ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԽՈՇՈՐՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկը կտրուկ եւ աննախադեպ փոփոխությունների է ենթարկվել. ցանկի հիմնական առաջատարները նահանջել են, եւ լավագույն եռյակում են հայտնվել ընկերություններ, որոնք նախկինում լավագույն դեպքում տասնյակում էին տեղ զբաղեցնում:

Այսպես՝ խոշոր հարկատուների ցուցակն այս տարի գլխավորում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը, որը այս տարվա առաջին կիսամյակում 24 միլիարդ 560,8 միլիոն դրամի հարկեր եւ տուրքեր է վճարել պետբյուջե:
Երկրորդ հորիզոնականում իր գործունեության ընթացքում առաջին անգամ հայտնվել է «Գրանդ տոբակո» ընկերությունը, որը վեց ամսում 11 միլիարդ 829 միլիոն դրամի հարկ է վճարել: Ի դեպ, այս ընկերությունը նախորդ տարիներին նույնիսկ առաջին հնգյակում տեղ չէր զբաղեցրել: 2015-ի առաջին կիսամյակի արդյունքներով «Գրանդ տաբակոն» 6-րդն էր, այս տարվա առաջին կիսամյակի վճարումներով 8-րդը եւ այսպես շարունակ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը խոշոր հարկատուների ցուցակում երրորդն է՝ 9 միլիարդ 222,7 մլն հարկեր եւ տուրքերի վճարումներով: Հազար խոշոր հարկատուների ցանկի նախորդ ժամանակաշրջաններում ՀԷՑ-ը սովորաբար երկրորդ կամ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել, վատագույն հնգյակից այն կողմ չի նահանջել: Այսինքն՝ այս ընկերության դեպքում եւս կարող ենք ասել, որ իր դիրքերը պահպանել է: Նույնը չի կարելի է ասել կապի օպերատորների մասին:
«ԱրմենՏելը» (ապրանքանիշը «Բիլայն») եւ «Ղ-Տելեկոմը» (ապրանքանիշը «ՎիվաՍելլ») իրենց «ավանդական» առաջատար դիրքերից այս անգամ էապես նահանջել են: Իսկ ինչ վերաբերում է «Յուքոմին», որը ինչպես հայտնի է՝ իր մեջ կլանեց բջջային կապի երրորդ խոշոր «Օրանժ-Արմենիա» ընկերությանը, նույնիսկ քսանյակում տեղ չի զբաղեցրել: «Յուքոմը» 2 միլիարդ 567,8 մլն դրամ հարկային վճարումներով հանգրվանել է 21-րդ հորիզոնականում:
Իսկ որպեսզի առավել հասկանալի դառնա, թե խոշոր հարկատուների ցանկում ինչպիսի տեղաշարժեր են տեղի ունեցել, ներկայացնենք առաջին քսանյակը, այս տարվա երկրորդ կիսամյակի արդյունքներով, այս տարվա առաջին եռամսյակում եւ անցած տարվա երկրորդ եռամսյակին:
2016 թվականի երկրորդ եռամսյակի առավել խոշոր հարկատուների առաջին քսան ընկերությունները.
1. «Գազպրոմ-Արմենիա» 24 մլրդ 560,8 մլն
2. «Գրանդ տոբակո» 11 մլրդ 829 մլն
3. ՀԷՑ 9 մլրդ 222,7 մլն
4. «Թեղուտ» 7 մլրդ 847,2 մլն
5. «Ալեքս գրիգ» 7 մլրդ 303,7 մլն
6. «Զվարթնոց» օդ. 6 մլրդ 178,6 մլն
7. «Արմենտել» 5 մլրդ 931,1 մլն
8. «Ֆլեշ» 5 մլրդ 830,4 մլն
9. «Սիփիէս օիլ քորփորեյշն» 5 մլրդ 599,7 մլն
10. ՀԱԷԿ 5 մլրդ 478,3 մլն
11. «Ինտերնեյշնլ մասիս» 5 մլրդ 448,4 մլն
12. «Որոտանի ՀԷԿ» 5 մլրդ 256,3 մլն
13. «Ղ-տելեկոմ» 4 մլրդ 782 մլն
14. «Ջեյ թի այ արմենիա» 4 մլրդ 510,5 մլն
15. «Գեոպրոմայնինգ գոլդ» 4 մլրդ 10,2 մլն
16. «Ֆիլիպ մորրիս Արմենիա» 3 մլրդ 878,5 մլն
17. «Զանգեզուրի ՊՄԿ» 3 մլրդ 88,9 մլն
18. «Տրանսգազ» 2 մլրդ 980,4 մլն
19. «Ամերիաբանկ» 2 մլրդ 661,6 մլն
20. «Ավերս» 2 մլրդ 569,1 մլն

2016 թվականի առաջին եռամսյակի առաջին քսան ընկերությունները.
1. «Գազպրոմ Արմենիա» 15 մլրդ 606,4 մլն
2. «Զվարթնոց» օդ. 4 մլրդ 920,4 մլն
3. ՀԷՑ 4 մլրդ 96,8 մլն
4. «Ֆլեշ» 3 մլրդ 626,3 մլն
5. «ԱրմենՏել» 3 մլրդ 436,2 մլն
6. «Ալեքս Գրիգ» 3 մլրդ 304,8 մլն
7. ՀԱԷԿ 3 մլրդ 21,2 մլն
8. «Գրանդ տոբակո» 2 մլրդ 925,2 մլն
9. «Սիփիէս օիլ քորփորեյշն» 2 մլրդ 318,3 մլն
10. «Ջեյ թի այ արմենիա» 2 մլրդ 90 մլն
11. «Զանգեզուրի ՊՄԿ» 1 մլրդ 990,5 մլն
12. «Ղ-Տելեկոմ» 1 մլրդ 882,5 մլն
13. «Գեոպրոմայնինգ գոլդ» 1 մլրդ 870,2 մլն
14. «Ինտերնեյշնլ մասիս» 1 մլրդ 855,8մլն
15. «Տրանսգազ» 1 մլրդ 600,1 մլն
16. «Ֆիլիպ մորրիս Արմենիա» 1 մլրդ 477,3 մլն
17. «Թեղուտ» 1 մլրդ 437,7 մլն
18. «Ավերս» 1 մլրդ 226,2 մլն
19. «Օնիրա քլաբ» 1 մլրդ 189,9 մլն
20. «Ռոսնեֆտ Արմենիա» 1 մլրդ 23,9 մլն

2015 թվականի երկրորդ եռամսյակի առաջին քսան ընկերությունները.
1. «Գազպրոմ Արմենիա» 24,616,391.7
2. «Զանգեզուրի ՊՄԿ» 9,759,582.7
3. ՀԷՑ 8,833,991.4
4. «Ալեքս գրիգ» 8,624,073.8
5. «ԱրմենՏել» 7,760,419.9
6. «Գրանդ-տոբակո» 7,442,159.8
7. «Ֆլեշ» 5,945,819.2
8. ՀԱԷԿ 4,604,055.7
9. «Ղ-տելեկոմ» 4,282,217.2
10. «Սիփիէս օիլ քորփորեյշն» 4,068,502.7
11. «Ինտերնեյշնլ մասիս» 3,798,480.2
12. «Ջեյ թի այ Արմենիա» 3,549,430.8
13. «Ամերիաբանկ» 3,444,511.9
14. «Ֆիլիպ մորիս Արմենիա» 3,085,685.9
15. «Տրանսգազ» 2,944,861.3
16. «Երեւանի ՋԷԿ» 2,828,367.0
17. «Ռենկո Արմէստեյտ» 2,826,808.8
18. «Թեղուտ» 2,513,418.3
19. «Օնիրա քլաբ» 2,383,547.9
20. «Էյչ-Էս-Բի-Սի բանկ» 2,322,468.5

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

ԵՐՐՈՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԿԱՐ
«Ժողովուրդ»-ը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց` ինչպես է գնահատում «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից իշխանություններին հանձնվելու որոշումը: «Բոլորս էլ հասկանում ենք, որ երկու լուծում կար խաղաղ հանգուցալուծման՝ կա՛մ իշխանությունները պիտի կատարեին առաջադրված պահանջները, դրա համար նրանք պիտի իշխանություն լինեին եւ ոչ Վ. Ավետիսյանի ասած կամակատարներ, կա՛մ պիտի զենքը վայր դնեին, կա՛մ հանձնվեին ԱԱԾ-ի տղաներին: Երրորդ տարբերակ չկար: Մյուս տարբերակն իշխանությունների հեռացումն էր, բայց կարծում եմ՝ նույնիսկ հեռանալու ինքնուրույն որոշում ընդունելու իրավունք իրենց չի տրված»:

 

 

ԱՆԻՐԱՎԱՉԱՓ
«Ժողովուրդ»-ը ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպան Մարինե Ֆարմանյանից հետաքրքվեց` հուլիսի 29-ին Երեւանում ոստիկանության կողմից բռնությունները որքանով են իրավաչափ եւ արդարացի: «Ցավոք, իրավաչափության մակարդակից չենք կարող խոսել: Արդեն զգայական մակարդակի վրա ստիպված եմ բնորոշում տալու, որ դա բացարձակ բարբարոսություն էր սեփական ազգի եւ ժողովրդի նկատմամբ: Կոնկրետ պլանավորված հարձակում էր ժողովրդի եւ լրագրողների նկատմամբ: Եթե պետության մեջ արդեն լրագրողի վրա ձեռք է բարձրացվում, լուրջ հարցականի տակ է դրվում նախ այդ պետության առաջընթացը եւ իրավական պետության գոյությունը: Գլխատվեց իրավական պետության տեսլականը»,-ի պատասխան մեր հարցի՝ ասաց փաստաբանը:

 

 

ԱՄԵՆ ԻՆՉ ՇՐՋՎԱԾ
Թեեւ Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը ֆորմալ առումով իշխանությունների թեկնածուն է, սակայն, ըստ ամենայնի, աջակցությունը ավելի շատ հռչակագրային բնույթ է կրելու, եւ Բալասանյանը պետք է հույսը դնի իր թիմի եւ վարկանիշի վրա: Ասվածի ապացույցն այն է, որ հայաստանյան իշխանությունների էլեկտորալ ամենաուժեղ ռեսուրսներից մեկը՝ «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղը, աշխատում է ոչ թե Բալասանյանի, այլ նախկին ՕԵԿ-ական, այժմ վերածնված Հովհաննես Մարգարյանի համար, որը հանրապետության երկրորդ քաղաքում հայտնի է օգնություն կաթի փոշու գողության գործով: Ըստ քաղաքում տարածված լուրերի՝ այդ ընկերության գլխավոր դեմքերը լինելու են Հովիկ Մարգարյանի ցուցակում: Դրանց թվում են իրացման գծով պետի տեղակալ Աղասի Ջանոյանը եւ Սերգեյ Ամիրբեկյանի խորհրդական Համիկ Պողոսյանը: Թերեւս զարմանալ պետք չէ, քանի որ Հայաստանում ամեն ինչ գլխիվայր շրջված է, եւ մենք ունենք ընդդիմություն, որին բացահայտ կերպով աջակցում է իշխանությունը:

 

 
ԷԼԻ ԿՀԱՆԴԻՊԻ
«Վիտալի Բալասանյանը, որն այսօր մեկնեց ԼՂՀ, մեկ շաբաթից կվերադառնա Հայաստան եւ կհանդիպի «Սասնա ծռեր» խմբի տղաների հետ»: Այս մասին երեկ հայտարարել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա նշել է, որ «Սասնա ծռերին» ոչ ոք չի ստիպել, իրենք կամովի են վայր դրել զենքերը. «Դուք նույնիսկ տեսաք, որ 1in.am-ը խախտեց համր տեսագրություն տալու պայմանը ու ձայնով տվեց, դա խախտում էր, բայց ոչինչ: Տեսաք, որ տղաները կամովին դուրս էին գալիս, այդ մարդկային վերաբերմունքը, կարծում եմ, աշխարհում աննախադեպ երեւույթ էր: Դրա մասին կա նաեւ հստակ նախագահի ցուցումը, որ որեւէ վատ վերաբերմունք չլինի, ցուցում կա, որ հիմա էլ նրանց նկատմամբ որեւէ վատ վերաբերմունք չի լինելու»,- հավաստիացրել է Իսագուլյանը:

 

 

ՍԽԱԼ ԷՐ
Քաղաքական եւ իրավական առումներով «սխալ» էր, որ Սերժ Սարգսյանը «Սասնա ծռեր» խմբի անդամներին ահաբեկիչներ անվանեց: Երեկ նման կարծիք է հայտնել «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: «Եթե դու նախագահի մակարդակով փաստում ես, որ երկրում կան ահաբեկիչներ, դու փակում ես քո երկիրը հնարավոր ներդրումների, տուրիզմի եւ նման բաների առջեւ: Շատ երկրներ, որտեղ իսկապես ահաբեկչություն կա, ամեն ինչ անում են՝ ցույց տալու համար, որ չկա: Իրավական առումով էլ է սխալ: Ըստ Սահմանադրության՝ դատական համակարգը գործադիրի հետ կապ չունի, եւ ցանկացած որակավորում սխալ է ոչ միայն, եթե ասում է՝ ահաբեկիչ: Նա պարզապես պետք է իրավիճակը գնահատեր ու օգտագործեր «զինյալ» բառը»,- երեկ հայտարարել է Ա. Պապյանը:

 

 

ՍՊԻԴ-ՈՎ ՀԻՎԱՆԴ ԷՐ
Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին երեկ մահացել է։ ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ 58-ամյա Քաջիկ Գրիգորյանի մահը վրա է հասել տարբեր աստիճանի այրվածքներից: ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության եւ այրվածքային գիտական կենտրոնի այրվածքաբան, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը armlur.am-ին հայտնել է, որ Գրիգորյանը իմունային անբավարարության վիրուս ուներ: «Ինքը տեղյակ էր իր խնդիրների մասին: Մեթոդային բուժում էր ստանում, թմրամոլ էր: Նրա բուժումը պարբերական բնույթ էր կրում, սահմանված կարգով մորֆի էր ընդունում»,- նշել է նա: Հարցին, թե ի՞նչ վտանգ կարող է սպառնալ Գրիգորյանի ինքնահրկիզման ժամանակ նրա մոտ գտնվողներին, արդյո՞ք վարակվելու հավանականություն կա, բժիշկը պատասխանել է.«Ես այս պահին կդժվարանամ ասել` հավանականությունը որքան կարող է լինել: Բժշկական տեսանկյունից դա կարող է շատ չնչին լինել, մինչդեռ օրենքի տեսանկյունից` պարտադիր է: Բայց հավանականությունը, մեծ հաշվով, չնչին մաս է կազմում: Այն մարդիկ, ովքեր նրան օգնություն են ցույց տվել, դիպել են նրա բաց վերքերին, կարող են բուժզննում անցնել, դա անվճար է: Պարզապես անվտանգության եւ ապահովության համար»:

 

 

ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
Լրագրողական կազմակերպությունները, այդ թվում՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (նախկին «Ինտերնյուս»), համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով ազատ արձակել «Արձագանք» ռադիոստուդիայի հիմնադիր-տնօրեն Եղիշե Պետրոսյանին։




Լրահոս