Այլ կերպ էինք պատկերացնում մեր ապագան. ո՞ւր է «անհետացել» երգիչ Տիգրան Պետրոսյանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կար ժամանակ, երբ Երգի պետական թատրոնի ավագ սերնդի ներկայացուցիչները համալրում էին շոու-բիզնեսի դաշտը, ամենաշատն էին երեւում էկրաններին, ինչու ոչ` համարվում էին նաեւ ճաշակ թելադրող արտիստներ: Այսօր, սակայն, իրավիճակը փոխվել է: Նրանցից շատերը ընտրել են հեշտ ճանապարհով գումար վաստակելու ուղին, իսկ մի ստվար զանգված էլ անհետացել է ասպարեզից: Վերջիններիս թվում է նաեւ երգիչ Տիգրան Պետրոսյանը:

14011731_1112898242124574_1022347827_n

Նա 1997թ. մասնակցեց «Այո», 2005թ.` «Կռունկ» համահայկական երգի մրցույթ-փառատոներին եւ արժանացավ «Լավագույն երգիչ» մրցանակին, ապա` «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն ձայնասկավառակ» մրցանակներին եւ այլն: Ավելի ուշ Տիգրանն ԱՄՆ-ում անցավ մասնագիտական դասեր` վերապատրաստվելով որպես ձայնային ռեժիսոր: Դրանից հետո նրան հազվադեպ կարելի է տեսնել ասպարեզում: «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել` որտեղ է երգիչն այժմ եւ ինչով է զբաղված:

-Տիգրա՛ն, չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ Ձեզ տեսել բեմում:

-Ես էլ չեմ հիշում (ծիծաղում է): Վերջին անգամ դա եղել է Հայոց բանակին նվիրված համերգի օրը: Իսկ, առհասարակ, երաժշտության հետ կապված որեւէ գործունեություն ինձ համար իմաստազրկվել է: Ռաբիս, միանշանակ, չեմ երգելու, իսկ այն, ինչ ես կցանկանայի երգել, եկամտաբեր չէ: Դա էլ մեր մեդիաների «շնորհքն է», քանի որ վերջիններս չեն խրախուսել այն էստրադան, որը ժամանակին եղել է: Իսկ մենք ունեցել ենք լավ էստրադա:

Փորձեք 80-ականների ու 2010-ից հետո ստեղծված էստրադային գործերը համեմատել. դրանք կշեռքի նժարին անգամ չի կարելի դնել: Հիմա շատ քիչ որակյալ պրոդուկտ կարելի է առանձնացնել. մնացածը թափելիք է, որը խրախուսվեց կառավարության կողմից: Այն, ինչ հիմա մատուցվում է, միշտ էլ եղել է, բայց եղել է իր տեղում, իսկ հիմա էլ իր տեղում չէ: Ո՞վ է ասել, որ հարսանիքներին, ծնունդ-կնունքներին միայն ռաբիսի ներքո է հնարավոր պարել: Ասում են` բա ինչի տակ պարենք:

Պատասխանեմ` մեր ազգագրական երգերի, մեր ֆոլկլորի, որը հրաշք է: Ես մի անգամ ներկա էի հարսանիքի, որի ժամանակ Մրոն (Արսեն Գրիգորյան) իր խմբով մատուցեց ազգագրական երգեր… Նա ուղղակի մի «խելագարություն» արեց… Մենք երջանկությունից լացում էինք` մտածելով, որ հնարավոր է նման բան… Բայց որպեսզի դա տեղի ունենա, նախ հարկավոր է ունենալ ցանկություն:

-Հետաքրքիր է` հիմա կոնկրետ ինչո՞վ եք զբաղված:

-Հանրային ռադիոյի գլխավոր ձայնային ռեժիսորն եմ: Ստուդիայի հետ իմ կապն այդպիսով պահպանվել է:

-Երգի պետական թատրոնում անցկացրած տարիները չե՞ք կարոտում:

-Իհարկե, կարոտում եմ, շատ… Այն ժամանակ լրիվ այլ կերպ էինք պատկերացնում մեր ապագան էստրադայի ոլորտում: Հիմա այդ բնագավառը ստից բան է դարձել: Չեմ կարծում, թե այն ժամանակվա մթնոլորտը երբեւէ հնարավոր է վերականգնել. հիմա շատ բան արժեզրկվել է:

-Իսկ թատրոնի Ձեր սերնդակիցների հետ կապը պահո՞ւմ եք:

-Հա, բայց չի ստացվում երկարատեւ դարձնել այդ կապը: Շատ քիչ մարդիկ կան, որոնք ինձ համար մնացել են այնպիսին, ինչպիսին ես գիտեմ, ինչպիսին ես նրանց սիրել եմ ու մինչեւ հիմա էլ սիրում եմ: Նրանք հիմնականում փոխվել են, իրենց երաժշտությունն էլ է փոխվել…

14009948_1112898252124573_1033508483_n

-Դուք քաջատեղյակ եք ոլորտի բացերից, այնինչ Ձեր որդին իր ուժերը փորձում է հենց երգարվեստի ոլորտում, «Դետք» խմբի անդամ է (Արման Պետրոսյան), հետաքրքիր է` խրախուսո՞ւմ եք նրա մուտքը այդ ասպարեզ:

-Ես ամեն կերպ խմբի տղաների կողքին եմ, եւ մենք պայքարում ենք, որ նրանք չմտնեն այն ամենի մեջ, ինչի մասին խոսում էի: Մենք անում ենք ամեն բան, որ տղաները լավ երաժշտություն մատուցեն, վոկալի տեսանկյունից ավելի «ամրանան»: Սփյուռքի իմ ընկերներն ասում են, որ իրենց զավակները, մեծ մասամբ` պատանիները, փորձելով հարաբերվել արդի հայկական երգարվեստի հետ՝ հենց «Դետք» են լսում: Դա ինձ ուրախացնում է:

-Բայց չէ՞ որ կան դժվարություններ, որոնց մասին Դուք ինքներդ նշեցիք:

-Այո, դժվար է, շատ դժվար է… Բայց հիմա տղաները չեն մտածում փող աշխատելու մասին, փորձում են իրենց գործունեությունը բիզնեսի հետ չկապել, այլ լավ գաղափարի:

14010009_1112898232124575_761205707_n

-Տիգրա՛ն, ո՞ր դեպքում կվերադառնաք բեմ:

-Երբ հասկանամ, որ պետք եմ…

Աննա Բաբաջանյան




Լրահոս