Օրեր առաջ Սերժ Սարգսյանն անսպասելիորեն որոշեց լուծարել «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը:
«Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը եւ 18-րդ հոդվածը. 1. Լուծարել «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը»,-նշված էր պաշտոնական հաղորդագրության մեջ:
Թե ինչու որոշվեց 2008 թվականից ձեւավորված կառույցն այժմ լուծարել, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանից:
-Պարո՛ն Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի կողմից «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի լուծարման որոշումը: Արդյո՞ք դրա անհրաժեշտությունը կար:
-Ցավոք սրտի, Հայաստանում կան շատ ու շատ խորհրդակցական մարմիններ, որոնք որեւէ ձեւով չեն նպաստում պետական կառավարման համակարգի բարեփոխումներին կամ բարելավմանը: Ազգային անվտանգության խորհուրդը նմանատիպ երեւույթի էր վերածվել, արհեստական ձեւավորում ուներ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, հիմա մեր մոտ այդ մշակույթը ձեւավորվեց, որը շատ բացասական է: Ինչ կլինի, ապագան ցույց կտա, բայց այսօրվա դրությամբ շատ ճիշտ որոշում էր, ցավոք սրտի, ուշացած:
-Եթե իսկապես ազգային անվտանգության ծառայությունը արհեստական կառույց էր, ինչո՞ւ այսքան տարիների ընթացքում որոշում չկայացվեց լուծարել այն:
-Դրա տակ երկու խնդիրներ են՝ մեկը սահմանադրական բարեփոխումներն են, մյուսը գիտակցումն է, որ որեւէ նման մարմին իր նպատակին չի ծառայում, անիմաստ է:
Արփինե Թովմասյան