ ճակատագիր ունեցավ «Արցախբանկ»-ում գրավադրած իր անշարժ գույքը. «Բայց արագ հետ վերադարձավ, ինչից շատ զարմացանք: Եկավ, մի երկտող թողեց, որ ինքը գնում է ինքնասպան լինելու, եւ անհետ կորավ»: Նա նաեւ նշեց, որ Խորենի անհետ կորելու առթիվ քրգործ է հարուցված, եւ նա գտնվում է հետախուզման մեջ:
Մեր զրուցակցի խոսքով՝ Խորենի եղբայր Էդգարը նույնպես Հայաստանում չէ: Սակայն այս  պատմության մեջ խաբված քաղաքացուն` տիկին Սուսաննային, ավելի շատ զայրացրել է այն, որ «Նորվիկ» ՈՒՎԿ-ի իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Միհրան Պողոսյանի «ձեռքով» անհետացել են իրեն վերաբերվող վարկային փաստաթղթերը. «Պողոսյանը կատարել է կեղծիք ու մինչեւ հիմա անպատիժ է: Նա պետք է պատասխան տա, թե որտեղ են իմ փաստաթղթերը եւ վճարման կտրոնները»:
Մենք դիմեցինք Միհրան Պողոսյանին, որը, սակայն, խիստ զայրացավ` լսելով Սուսաննա Այվազյանի անունը. «Ամեն ինչ իրականացվել է օրենքի շրջանակներում: Եթե նա որեւէ բողոք ունի, թող դիմի դատարան: Մենք այս հարցի համար մեր գնահատականը պատշաճ տվել ենք: Եթե որեւէ դժգոհություն կա այն անձի կողմից, որը վարկառու չէ եւ ոչ մի կերպ առնչություն չունի այդ վարկի հետ, ապա ոչինչ չեմ կարող ասել: Իրենք գնացել, իրար հետ ներքին գործարք են կատարել, ու մեջտեղում «Նորվիկ»-ն է տուժել: Թող գնան, միասին այդ հարցերը պարզեն: Մենք Խորեն Սարգսյանի փոխարեն պատասխան չենք տալու»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս