ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները ամբողջությամբ մտել են իրենց բնականոն հունի մեջ: Հանրապետականների ճամբարում շարունակվում է պառակտումը, իսկ Թրամփի ու Քլինթնոի միջեւ մրցավազքը նորանոր ելեւէջներ է արձանագրում: Գործարար թեկնածուն արդեն իսկ սկսել է անձնական վիրավորանքների տարափը Քլինթոնի ուղղությամբ, ինչը միանշանակորեն մերժելի է քաղաքական առողջ համակարգի պայմաններում: Եթե ԱՄՆ-ն նոյեմբերին հաջողությամբ կհանձնի քաղաքական համակարգի առողջության քննությունը, ապա Հայաստանը այդ հարցում վաղուց է պարտված:
Թրամփ-Քլինթոն պայքարին զուգահեռ Միացյալ Նահանգներում շարունակվում է ներհանրապետական պայքարը: Կուսակցության ներսում Թրամփը այդպես էլ չի կարողանում միանշանակորեն միավորիչ գործոն դառնալ: Հայտնի ու ծանրակշիռ հանրապետականները շարունակում են մերժել Թրամփի թեկնածությունը` միաժամանակ ձեռնպահ մնալով Քլինթոնին աջակցելու հարցում: Նման գործիչներից է նախագահության նախկին թեկնածուներից հանրապետական նահանգապետ Ջոն Քյեսիքը, որը օրերս բացահայտեց, որ գործարար Թրամփը տարբեր միջնորդների միջոցով իրեն առաջարկել է լինել ԱՄՆ պատմության մեջ ամենահզոր փոխնախագահը: Թրամփն ակնարկել է, որ պետության հիմնական գործերը վստահվելու էին Քյեսիքին: Վերջինս, սակայն, պնդում է, որ հրաժարվել է նման առաջարկից` նախընտրելով մնալ Օհայոյի նահանգապետ` համարելով այն նախագահից հետո լավագույն պաշտոնը երկրում: Քեյսիքը նկատում էր, որ միեւնույն ժամանակ ի վիճակի չէ սատարել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քլինթոնին, քանզի մրցակից ճամբարի օգտին ինքը երբեւէ հանդես չի եկել եւ չի էլ պատրաստվում փոխել դիրքորոշումը: Միաժամանակ ԱՄՆ քաղաքական շրջանակներում լրջագույն հարգանք վայելելով՝ նահանգապետը հրաժարվում է Թրամփին աջակցելու գաղափարից` անորոշ թողնելով, թե ում օգտին է քվեարկելու նոյեմբերին կայանալիք ընտրության ժամանակ:
Ի հեճուկս Քեյսիքի մոտեցման՝ Թրամփին արդեն լիովին աջակցում է Կոնգրեսի խոսնակ Փոլ Ռայանը: Սակայն ավելի ուշագրավ է, որ Թրամփին սատարելու հարցում «կռիվ է ընկել» նաեւ Բուշերի ընտանիքում: Հայտնի է, որ Բուշերի ընտանիքը միահամուռ կերպով բոյկոտեց Հանրապետական քլիվլենդյան մեծ համաժողովը: Բուշերը նաեւ բավականին ջերմ հարաբերություններ ունեն Հիլարի Քլինթոնի հետ, եւ կարծես բնական է, որ նախկին նախագահական ընտանիքը պիտի ձեռնպահ մնա Հիլարիի դեմ գործելուց: Սակայն նախագահի նախկին թեկնածու Ջեբ Բուշի որդին` Ջորջը, հայտարարել է Թրամփի շուրջ հանրապետականների համախմբումն ապահովելու անհրաժեշտության մասին: Թեեւ Թրամփը ամբողջ ընտրարշավի ժամանակ ծաղրեց թե՛ նրա հորը, թե՛ հորեղբորը, կրտսեր Ջորջը քաղաքականությունը վեր է դասում անձնական հարցերից: Բավականին հետաքրքիր է, որ նախագահական այս դինաստիայում, որը ունի հզորագույն կապեր ողջ ամերիկյան ֆինանսական, կորպորատիվ ու քաղաքական համակարգում, նման բաժանվածություն գոյություն ունի, եւ կարող է ինչ-որ իմաստով ազդել ընտրությունների ընթացքի վրա:
Իսկ, ահա, բուն նախագահական պայքարում Թրամփը արդեն իսկ բացահայտեց իր մարտավարությունը` Քլինթոնի նկատմամբ հանդես գալով անձնական հարձակումների հեղեղով` կարծելով, որ նախնական հարցումներում ետնապահի իր կարգավիճակը կկարողանա փոխել այդ ճանապարհով: Հատկանշական է, որ անձնական մեղադրանքների դաշտում Թրամփը մեկ անգամ արդեն հաջողության հասել է` հերթով շարքից հանելով հանրապետական մրցակիցներին եւ, ահա, հիմա կրկին նույն տարբերակն է ընտրել: Նա Քլինթոնին անվանել է մտավոր իմաստով անհավասարակշիռ անձնավորություն, որը ԱՄՆ-ն քանդելու է ե՛ւ ներսից, ե՛ւ դրսից: Նկատենք, որ ոչ պաշտոնական շրջանակներում այսպիսի կարծիք է ձեւավորվել հենց Թրամփի մասին: Քլինթոնին անվանարկելով որպես անկայուն եւ ոչ կոմպետենտ գործիչ` Թրամփը փաստորեն կանգ չի առնում անձնական վիրավորանքների որեւէ սահմանագծին: Իրականում Քլինթոնը որքան էլ կուլիսային կապերի մեջ է ֆինանսական-կորպորատիվ շրջանակների հետ, միեւնույն է, նա ունի քաղաքական հստակ դիրքորոշում եւ, ամենակարեւորը, փորձ:
Այսպիսի մի իրավիճակ կարծես առաջացավ նաեւ 2013թ. հայաստանյան նախագահական ընտրություններում: Մի կողմում Սերժ Սարգսյանն էր, որ հանդես էր գալիս իբրեւ կոռուպցիոն բուրգի գագաթը, մյուս դիրքում Րաֆֆի Հովհաննիսյանը` քաղաքականապես թույլ, որեւէ հարցում հստակ դիրքորոշում չունեցող, կարգախոսային ու հռչակագրային մակարդակով պետական կառավարման համակարգը պատկերացնող գործիչ: Թեեւ մեզ մոտ հասարակության զգալի մասը ընտրեց Ր. Հովհաննիսյանին` ամեն կերպ Սերժ Սարգսյանից ազատվելու ձգտումով, սակայն բնական էր, որ վատի ու վատթարագույնի մեջ այդ ընտրությունը նորմալ պայմաններում կլիներ Սարգսյանի օգտին, եթե վերջինս երկիրն այսքան ծանր վիճակի հասցրած չլիներ, իհարկե: ԱՄՆ-ում, սակայն, նախագահի անձից շատ բան կախված լինելով հանդերձ, պետությունը կառավարվում է համակարգի միջոցով, եւ Օբամայի նախագահության շրջանում կենսամակարդակի աճը թույլ է տալիս պնդել, որ լայն ժողովրդականություն չվայելող Քլինթոնն ավելի մեծ շանսեր ունի նախագահ դառնալու` հաշվի առնելով նրա փորձառությունն ու դրան հակառակ Թրամփի քաղաքականապես սնանկ տեքստերը: Ըստ այդմ, քաղաքական առողջ համակարգի պարագայում Թրամփի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի նման գործիչը իշխանության բարձունքին հասնելու գործնական հնարավորություն չի ունենա: Սակայն Հայաստանում փտած ու ճահճացած համակարգում ժողովրդահաճ կարգախոսներով եւ լուծման իրական մեխանիզմներ չառաջարկողներն են պահանջարկ վայելում:
Անշուշտ, անժխտելի է, որ քաղաքական համակարգը փչացնող կոռումպացված գորիծչներն են հասարակությանը ստիպում աջակցել անփորձ պոպուլիստներին, եւ դրանում իրենց մեղքի բաժինն ունեն ինչպես Սարգսյանը Հայաստանում, այնպես էլ Քլինթոնը` ԱՄՆ-ում: Այդուհանդերձ, եթե Հայաստանում իշխանությունը վայրկյան իսկ կանգ չի առնում՝ այդ խոտոր ընթացքը խորացնելու համար, ապա ԱՄՆ-ում նոյեմբերին կհազմովենք, թե որքանով է Քլինթոնին հաջողվում ապահովել հասարակության առողջացումը նման ախտերից:
Ն. Հովսեփան