Ստեփանավանի շրջանի Բովաձոր համայնքն ունի 90 տնտեսություն եւ շուրջ 250 բնակիչ: Գյուղը Ստեփանավանից բաժանում է 5 կմ երկարությամբ ճանապարհը: Այստեղ մեծ խնդիր է դեպի Բովաձոր տրանսպորտի շարժը: Ստեփանավան-Պրիվոլնոյե մայրուղու սկզբնամասից մինչեւ գյուղամեջ շուրջ 2 կմ ճանապարհը գրեթե անանցանելի է: Ստեփանավան-Պրիվոլնոյե ավտոբուսը երբեմն մեկ կամ երկու ուղեւորի համար գյուղ չի մտնում, իսկ Ստեփանավանից Բովաձոր ճանապարհն անցնելու համար տաքսու վարորդները ճանապարհի պատճառով շարունակ ավելացնում են գները: Բովաձորի գյուղապետի տեղակալ Մելանյա Վարդանյանի խոսքով` ճանապարհի նորոգման համար համայնքը միջոցներ չունի: Այստեղ, ինչպես եւ խնդիրներ ունեցող շատ համայնքներում, հույսը կապում են պետական ծրագրերի հետ:
Գյուղի հաջորդ կարեւոր խնդիրը կապված է ջրամատակարարման հետ: Ճիշտ է, գյուղը ապահովված է ջրով, սակայն ներքին ցանցի մաշվածությամբ պայմանավորված` հաճախ են վթարներ լինում, եւ գյուղացիները ժամանակավոր զրկվում են ջուր ունենալու հնարավորությունից: Մատակարարվող ջրի որակն էլ բնակիչներին կասկածելի է թվում: Թեեւ հակահամաճարակային ծառայության մասնագետները ջրի որակը գնահատել են բավարար, սակայն գյուղացիները պնդում են, որ այն որակյալ չէ, տհաճ հոտ է զգացվում, տարբեր է նաեւ երանգը: Խնդիրներից խուսափելու համար նրանք ջուրը պարտադիր եռացնում են: Բնակիչներն ասում են, որ գյուղի ներքեւի մասով անցնող ջուրն է որակով, իսկ այդ ջրագծից ջուրը գյուղ մղելու համար պոմպեր են անհրաժեշտ, որոնց համար, սակայն, գյուղապետարանը միջոցներ չունի:
Լոռի