ՌՈՒՍ ԱՂՋԿԱՆ «ՍՏԻՊԵԼ Է» ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ՀԱՅԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քարե հովիտ», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», «Ընկեր Փանջունի», «Մեր բակը», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Ուրիշի փոխարեն» եւ մի շարք այլ ֆիլմերից հայտնի դերասանուհի, Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի արտիստուհի Ջուլիետա Բաբայանին հեռուստադիտողները շուտով կտեսնեն նոր սերիալում: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է 50 տարի Մայր թատրոնում աշխատելու, երիտասարդ մնալու գաղտնիքի եւ այլ թեմաների շուրջ:

-Տիկի՛ն Ջուլիետա, հեռուստանախագծերում ընդգրկվելու նոր հրավերներ ունե՞ք: Առաջիկայում Ձեզ նոր կերպարում կտեսնե՞նք:
-Այո՛, կարծում եմ` արդեն սեպտեմբեր ամսին «Շանթ» հեռուստաընկերության եթերում կլինի «Իմ մայրը» սերիալը, որտեղ ես եւս զբաղվածություն ունեմ:
-Հետաքրքիր է` Ձեր ամենահաջողված դերը ո՞րն եք համարում:
-Կարծում եմ` այն դեռ առջեւում է: Ամեն դեպքում, «Կորած եւ գտնված Հայաստանում», «Իմ մեծ հայկական հարսանիքը» ֆիլմերում խաղացած դերերս, կարծես, բավական սիրվեցին: Օրինակ` այս վերջին կինոնկարը, նաեւ իմ կերտած կերպարը, մի ռուս աղջկա «ստիպել է» հայ տղայի հետ ամուսնանալ: Նա հայ երկրպագու է ունեցել, եւ երբ դիտել է այդ ֆիլմը, մտածել է` եթե այդ տղայի հետ ամուսնանա, իմ մարմնավորած կնոջ պես սկեսուր կունենա: Այդ աղջկա հետ մենք պատահաբար հանդիպեցինք մեր ընդհանուր ընկերներից մեկի տանը, միայն տեսնեիք նրա ցնծությունը, երբ ինձ տեսավ: Հիմա նրանք ամուսնու հետ Երեւանում են ապրում, այդ աղջիկն էլ Հայաստանն այնքան է սիրում, որ չի էլ ուզում ուրիշ տեղ գնալ: Իսկ եթե քո կերպարը թեկուզ մի հոգու դրդում է Հայաստանում մնալ, ուրեմն քո նպատակին հասել ես (ծիծաղում է):
-Իսկ, Դուք, կարծեմ, իրական կյանքում սկեսուր դառնալու «բախտ» չունեք. երկու դուստր ունեք եւ հինգ թոռ: Ի դեպ, Ձեզ նայողը հազիվ թե կռահի, որ ուսանող թոռնիկ ունեք: Ո՞րն է Ձեր երիտասարդության գաղտնիքը:
-Գիտեք՝ նախորդ տարի նշում էինք իմ 70-ամյակը եւ ստեղծագործական կյանքիս 50-ամյակը: Շատերը պաստառի վրա 50 թիվը կարդալով` մտածել էին, թե 50-ամյակս էր: Հետո միջոցառման ընթացքում որ իմացան 70-ամյակս է, չէին հավատում: Երիտասարդ երեւալու համար ինչ-որ հատուկ «բաղադրատոմս» չկա, դա կապված է մարդու բնավորության հետ: Որքան մարդ բարի է, անմիջական, այնքան այդ հատկություններն արտացոլվում են նրա արտաքինի վրա: Դրա համար մարդկանց խորհուրդ կտամ բարիանալ, մեր քաղաքին ժպիտն է պակասում:
-Ձեր տեսած Հին Երեւանից ի՞նչը կուզենայիք հետ բերել:
-Ես ապրել եմ Աբովյան, Սարյան փողոցներում, հիշում եմ` Աբովյանի վրայի փոքր տները, որոնց կողքով անցնելիս երիտասարդ ժամանակ մտածում էի, թե երբ էին այդ հին տները քանդելու, որ նորերը կառուցեն, բայց հիմա, երբ, օրինակ, նայում եմ Հյուսիսային պողոտային, զգում եմ, որ այն քարացած «քաղաք է», եւ ափսոսում եմ, որ այդ «քաղաքում» գրեթե մարդ չի ապրում: Բացի այդ` կուզենայի, որ Երեւանը մաքուր պահեինք: Ես հիշում եմ, որ երբ Կարապի լիճը նոր էին կառուցել, ջուրը այնքան մաքուր էր, որ հաճախ փոքր դստերս տանում էի, այնտեղ լողանում էր: Հիմա այդ լճում շներին են մտցնում-լողացնում: Մի բան էլ կա. առաջ որ Աբովյանով իջնում էի, այնքան հարազատ դեմքերի էի հանդիպում, կանգնում էինք, խոսում, հիմա, ցավոք, նրանք չկան: Մեր ընկերները հեռացան: Ազատ Գասպարյանը, Կարեն Ջանգիրովը, Կարեն Ջանիբեկյանը… Մտածում եմ` այ մարդ, ինչո՞ւ այդքան շուտ գնացիք, ափսոս չէ՞իք, ախր:
-Տիկի՛ն Ջուլիետա, կես դար է` Մայր թատրոնում եք աշխատում: Բախտ եք ունեցել շփվել այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են` Բաբկեն Ներսիսյանը, Խորեն Աբրահամյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Վարդուհի Վարդերեսյանը եւ այլք: Հիմա ինչպիսի՞ն կցանկանաք տեսնել Ձեր հարազատ թատրոնը:
-Հիմա իմ ցանկությունն այն է, որ Սունդուկյանում լավ ներկայացումներ տեսնեմ, կարծում եմ` գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին կհաջողվի վերականգնել հին ավանդույթները, եւ մեր թատրոնը կլինի առաջվա պես ազդեցիկ:

 

 

 
ԱՄՆ-ՈՒՄ ԿՃԱՄՓՈՐԴԻ, ՕԴԱՆԱՎՈՒՄ ԿՍՏԵՂԾԱԳՈՐԾԻ

Երգիչ, բազում հիթերի հեղինակ Գրիգոր Կյոկչյանն այժմ աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով, քանի որ պատրաստվում է մեկ ամսով հանգստի մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ մի փոքր կտրվել առօրյայից: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ պլանավորում է լինել Լոս Անջելեսում, Լաս-Վեգասում, Նյու Յորքում, Վաշինգտոնում. «Եղբայրս նահանգներում է բնակվում, գնում եմ, որ նրա եւ ամերիկաբնակ ընկերներիս կարոտը առնեմ»,-ասաց Գրիգորը:

Նա հուսով է, որ ամերիկյան ճամփորդությունը, որն, ի դեպ, առաջինը չէ, անմոռանալի կլինի. «Ամեն անգամ, երբ ինձ հնարավորություն է ընձեռվում մեկնելու եվրոպական որեւէ երկիր, չգիտես ինչու, գերադասում եմ դրա փոխարեն մեկնել ԱՄՆ»,-խոստովանեց երգիչը:
Նա նշեց, որ, առհասարակ, ակտիվ հանգստի սիրահար է, իսկ դա պայմանավորված է իր մարդկային անհանգիստ տեսակով. «Օրինակ` ծովային հանգիստ չեմ սիրում եւ միշտ զարմացել եմ, որ մարդիկ կարող են շաբաթներով մեկնել ծովափնյա որեւէ երկիր եւ արեւայրուք ընդունել. երկու օր հետո դա ինձ համար դառնում է ձանձրալի եւ անհետաքրքիր: Թերեւս, ծով արժե մեկնել միայն սիրած էակի հետ: Փոխարենը ինձ միշտ գրավել են լեռները, նախընտրում եմ էքստրեմալ իրավիճակներում հայտնվել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքային կյանքին, ապա շատ եմ սիրում ակումբային կյանքը, ինձ համար հետաքրքիր է նաեւ այցելել տեղի մշակութային օջախներ, մասնավորապես` ժամանակակից արվեստի թանգարաններ: Իսկ քաղաքը բացահայտելու լավագույն ձեւն ինձ համար այնտեղ կորչելն է»,-մանրամասնեց Գրիգորը` հավելելով, որ աշնանը ծրագրում է մեկնել Լոնդոն եւ վստահ է, որ այդ քաղաքը եւս իրեն շատ դուր կգա:
Մենք հարցրինք` երգչին հաջողվում է արդյոք համատեղել հանգիստը եւ աշխատանքը. «Այո, վստահ եմ, որ նահանգներում գտնվելուս ժամանակ էլ երգեր գրելու պատվերներ եմ ստանալու, չգիտեմ` ինչպես եմ հասցնելու, բայց մտադիր եմ գոնե երգերի խոսքեր գրել, թեկուզ օդանավում (այդպես հաճախ է լինում)»,-ծիծաղելով եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՆՎԻՐՎԵԼ Է 25-ԱՄՅԱԿԻՆ
Ժնեւի մերձակա Պյուպլանժ քաղաքում հուլիսի 30-ին տեղի է ունեցել դասական երաժշտության միջազգային փառատոն, որի շրջանակներում, իբրեւ պատվո հյուր, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված համերգով հանդես է եկել Հայաստանի ազգային կամերային նվագախումբը։ Համերգի ընթացքում նվագախմբի, ինչպես նաեւ երիտասարդ ջութակահար Դիանա Ադամյանի կատարմամբ հնչել են հայ եւ միջազգային դասական կոմպոզիտորների, այդ թվում՝ Կոմիտասի ստեղծագործությունները։

 

 

ԱՍՏՂԵՐՆ ՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մինչեւ ԱՄՆ-ի 58-րդ նախագահական ընտրությունները մնացել է երեք ամիս: Հիմա պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարը ամենաթեժ փուլում է: Tert.am-ը ներկայացրել է, թե աշխարհահռչակ երաժիշտներից, դերասաններից, մարզիկներից, հաղորդավարներից ովքեր ում են պատրաստվում տալ իրենց ձայնը` երկրպագուներին կոչ անելով քաղաքացիական ակտիվություն ցուցաբերել:
Այսպիսով՝ ավանդաբար ամերիկյան ստեղծագործ էլիտան հակված է դեմոկրատների կողմը: Հիլարի Քլինթոնին իրենց համակրանքի մասին են հայտնել Քեթի Փերին, Բեյոնսեն, Լեդի Գագան, Լեոնարդո Դի Կապրիոն, Սալմա Հայեքը, Քիմ Քարդաշյանը եւ ուրիշներ: Հիլարի Քլինթոնի մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամի կողքին նույնպես աստղային շարք է կազմավորվել: Թրամփին իրենց աջակցությունն են հայտնել բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, դերասաններ Բրյուս Ուիլիսը, Սիլվեսթեր Ստալոնեն, ռոք-երաժիշտ Քիդ Ռոքը:

 

 

ՓՈԹԵՐԻ ՎԵՐՋԸ
«Հարի Փոթերը եւ անիծված զավակը» գիրքը կլինի Հարի Փոթերի մասին պատմության 8-րդ եւ վերջին մասը. տեղեկացրել է հեղինակ Ջոան Ռոուլինգը գրքի հիման վրա բեմադրված ներկայացման լոնդոնյան պրեմիերայի ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին:
Փոթերի մասին վերջին գրքի վաճառքը մեկնարկել է Մեծ Բրիտանիայում, հուլիսի 31-ի կեսգիշերին` համանուն ներկայացման պրեմիերայից հետո:




Լրահոս