Գեր կանանց խորհուրդ չի տրվում կրել երկաթյա զարդերով լողազգեստ. ոճաբանի ցուցումները` ծովափնյա նորաձևության մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառվա վերջին ամիսն է, եւ մենք ամեն կերպ փորձում ենք այն դարձնել ավելի վառ ու գունավոր: Որպեսզի տարին անմոռանալի լինի, շատերս շտապում ենք ծովափ, սակայն մինչ այդ մեզ սպասվում են որոշ «փորձություններ»` կապված հագուստի եւ համապատասխան աքսեսուարների ընտրության հետ: Ուստի ճիշտ կլիներ, եթե հանգստի մեկնելուց առաջ ծանոթանայինք ծովափնյա նորաձեւության կանոնների եւ վերջին միտումների հետ: Այդ հարցում մեզ կօգնի ոճաբան Արայիկ Գաբաջյանը:

13989470_1112897345457997_2048251775_n

Նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցում նշեց, որ ծովափնյա նորաձեւության միտումները որոշ չափով կրկնվում են, սակայն, այնուամենայնիվ, կան այնպիսիք, որոնք այս տարի առկա են, այնինչ՝ նախորդ տարի դրանք բացակայում էին: Օրինակ` եթե լողազգեստների կրծկալն ու վարտիքը անցյալ տարի առանձին էին ներկայացվում, ապա այս տարի նորաձեւության գրեթե բոլոր տները հանրության դատին հանձնել են մեկ ընդհանուր կտորից ստեղծված լողազգեստներ: Այս ամառ գերակշռող են միագույն լողազգետսները` հավելված կապերով, զարդերով, թանկարժեք քարերով կամ շղթաներով: Ոճաբանը նկատեց, որ այս սեզոնին ակտուալ են գրեթե բոլոր գույները, սակայն լողազգեստների պարագայում առավել նորաձեւ են վառ, նույնիսկ աչք ծակող երանգները: Միեւնույն ժամանակ, ինչպես բոլոր ժամանակներում, որպես «հաղթող» գույներ կարելի է առանձնացնել սեւն ու սպիտակը:

14010101_1112897352124663_2096504242_n

Ինչ վերաբերում է լողազգեստների գործվածքին, ապա այս տարի կիրառվել են ձգվող տիպի բոլոր գործվածքները, որոնց հետ օգտագործվել են նաեւ ցանցավոր, թափանցիկ ու կիսաթափանցիկ մատերիալներ: Հաճախ կարելի է հանդիպել էթնո ոճի եւ նախշերով գործվածքների համադրություններ:

13942744_1112897342124664_1593955449_n

Ինչպես շեշտեց Ա. Գաբաջյանը, կինը պարտավոր է հատկապես լողազգեստի հարցում ճիշտ ընտրություն կատարել` ելնելով նաեւ իր կառուցվածքի առանձնահատկություններից. «Ոչ շատ հաջող կառուցվածք ունեցող կանայք պետք է միանշանակ ընտրեն փակ լողազգեստներ` առանց ավելորդ գույների ու համադրությունների: Մեծ կրծքեր ունեցող կանանց խորհուրդ կտամ ընտրել փակ կրծկալով լողազգեստներ: Գեր կանանց չի թույլատրվում կրել երկաթյա զարդերով (հատկապես գոտկատեղին տեղակայված) լողազգեստներ: Իսկ փոքր կրծքերով կանայք պետք է ընտրեն այնպիսի լողազգեստներ, որոնք ունեն սպունգով (push up) կրծկալներ, նրանց հակացուցված է կրել առանձնացված կրծկալով լողազգեստներ, սակայն, եթե, այնուամենայնիվ, ցանկությունը մեծ է, այդ դեպքում նրանք կարող են առանձնացված կրծկալով լողազգեստի վրայից կրել ծովափի համար նախատեսված հատուկ վերնազգեստներ»,-նշեց ոճաբանը:

13957500_1112897355457996_1255135661_n

Նա տեղեկացրեց, որ լողափին միշտ էլ ճիշտ է կրել հատուկ վերնազգեստներ, կլինեն դրանք թափանցիկ, թե կիսաթափանցիկ, մինի, թե մինչեւ հատակ հասնող, կարեւոր չէ. «Այս սեզոնին նորաձեւ են ցանցավոր գործվածքից վերնազգեստները, որոնք կնոջը ավելի ցանկալի եւ էկզոտիկ տեսք են հաղորդում»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է ծովափնյա պայուսակներին, ապա դրաք այս սեզոնին աչքի են ընկնում իրենց գունային բազմազանությամբ եւ դետալների առատությամբ. «Ինչպես լողազգեստների, այնպես էլ ծովափնյա պայուսակների պարագայում ակտուալ են էթնիկ նախշերը: Նորաձեւության տները առաջարկում են նաեւ ծղոտե գործվածքով պայուսակներ` զոլերով եւ աչքի ընկնող քիմիական գույներով»,-ասաց Ա. Գաբաջյանը:

13942226_1112897358791329_796698454_n

Անդրադառնալով ծովափնյա գլխարկներին` նա նկատեց, որ այս ամառ նորաձեւ են լայնեզր ու վառ գույների մոդելները, որոնք կարող են պաշտպանել արեւի ճառագայթներից: Մոդայիկ են նաեւ լայնեզր, բայց չմշակված ծայրերով գլխարկները:
Ծովափնյա այս սեզոնին մի փոքր աղքատիկ է ակնոցի տեսականին: Գերակշռող են գունավոր եզրերով, թափանցիկ, հայելանման ապակիներով ակնոցները` ե՛ւ քառակուսի, ե՛ւ օվալաձեւ, ե՛ւ ֆորմաների մեջ: «Այս սեզոնին ճիշտ կլինի կրել թեթեւ, ոչ մեծ խնամք պահանջող ակնոց` առանց որեւէ զարդի կամ քարի հավելումների»,-ավելացրեց ոճաբանը:

13957504_1112897385457993_2019688416_n

Բոլոր այն կանանց, որոնք չեն կարողանում բաժանվել զարդերից, Ա. Գաբաջյանը խորհուրդ տվեց կրել թեթեւ, բնական գործվածքներից պատրաստված թեւնոցներ, ոտքի զարդեր, ոտքի մատանիներ: Այնուամենայնիվ, նրա խոսքով, ցերեկային ժամերին լողափին ցանկալի չէ կրել որեւէ զարդ:

13989691_1112897392124659_1377430779_n

Իսկ այն կանանց, որոնք պատրաստվում են մասնակցել ծովափնյա փարթիների ու երեկույթների, Ա. Գաբաջանը առաջարկեց կրել թեթեւ, «խաղացող» գործվածքից, վառ գույնի, արդուկի կարիք չունեցող թեմատիկ հագուստներ` չծանրաբեռնելով պարանոցն ու ականջները ծանր զարդերով:

Աննա Բաբաջանյան




Լրահոս