«Վճռական եմ ցանկացած պայմաններում շարունակել պայքարը հանուն մեր բոլորի երազած Հայաստանի Հանրապետության». դատարանում Սեդրակի ինքնազգացողությունն ավելի է վատացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանի փոխանցմամբ` երեկ Սեդրակ Նազարյանին տեղափոխել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդության քննարկման դատական նիստին։

Ս.Նազարյանի ինքնազգացողությունը ավելի է վատացել, քանի որ նրան, ինքնաձիգներով զինված, ոստիկանների պահանջով դատական նիստերի դահլիճ են բերել քայլելով, ապա միայն ուղեկցող բժշկի վճռական պահանջից հետո դատարանի դահլիճ է բերվել պատգարակ, Ս.Նազարյանին է միացվել թթվածին: Դատական նիստի գրեթե ողջ ընթացքում վատ ինքնազգացողության պատճառով Ս.Նազարյանը եղել է քնած: Պաշտպանական կողմի միջնորդությունները դատական նիստը հետաձգելու, հիվանդանոցում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին դատարանի կողմից մերժվել են: Զուտ անձի ֆիզիկական ներկայությունը դատական նիստին ապահովելու համար նման առողջական վիճակում գտնվող անձի նկատմամբ նման վերաբերմունքն ակնհայտ անմարդկային է: Գիշերային ժամին անցկացնելով դատական նիստը, արդեն 13.08.2016թ. ժամը 3.30 սահմաններում դատարանը հրապարակեց որոշումը քննիչի միջնորդությունը բավարարելու և Սեդրակ Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը երկու ամիս ժամկետով կիրառելու մասին: Ս.Նազարյանին գրավով կալանքից ազատելը ճանաչվեց անթույլատրելի: Դատարանի դահլիճից Ս.Նազարյանը ժամը 4.00-ի սահմաններում տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Համաձայն «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեղեկանքի Ս.Նազարյանի մոտ ախտորոշված է «կրծքավանդակի աջ կեսի միջանցիկ, թափանցող հրազենային վիրավորում, աջ թոքի վերին բլթի և ներքին քնային զարկերակի և երակի վնասումով: Սուբտոտալ հեմաթորաքս, պնևմոթորաքս: Արտաքին և ներքին արյունահոսություն: Հեմոռագիկ շոկ 2-3-րդ աստիճանի: Ձախակողմյան ստորբլթային թոքաբորբ»:

Թեև ակնհայտ է, որ նման ախտորոշմամբ անձն ունի հատուկ մասնագիտացված բժշկական հաստատությունում բուժման կարիք, այնուամենայնիվ Ս.Նազարյանը շարունակում է պահվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

Անգամ նման առողջական վիճակում գտնվող Ս.Նազարյանը խնդրել է բոլորին տեղեկացնել, որ շնորհակալ է ուշադրության ու անհանգստության համար, անպայման ապաքինվելու է, վճռական է ցանկացած պայմաններում շարունակել պայքարը հանուն մեր բոլորի երազած Հայաստանի Հանրապետության:




Լրահոս