Նոյեմբերյանում որդին ոսրսորդական հրացանով սպանել է հորը, ի՞նչ է նա պատվիրել համագյուղացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 4-ի առավոտյան Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում 1991թ. ծնված Սարո Աբգարյանը որսորդական հրացանի կրակոցով սպանել է իր հորը՝ 1955թ. Արտաշես Սարիբեկի Աբգարյանին: Սարո Աբգարյանը կալանավորված է, գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Երբ Սարոյի համագյուղացի ընկերները նրան այցելել են ոստիկանության բաժնի մեկուսարան, նա համագյուղացիներին պատվիրել է, որ ոչ ոք չգնա հոր թաղմանը՝ ասելով, որ ինքը դատի ժամանակ հոր մասին այնպիսի բաներ է բացահայտելու, որ բոլորը սահմռկելու են:

Նշենք, որ Սարոյի քույրը մոտ 5 տարի առաջ Երեւանում շենքից ցած նետվելով՝ ինքնասպան է եղել; Սարոյի մյուս քույրը՝ 32 տարեկան, հոգեկան հիվանդ է, մի անգամ Կողբ գյուղում գտնվող իրենց տնից մերկ վիճակում դուրս է փախել: Արտաշես Աբգարյանը զբաղվել է վաշխառությամբ, նոտարի միջոցով ձեւակերպել իր կողմից տոկոսով փող տալու գործարքները: Սակայն իր մեծ ունեցվածքը իր անունով չի ձեւակերպել: Երբ վարկառուներից մեկը Արտաշեսին դատի է տվել, այդ փաստը պարզվել է: Արտաշես Աբգարյանը 3 ավտոմեքենա է ունեցել՝ «Մերսեդես», «ՈՒԱԶ» եւ «Նիվա» մակնիշների, «Մերսեդեսը» դատարանի վճռով վաճառվել է: Արտաշես Աբգարյանի եղբայրը, ով նախկինում Ֆրանսիայում, այժմ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում բնակվող հարուստ է, եղբոր ընտանիքի համար մեծ գումարներ է ուղարկել: Սակայն Արտաշեսը այդ փողերը տոկոսով է տվել, ընտանիքին կարիքի մեջ պահել: Կողբից տեղեկացանք, որ սպանության դեպքից առաջ Աբգարյան ընտանիքի զավակները 3 օր սոված են եղել:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից հայտնեցին, որ առաջիկայում նշանակվելիք դատահոգեբուժական փորձաքննությունը կպարզի՝ Սարո Աբգարյանը մեղսունա՞կ է:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս