Խորը աղքատությունից Հայաստանում առևտրի ծավալները նվազել են. Գագիկ Մակարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հունիսին մանրածախ առեւտրի ծավալները 4.3 տոկոսով նվազել են: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:

-Պարո՛ն Մակարյան, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում առեւտրի ծավալները 0.3 տոկոսով նվազել են: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է դա պայմանավորված:

-ՀՀ կառավարությունը 112 հազար ընտանիքների էլեկտրաէներգիայի վարձը թեկուզ 1000 դրամով սուբսիդավորում է: Սա նշանակում է, որ առնվազն 400 հազար մարդ գտնվում է խորը աղքատության մեջ: Դրա համար էլ, բնականաբար, առեւտրի ծավալները պետք է նվազեն: Մյուս կողմից միգրացիայի տեմպերը չեն նվազել: Պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում այս կես տարին շատ լարված անցավ, եւ դա չէր կարող առեւտրի կամ բիզնեսի վրա չազդել: Բացի այս՝ տուրիզմը սկսվեց լավ տեմպերով, բայց նվազեց:

Այդ մասին քիչ են ասում, բայց ռուսական տուրիզմը շրջվեց դեպի Թուրքիայի կողմը, եվրոպականը ապրիլյան դեպքերից հետո կասեցվեց, դանդաղեց: Ներմուծման ծավալներն էլ նվազում են երկու պատճառով. նախ՝ ժողովրդի քանակն է պակասել, ապա՝ գնողունակությունն է ընկել, հետեւաբար այդքան ներմուծման կարիք այլեւս չկա: Երկրորդ՝ որոշ ներմուծողներ սկսել են այստեղ արտադրություններ հիմնել եւ որոշակի քանակ կարող են տեղում արտադրել: Այս բոլորը էականորեն ազդում են, բայց այս տարին տնտեսական առումով Հայաստանը հաջող կփակի:

-Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ավտոմեքենաների առեւտրի ծավալները 9 տոկոսով ավելացել են:

-Ավտոմեքենաները, բնականաբար, Ռուսաստանից ներկրելը ձեռնտու է: Հայաստանը դոլարային գոտում է գտնվում: Այստեղ քաղաքացիների մեծ մասի ավանդները դոլարով պահվում են կա՛մ տներում, կա՛մ բանկերում: Ռուսաստանից դոլարով մեքենա գնելը շատ ձեռնտու է, որովհետեւ այսօրվա ինֆլյացիայի պայմաններում մեքենան շատ էժան գին ունի այնտեղ: Եւ քանի որ մաքսային միության շրջանակներում տեղափոխությունը ազատ է, առանց արգելքների է եւ ավելորդ ծախսեր չի պահանջում, հետեւաբար Ռուսաստանից ավտոմեքենա բերելը ձեռնտու է:

Դեռեւս Հայաստանում շատ ընտանքիներ կան, որոնք ունեն հին արտադրության մեքենաներ, հիմա դրանցից հրաժարվում են եւ առիթից օգտվելով՝ Ռուսաստանից 2000, 3000-4000 դոլարով ներկրում են: Ի դեպ, կան նաեւ տաքսի ծառայություններ, որոնք նույնպես Ռուսաստանից են ներկրել ավտոմեքենաներ:

-Պարո՛ն Մակարյան, գյուղատնտեսական արտադրանքի առեւտրի ծավալները նույնպես նվազել են՝ 0.9 տոկոսով: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը:

-Հիմնականում եղանակը խանգարեց: Ապա եւ Վերին Լարսի անցակետի փակվելը: Բայց հիմնականում՝ եղանակը:

-Ի՞նչ եք կարծում՝ ՀՀ ոստիկանության Էրեբունի ՊՊԾ գնդի գրավումը ի՞նչ հետեւանք կթողնի Հայաստանի տնտեսության վրա: Այս պահի դրությամբ կա՞ն արդեն տեսանելի հետեւանքներ:

-Դեռ հստակ թվեր չկան, վաղ է դրա մասին խոսել: Բայց այն, որ մանրածախ առեւտրի եւ միկրոբիզնեսի վրա բացասական ազդեցություն կթողնի, դա հաստատ է: Վերջին դեպքերը ազդեցին նաեւ ընտանիքների կենսամակարդակի վրա, որովհետեւ շատ ընտանիքներ ծրագրել էին ամառվա ամիսներին վերանորոգում, գնումներ, ամուսնություն, կահավորում, բայց նման երեւույթները մարդկանց կամուկացի մեջ են գցում, հոռետեսություն են առաջացնում: Նույնիսկ մտքեր են առաջացնում, որ այս երկրում մնալը հեռանկարային չէ: Այսինքն՝ այս ամենի մուլտիպլիկատիվ էֆեկտը տնտեսության մեջ կերեւա անպայման: Միկրոբիզնեսը զգայուն է, երբ ժողովուրդը զբաղված է նման բաներով, ակտիվ չէ, ապա բիզնեսը դրանից տուժելու է:

-Իսկ զբոսաշրջության ոլորտը ի՞նչ վնասներ կրեց:

-«Ահաբեկչություն» բառը մենք պետք է զգուշավոր օգտագործեինք, հատկապես եվրոպացիների համար: Չէ որ այդ բառի թարգմանությունը տեռորիզմ է նշանակում, իսկ տեռորիստը նրանց համար այն մարդն է, ով իր աչքի առաջ մորթել է, սպանել եւ այլն: Հիշենք Փարիզի, Բելգիայի, Գերմանիայի դեպքերը: Եվրոպացին այդ մաստշաբով անպայման իր գիտակցության մեջ կընկալի, եւ ինքը նման երկիր չի ցանկանա գնալ: Կամ էլ կընդհատի ու շուտ կվերադառնա իր երկիր:

Նման խնդիրներ կարող են լինել: Սփյուռքահայերի Հայաստան գալու վրա այն առանձնապես չի ազդել: Եվրոպացի եւ ամերիկացի զբոսաշրջիկները այստեղ գումարներ են ծախսում, իսկ մեր սփյուռքահայերը կարող են գալ եւ իրենց ազգականների տանը մնալ: Բուն զբոսաշրջիկը, որը մնալով այստեղ՝ կարող էր մի քանի հարյուր կամ 1000 եվրո ծախսել, այդ կարգի զբոսաշրջիկները կպակասեն: Դա հաստատ է, եւ դա մենք կզգանք:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս