ԻՆՉՈ՞Ւ ԽՈՇՈՐՆԵՐԸ ՀԱՐԿԵՐ ՉԵՆ ՎՃԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը Ազգային ժողովում հայտարարել էր, թե հարկային արտոնությունների հարցը պետք վերանայվի, եւ հավասար մրցակցային դաշտ ստեղծվի: “Կարող եմ հնչեցնել բազմաթիվ ոլորտներ, որոնք այսօր բացարձակ հարկային արտոնության տակ են, բայց դա չի նշանակում, որ այդ ոլորտները ծաղկում եւ զարգանում են: Շահութահարկի արտոնությունը հանելուց հետո, ճիշտն ասած, շահութահարկի մուտքերը լավացան: Հայաստանում չկա մի հատ խոշոր բիզնես, որ 15 տարվա մեջ չօգտվեր այդ արտոնությունից: Երկու տարի շահութահարկ չվճարեց, ձեւակերպեց օտարերկրյա ներդրումով կազմակերպություն՝ Բուլղարիա կլինի, օֆշորային գոտի կլինի, երրորդ տարուց սկսած՝ 50 տոկոսի չափով վճարեց: Մի կազմակերպություն գրեթե չկար, որ չօգտվեր այդ արտոնությունից: Ես դեմ եմ այդպիսի նոր արտոնություն սահմանելունե,-հայտարարել էր Ա. Ալավերդյանը:
Փաստորեն, ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ Հայաստանում խոշոր բիզնես ունեցողները երկար տարիներ հարկեր չեն վճարել՝ օգտվելով ,Շահութահարկի արտոնության մասինե օրենքից: Իսկ երբ այդ արտոնությունը հանվել է, մեր երկրում շահութահարկի մուտքերն ավելացել են: Այսինքն` տարիներ հետո նոր են հասկացել, որ այդ օրենքը շատ վատ ազդեցություն ունի, եւ այս տարիների ընթացքում խոշոր բիզնես ունեցողները թալանել են երկիրը: 
“Ժողովուրդ”-ը զրուցեց 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքով 1000 խոշոր հարկատուներից մի քանիսի հետ` պարզելու՝ նման բան կա, թե ոչ:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն ՄԱՔՍԻՄ ՀԱԿՈԲՅԱՆ
-Պարո՛ն Հակոբյան, ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ “Շահութահարկի արտոնության մասին” օրենքն օգնել է, որ խոշոր հարկատուները երկար տարիներ հարկեր չվճարեն: Իրականում նման բան կա՞:
-Ուրեմն 9 ամսվա խոշոր հարկատուների ամփոփումը կա, այնտեղ վերցրե՛ք ու նայե՛ք, հստակ գրված է, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ինչքան հարկեր է տվել, ինչ գծով… ավելացված արժեքի հարկի գծով, շահութահարկի գծով, եւ բոլոր-բոլորը մանրամասն ներկայացված է: Իսկ Դուք գիտե՞ք, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը որերորդ հարկատուն է: Կարծում եմ` գիտեք, որ առաջինն ենք, ու կարող եք դրանից էլ եզրակացություն անել:
-Բայց ՊԵԿ փոխնախագահն այլ կարծիքի է:
-Ես բան չեմ կարող ասել, Դուք այդ մասին Ալավերդյանի՛ն հարցրեք, թե ինչու է նման բան ասել կամ ում մասին է ասել: Ես կարծում եմ, որ նա մեր մասին չի ասել: Խոշոր բիզնես ունեցողը հո մենակ մեր կոմբինա՞տը չէ, 400-500 նման բիզնես կա Հայաստանում, կարող է նրանց է վերաբերվում: Համենայնդեպս, մեզ չի վերաբերվում: Դուք հստակ կարող եք տեսնել, թե մենք ինչքան շահութահարկ ենք տվել, ինչքան ավելացված արժեքի հարկ եւ այլն: Ու մենք շատ լավ ցուցանիշներ ենք ապահովել, անցած տարիների համեմատ՝ բավականին լուրջ աճ կա:
“Մուլտի գրուպ” կոնցեռնի գլխավոր տնօրեն ՍԵԴՐԱԿ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ
-Պարո՛ն Առուստամյան, քանի որ Երեւանի կոնյակի գործարանը 1000 խոշոր հարկատուների ցանկում է, խնդրում եմ ասել` իսկապե՞ս “Շահութահարկի մասին” օրենքը նպաստել է, որ Ձեր ընկերությունը խուսափի իրական հարկերը վճարելուց:
-Երեւանի Արարատի կոնյակի եւ գինու կոմբինատը երբեւէ շահութահարկի արտոնությունից չի օգտվել 2002թ.-ից առ այսօր: Այսինքն՝ դա բացարձակ մեզ չի վերաբերվում: Այսքանը:
“Սարգիս Կարոլինա” ընկերության տնօրեն ԵՐՎԱՆԴ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ
-Պարո՛ն Թարվերդյան, Ձեր ընկերությունը “Շահութահարկի մասին” օրենքի շնորհիվ կարողացել է տարիներ շարունակ խուսափել հարկեր վճարելուց: Ինչպե՞ս կբացատրեք այդ ամենը:
-Եթե չեմ սխալվում, պարոն Ալավերդյանը խոսել է օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների մասին, որոնք, ունենալով ներդրում, ինչ-որ մի գումարից ավել, ստացել են արտոնություններ: Մեր ընկերությունը որեւէ արտոնությունից չի օգտվել, եւ այդ օրենսդրական փոփոխությունները ոչ մի ձեւով չեն ազդել ,Սարգիս Կարոլինաե-ի կողմից վճարվող հարկերի վրա:
-Բայց պարոն Ալավերդյանը նշել է, որ…
-Հիմա այդ հարկային արտոնությունների օրենքը հանվել է, ու մարդիկ վճարում են այնպես, ինչպես մենք ենք վճարում: Այսինքն՝ ոչ թե մենք ենք արտոնություններ ստացել, այլ օտարերկրյա ներդրողները եկել են մեզ հետ նույն դաշտ:
“Հարավկովկասյան երկաթուղի” ընկերության մամլո խոսնակ ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ
-Պարո՛ն Դավթյան, “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերությունն իսկապե՞ս կարողացել է “Շահութահարկի մասին” օրենքի շնորհիվ քիչ հարկեր վճարել:
-Հայաստանի երկաթուղային համակարգը “Ռուսական երկաթուղիներ” ԲԲԸ-ի կողմից ստեղծված “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին պայմանագրի համաձայն՝ նախատեսվում էր, որ մինչեւ 2013թ. այն աշխատելու է առանց շահույթի: Սակայն ընկերությունն արդեն 2011թ. աշխատեց առանց կորուստների եւ դրական արդյունքներով փակեց 2011-2012 թիվը: “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ում այժմ բնականոն կերպով անցնում են հարկային ստուգումներ, եւ հսկող մարմինը չի ներկայացրել որեւէ դժգոհություն կամ նկատողություն: Եթե 2012թ. արդյունքներով ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում “ՀԿԵ” ՓԲԸ-ն զբաղեցնում էր 43-րդ տեղը, ապա 2013թ. հունվար-սեպտեմբերի արդյունքներով՝ արդեն 33-րդը: Այսինքն՝ պետական բյուջե վճարվող հարկերը տարեցտարի ավելանում են:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 657 համա




Լրահոս