Պուտինը ցույց տվեց, որ տարածաշրջանում գլխավոր դերակատարն ինքն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 10-ին Մոսկվայում կայացավ Սարգսյան-Պուտին հանդիպումը, որով, կարելի է ասել, եզրափակվեց տարածաշրջանային «ռուսական մարշը» ներկա փուլում: Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Բաքվում կայացել էին Պուտին-Ռուհանի-Ալիեւ եռակողմ, ապա հաջորդ օրը՝ Պուտին-Էրդողան երկկողմ հանդիպումները: Սերժ Սարգսյանին ընդունելով՝ Ռուսաստանի նախագահը, ամենայն հավանականությամբ, երկու նպատակ իրականացրեց. նախ՝ փորձեց ցույց տալ, թե հաշվի է առնում, որ այստեղ ունի ռազմավարական դաշնակից, որպեսզի վերջինին ավելի չվանի իրենից, մանավանդ, որ վերջին շրջանում Երեւանից ակնհայտ դժգոհություններ են հասնում Կրեմլ՝ ամենատարբեր ֆորմատներով ու մակարդակներով:

Երկրորդ՝ դրանով Պուտինը ցույց տվեց, որ տարածաշրջանում գլխավոր դերակատարն ինքն է, ու որ բոլոր երկրներն էլ գտնվում են իր հետաքրքրությունների տիրույթում, եւ բոլոր գործընթացներն ու դրանցում արտահայտվող շահերը անմիջականորեն առնչվում են իրեն, հետեւաբար՝ բոլորն էլ պետք է հաշվի նստեն դրա հետ: Իսկ ի՞նչ է շահում Հայաստանը:

Եթե հանդիպումը նախաձեռնվել էր հայկական կողմից (ռուսական կողմից էլ տեղեկություն էր ստացվել, որ նախաձեռնողը Մոսկվան է), ապա նշանակում է՝ Սերժ Սարգսյանը պուտինյան «ռեգիոնալ շախմատային պարտիայից» վտանգ է զգացել, որ Հայաստանը կրկին դուրս է մղվում տարածաշրջանային գործընթացներից ռուս-թուրք-ադրբեջանական գործակցության արդյունքում: Նրան գուցե մտահոգել է մեկուսացումը, որը հղի է անվտանգության սպառնալիքներով, մանավանդ, արցախա-ադրբեջանական հակամարտության սրացման եւ, առանց Արցախի կարգավիճակի, ազատագրված տարածքների վերադարձման շուրջ ռուս-ադրբեջանական հավանական պայմանավորվածությունների ֆոնին: Պատահական չէր, որ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում ՀՀ նախագահը հայտարարեց, որ Արցախի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն ինքնորոշման իրավունքի հիմքով՝ դրանով ցույց տալով, որ այդ հարցում ինքը, այնուամենայնիվ, որոշ մտահոգություններ ունի: Այս քայլով, փաստորեն, նա Կրեմլին հիշեցնում էր, որ Կովկասում դաշնակից ունի, ինչը ենթադրում է նաեւ պարտավորություններ, ու պետք է գոնե նաեւ նկատի ունենալ դաշնակցի շահերը: Նկատենք նաեւ, որ Սարգսյանն այնտեղ հատուկ երախտագիտություն հայտնեց ՌԴ նախագահին այն ջանքերի համար, որ նա ներդրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում:

Այս առումով Վլադիմիրովիչն էլ փորձեց մի փոքր ժեստ անել: Իրանի ու Ադրբեջանի նախագահների հետ օգոստոսի 8-ի հանդիպման ժամանակ ասել էր, որ այդ երկրները Ռուսաստանի համար «բարի հարեւաններ ու կարեւոր գործընկերներ են», ուստի Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նա ընտրեց այնպիսի «քաղաքական լեզու», որով պետք է ընդգծվել տար ՀՀ-ՌԴ հարաբերությունների կարեւորության աստիճանը: Նա նշեց, թե Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, որ իրենք հետեւողականորեն կառուցում են դաշնակցային հարաբերություններ ամենազգայուն ուղղություններով, այդ թվում եւ միջազգային ուղղությամբ:
Իհարկե, առաջին հայացքից թվում է, թե Պուտինն ավելի է կարեւորում Հայաստանի դերը, սակայն ակնհայտ էր, որ սա ավելի շատ արարողակարգային նշանակության հանդիպում էր, որով ՌԴ նախագահը փորձ արեց չնեղացնել Հայաստանին՝ ավելի գործնական ու բովանդակային գործընթացները, սակայն, կապելով տարածաշրջանային մյուս՝ ոչ ռազմավարական դաշնակից հանդիսացող պետությունների հետ:

Արման Սահակյան




Լրահոս