ԵՎ ԴՈ՞Ւ, ՈՒԿՐԱԻՆԱ՛

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան մոտենում է նոյեմբերի 28-ի վիլնյուսյան գագաթնաժողովը, այնքան մեծանում է անորոշությունը: Եթե սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո եվրոպացիները սկսեցին անթաքույց մեղադրել ՀՀ իշխանություններին` իրենց հետ ամբողջ չորս տարի «մուկն ու կատու» խաղալու եւ վերջում Վլադիմիր Պուտինի հետ կեսժամանոց զրույցի արդյունքում Մաքսային միությանն անդամակցելու որոշում ընդունելու մեջ, ապա առաջիկայում կարծես թե եվրոպացիներին սպասվում է էլ ավելի մեծ հիասթափություն, որի համեմատությամբ Հայաստանի իշխանությունների վարքագիծը կարող է դիտվել որպես քաղաքական պարկեշտության օրինակ: Ուկրաինան, որը համարվում է Արեւելյան գործընկերության ծրագրի` ԵՄ համար ամենակարեւոր երկիրը, դատելով վերջին օրերի զարգացումներից` կարող է եվրոպացիներին «գցել» ամենավերջին պահին` հրաժարվելով Ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Նախ` ԵՄ առաջադրած կարեւոր պահանջներից Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու հարցում նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարծես թե պատրաստ չէ գնալ զիջման, քանի որ Ուկրաինայի նախկին վարչապետի ազատ արձակումը նա համարում է իր իշխանության պահպանմանն ուղղված իրական վտանգ: Երեկ հայտնի դարձավ, որ կալանավորվել է Տիմոշենկոյի պաշտպան, Ուկրաինայի ռադայի նախկին պատգամավոր Սերգեյ Վլասենկոն, ինչն այս հարցում Յանուկովիչի անդրդվելիության դրսեւորում է համարվում: Սակայն Տիմոշենկոյի գործոնը միակ խոչընդոտը չէ, եւ այդ հարցում, ըստ էության, Եվրամիությունը կարող է գնալ փոխզիջման` չկորցնելու համար Ուկրաինան: Ավելի կարեւոր են Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ճնշումների կործանարար հետեւանքները հատկապես արդյունաբերական Արեւելյան Ուկրաինայի համար, որտեղ էլ հենց Յանուկովիչի հիմնական ընտրազանգվածն է: Հիշեցնենք, որ Ուկրաինայի հաջորդ նախագահական ընտրություններին մնացել է մեկ տարուց փոքր-ինչ ավել ժամանակ, իսկ դեպի ԵՄ գնալու դեպքում դժվար թե մինչեւ 2015 թվականը հնարավոր լինի եվրոպական ներդրումներով երկրի տնտեսությունը կարգի բերել: Հակառակը. ռուսական տնտեսական սանկցիաները կարող են երկրում տնտեսական ճգնաժամի հանգեցնել, ինչի պարագայում Յանուկովիչի վերընտրության հարցը կարելի է փակված համարել: Հետեւաբար, ներկայումս Յանուկովիչը կանգնած է դժվարին ընտրության առջեւ` երկիրը տանել դեպի երկարաժամկետ զարգացում` դրա դիմաց գուցե եւ զոհաբերելով իր իշխանությունը, թե վերադառնալ Ռուսաստանի գիրկը` երկրի զարգացումը կասեցնելու գնով փորձելով պահպանել սեփական իշխանությունը: Դատելով նոյեմբերի 9-ին կայացած Յանուկովիչ-Պուտին «խորհրդավոր» հանդիպմանը հետեւած զարգացումներից` կարծես թե Ուկրաինայի նախագահը հակված է ընտրել վերջին տարբերակը: Եվ եթե նման բան իրոք տեղի ունենա, ապա դա շեշտակիորեն կփոխի նաեւ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշման քաղաքական հետեւանքները:




Լրահոս