ՑԱՆԿԱՑԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՈՂԻԿ Է, ԱՅՍՕՐ ԿԱ, ՎԱՂԸ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից զենքերը վայր դնելու եւ իշխանություններին հանձնվելու որոշման շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Տիկի՛ն Զոհրաբյան, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորումը որոշեց հանձնվել իշխանություններին: Ձեր կարծիքով՝ 15 օր ծավալած պայքարից հետո նրանց կողմից ճիշտ որոշում կայացվե՞ց:
-«Սասնա ծռեր»-ի տղաները կատարեցին խոհեմ եւ գիտակցված որոշում` հետագա արյունահեղությունից խուսափելու համար: Հետագա զարգացումները լինելու էին շատ վտանգավոր, եւ այլեւս դրված չէր իշխանության կամ «Սասնա ծռեր»-ի խնդիր, դրված էր Հայաստանի Հանրապետության ապագայի խնդիր: Հիմա եկել է ժամանակը ճիշտ հետեւություններ անելու. տեղի ունեցածը դեռեւս երկար է վերլուծվելու բոլորիս կողմից: Այն, որ երկրում կա դժգոհության մեծ ալիք իշխանություններից, դա փաստ է, բայց ինչը պատճառ դարձավ, որ փորձ արվեց խնդիրները լուծել, ահա, այս ճանապարհով: Երբեք չեմ մոռանա. Խորենացի փողոցում մի ուսուցչուհի ինձ մոտեցավ, մտավորական, եւ ինձ համար դա չափորոշիչ էր, թե ինչքան կարող է հանրությունը զայրացած լինել եւ ասել, թող հազար հոգի էլ մեռնի, ոչինչ: Ո՛չ, այդպես չպետք է լինի, որեւէ մեկը որեւէ մեկի արյունը չպետք է թափի: Այս ընթացքում մենք տեսանք ֆեյսբուքյան պատերին թառած ինչ-որ զոմբիների խումբ, որ ատելության, արյան, բռնության, գլուխ ջարդելու, մորթելու քարոզ էր անում, այդ ատելությունը ուղղակի սարասափելի էր եւ վտանգավոր:
-Ձեր կարծիքով՝ զենքով իշխանափոխության հասնելու այս փորձը Հայաստանին ի՞նչ տվեց:
-Օր առաջ պետք է արվեն լրջագույն հետեւություններ եւ համակարգային փոփոխություններ, հակառակ դեպքում որեւէ մեկը չի կարող բացառել, որ վաղը նման բան կարող է կրկնվել, իսկ դա երկրի համար կարող է կործանարար լինել: Հապաղելը, իմիտացիան, ժամանակ ձգձգելը, փոքր, մանր սլաքավարներին գործից հանելը, մեծ շնաձկերին պաշտոններում պահելը ոչինչ չի փոխելու. մեր ջինը այլեւս շշից դուրս է եկած: Բացի այս՝ մեկ կարեւոր խնդրի վրա եւս պետք է ուշադրություն դարձնենք: «Սասնա ծռեր»-ի հանդեպ հաշվեհարդար չպետք է լինի, սա միանշանակ է, եւ քննարկման ենթակա չէ: Կարծում եմ, որ դատավարությանը պետք է ներկա լինեն նաեւ հանրության կողմից վստահություն վայելող իրավապաշտպաններ, որպեսզի դատավարությունը ընթանա բաց, հրապարակային, եւ որեւէ կասկած չպետք է մնա որեւէ մեկիս մոտ, որ ինչ-որ մի օղակի կողմից կարող է լինել հաշվեհարդար:
-Տիկի՛ն Զոհրաբյան, ստեղծված իրավիճակից ոչ արմատական ընդդիմադիր ուժերը, հանությունը ի՞նչ դասեր պետք է քաղեն:
-Հիմա բոլորս, ըստ էության, ստրեսային, շոկային վիճակի մեջ ենք, ինչ-որ ժամանակ է պետք այս վիճակից դուրս գալու, շատ ավելի հանգամանալից անդրադառնալու նրան, թե ինչու մեր երկրում հնարավոր եղավ նման բան: Ես չեմ կասկածում «Սասնա ծռեր»-ի տղաների ազնիվ նպատակներին, բայց որեւէ ազնիվ նպատակ չի կարող իրականացվել բռնությամբ: Մեր երկրում նման բան չպիտի լիներ, եթե եղավ, ուրեմն մենք բոլորս ենք մեղավոր: Ես իմ մեղքի բաժինը տեսնում եմ, որպես քաղաքական ուժի ղեկավար: Ուրեմն մենք` քաղաքական ուժերս, ինչ-որ բան սխալ ենք արել, մեր տեղում չենք եղել:
-Ի՞նչ կարող էր լինել, եթե, այնուամենայնիվ, «Սասնա ծռեր» խմբի տղաները զենքը վայր դնելու որոշում չկայացնեին:
-Այլ հանգուցալուծումն ուղղակիորեն վտանգելու էր Հայաստանի Հանրապետությանը: Ցանկացած իշխանություն անցողիկ է, այսօր կա, վաղը չկա, կառավարությունը այսօր կա, վաղը չկա, բայց նման քայլերը երկիրը տանելու էին ուղղակիորեն կաթվածի, փակուղի էին մտցնելու:

 

 

 

ԱՆԿԱԽ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՑ՝ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հուլիսի 29-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը մերժել է «Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)» կուսակցության գրանցման դիմումը:

Ի՞նչ պատճառաբանությամբ եւ հիմնավորմամբ է նման որոշում կայացվել, փորձեցինք պարզել ԳԱԼԱ կուսակցությունից: «Նրանց հիմնավորումները մեր մասնագետները լուրջ չեն համարել, այդ իսկ պատճառով չենք ցանկանում մեկնաբանել գործընթացների մանրամասները: Ամեն դեպքում տեղեկացնեմ, որ մենք երեկ դարձյալ փաստաթղթերի փաթեթը ներկայացրել ենք ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն: Ընդգծեմ, որ ոչ թե շտկել ենք, այլ կազմել ենք փաթեթը իրենց նախընտրած ձեւով: Հիմա արդյոք երկրորդ անգամ ներկայացնելուց հետո մեզ կգրանցեն, թե՞ դարձյալ ինչ-որ պատրվակ կգտնեն՝ մերժելու համար, չեմ կարող ասել, բայց վստահեցնում եմ, որ անկախ բոլոր տեսակի զարգացումներից, մենք մասնակցելու ենք առաջիկա ՏԻՄ եւ խորհրդարանական ընտրություններին»,-ի պատասխան մեր հարցադրման՝ ասաց ԳԱԼԱ կուսակցության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմենուհի Վարդանյանը: Մեր հարցին՝ հնարավո՞ր է՝ այլ կուսակցության ցուցակով մասնակցեք ընտրություններին, նա արձագանքեց. «Դա մշակված տարբերակներից ամենաանցանկալին է, սակայն դա եւս դիտարկվում է մեր կողմից»:
«Ժողովուրդ»-ը հարցում ուղարկեց նաեւ ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ ԳԱԼԱ-ի կողմից ներկայացված դիմումի եւ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն չի բավարարում «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի որոշակի կետերի պահանջներին:
Մասնավորապես, կանոնադրության 5.8 եւ 13.1 կետերով նախատեսվում է համագումարի կողմից որոշումների ընդունման կարգ՝ համագումարին ներկա գրանցված պատվիրակների ձայների մեծամասնությամբ, որով չի պահպանվել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը: 2. Կանոնադրության 7.2 կետի 7-րդ ենթակետով նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի եւ ՏԻՄ կուսակցության թեկնածուներ առաջադրելու վարչության իրավասություն, սակայն չի նախատեսվում վարչության այդ նիստին կուսակցության տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցության կարգը, 4. Կանոնադրությամբ չի նախատեսվում կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծում, 11.1 կետով նախատեսվում է սկզբնական կազմակերպությունների ձեւավորում, սակայն նշված չէ դրանց կարգավիճակը, 5. Կանոնադրությունում եւ ծրագրում նշված չէ կանոնադրության եւ ծրագրի կազմման տարին, ամիսը, ամսաթիվը, որով չի պահպանվել Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը:
Նախարարությունից նաեւ հայտնեցին, որ մերժման մասին որոշումը ստանալուց հետո դիմողը կարող է երկու աշխատանքային օրվա ընթացքում շտկել սխալները եւ փաստաթղթերը կրկին ներկայացնել գործակալություն: «Եթե անձը սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետում շտկված կամ լրացված փաստաթղթերը չի ներկայացնում պետական գրանցման կամ պետական հաշվառման, կամ կրկին ներկայացված փաստաթղթերում նույնպես առկա են մերժման հիմքեր, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի, ապա մերժումը համարվում է վերջնական, եւ պետական տուրքը չի վերադարձվում»:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿՄԻՋՆՈՐԴԻ՞
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը օգոստոսի 1-ին այցելել էր Սարի թաղ: Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում ծավալված իրադարձությունների արդյունքում ինչպես բազմաթիվ բնակիչներ էին տուժել, այնպես էլ բազմաթիվ տներ էին վնասվել: Տարոն Մարգարյանը Սարի թաղի բնակիչներին հավաստիացրել է, թե նրանց կրած վնասները կփոխհատուցեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մի շարք քաղաքացիներ Տարոն Մարգարյանին խնդրել են նաեւ, որ օգնի իրենց կալանավորված հարազատներին ազատ արձակել: Երեւանի քաղաքապետն ասել է, որ ինքը կփորձի միջնորդել իրավապահներին սարիթաղցիների ազատման հարցում: Իսկ թե ինչպե՞ս եւ ի՞նչ իրավունքով է Երեւանի քաղաքապետը փորձելու այդ խնդիրը լուծել եւ արդյո՞ք նա կկարողանա այդ անել, ցույց կտա ժամանակը:

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՔԱՆԴՈՒՄ ԷՐ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ շուրջ 18 տարի Վերնիսաժի այգու հարակից տարածքում գտնվող կրպակները երեկ գիշերով ապամոնտաժվում էին: Թեեւ բնակիչները դիմել են դատարան, բողոքարկում են քաղաքապետի որոշումը, ու չի բացառվում` դատարանը չեղյալ հայտարարի քաղաքապետի որոշումը, այնուամենայնիվ, Մարգարյանը հրահանգել էր իր աշխատակիցներին գիշերով գաղտագողի ապամոնտաժել կրպակները` մարդկանց զրկելով օրվա հացի աղբյուրից:
Նկատենք, որ ապօրինի այս գործողությունները տեղի ունեցան Սերժ Սարգսյանի՝ նախօրեի «խրոխտ ելույթի» հենց հաջորդ օրը, ինչը նշանակում է, որ գործող իշխանությունն ամենեւին էլ դասեր չի քաղել: Նրանք շարունակում են գործել բացառապես ընդդեմ ՀՀ քաղաքացու:

 

 

ՊՊԾ-ԻՑ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Այս օրերին մի տեսակետ է համառորեն շրջանառվում, ըստ որի՝ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումից հետո զբոսաշրջիկների այցը դեպի Հայաստան զգալի նվազել է: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի հետ. «Գալիս են, բայց նկատվում է զբոսաշրջիկների թվի նվազում: Այս պահին հստակ չեմ կարող ասել, թե այդ հանգամանքը կոնկրետ ինչով է պայմանավորված: Գուցե՞ պատճառը եղանակներն են»:
Իսկ, ահա, Գառնիի տուրիստական ինֆորմացիոն կենտրոնի տնօրեն Վաղինակ Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այս օրերին նկատել է միայն իրանցի զբոսաշրջիկների թվի աճ: «ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը թե ինչ ազդեցություն կունենա զբոսաշրջության ոլորտի վրա, այս պահին վաղ է խոսել: Բայց այն, որ ապրիլյան քառօրյայից հետո բազմաթիվ զբոսաշրջիկներ հրաժարվում են գնալ Արցախ, փաստ է: Վախենում են»,- փոխանցեց Թադեւոսյանը:




Լրահոս