ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ՀՀ տնտեսությունն աճում է, իսկ կառավարությունն էլ, իր առջեւ դրած թիրախային խնդիրները լուծելով, առաջ է շարժվում:
-Պարո՛ն նախարար, Ձեր ղեկավարած կառույցը սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեից 700 հազար դրամ կամ մոտ 1700 դոլար Է ծախսել նախարարության նիստերի դահլիճի կահույքը թարմացնելու համար: Որպես ֆինանսների նախարար, ով լավագույնս տեղյակ է երկրի ներկայիս ծանր ֆինանսական վիճակին մասին՝ ի՞նչ եք կարծում, արդյոք կարիք կար այս իրավիճակում նման ճոխություն թույլ տալ:
-Որպես ֆինանսների նախարար՝ ուզում եմ ասել, որ ե՛ւ նախարարության բյուջեն, ե՛ւ պետական բյուջեն ոչ թե 1 միլիոն, 500 հազար կամ 100 հազար դրամ է, այլ միլիարդներ, եւ այդ միլիարդներով պետությունը շատ ու շատ հարցեր է լուծում:
-Բայց այս ճգնաժամային պայմաններում, երբ ժողովուրդը բազմաթիվ խնդիրներ ունի, ըստ Ձեզ՝ ճի՞շտ է նման հարցեր լուծել, ասենք՝ 847 հազար դրամ՝ ավելի քան 2 հազար ԱՄՆ դոլար ծախսել վարագույրներ գնելու համար: Ձեր աշխատասենյակի, ֆինանսների նախարարության վերանորոգման համար ծախսվել է մոտ 15 մլն դրամ: Ինչպե՞ս եք բացատրում այդ ամենը:
-Առաջինը, նախեւառաջ՝ Ձեր նշած դեպքը վարագույրները չեն, դա եղել է շատ մեծ կառույց, որտեղ Դուք էլ կարող եք գալ ու տեսնել, եւ կոնկրետ այդ դահլիճը, որը վերանորոգվել է, եղել է շատ անմխիթար վիճակում: Այնտեղ մենք տարբեր հանդիպումներ ենք ունենում ե՛ւ լրագրողների, ե՛ւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, եւ այդ դահլիճի վիճակն այնպիսին էր, որ անհրաժեշտ էր այդ վերանորոգումը: Այդ դահլիճը մի փոքր մաքրվել, թարմացվել է, ուրիշ ոչ մի բան չի արվել:
-Միլիոններ են ծախսվում…
-Ի՞նչ միլիոններ, միլիոններ չեն ծախսվել, ֆինանսների նախարարությունը, համենայնդեպս, ոչ մի բան չի արել:
-Այսինքն՝ այդ վերանորոգման գումարը Ձեր «գրպանի՞ց» եք վճարել:
-Ես նորից եմ կրկնում՝ ֆինանսների նախարարությունը… իմ սենյակում որեւէ վերանորոգում չի կատարվել: Եթե որեւէ վերանորոգում տեսնեք, կասեմ՝ Դուք ճիշտ եք:
-Լավ: Անդրադառնանք 2014թ. բյուջեին: Որպես ֆինանսների նախարար` ինչպե՞ս եք այն գնահատում` հաշվի առնելով, որ այդ բյուջեով երկրում որեւէ սոցիալական խնդիր չի լուծվելու:
-Գիտեք ի՞նչ, յուրաքանչյուր տարի որոշ խնդիրներ լուծվում են, որոշ խնդիրներ ի հայտ են գալիս, ու յուրաքանչյուր տարի պետք է այնպես անել, որ առաջացած խնդիրները լուծելով գնանք առաջ: Այնպես որ, որեւէ տարվա բյուջե չի կարող ամբողջ խնդիրները լուծել, գոնե այն պատճառով, որ նոր խնդիրներ են առաջանում:
-Կառավարությունը խոստացել էր այս տարի 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Մինչդեռ, ինչպես հիշում եք, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե կառավարությունը չկատարի իր խոստումը, պետք է հրաժարական տա: Պատրաստվո՞ւմ եք հրաժարական ներկայացնել:
-Ընդհանուր առմամբ, այդ 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին… այդ խնդիրը քաղաքական թիրախ է, որը դրվում է կառավարության առջեւ: Այդ քաղաքական թիրախը նշանակում է, որ կառավարությունը պետք է իրականացնի առավելագույնը այդ թիրախին հասնելու համար: Տարին կավարտվի, եւ կքննարկվի՝ արդյոք կառավարությունն արել է ամեն ինչ, արել է հնարավորը այդ թիրախին հասնելու համար:
-Իսկ անձամբ Դուք գո՞հ եք Ձեր կատարած աշխատանքից, Ձեր առջեւ դրված խնդիրները լուծե՞լ եք:
-Ցանկացած մարդ իր կատարած աշխատանքի արդյունքների մի մասից գոհ է, մի մասից դժգոհ է, բայց, ամենակարեւորը, որ այդ պաշտոնյան, այդ մարդը խնդիրներ դնի ու փորձի լուծել: Բազմաթիվ խնդիրներ կան, ու այդ խնդիրների մի մասը լուծումներ ստանում է, մի մասն ընթացքի մեջ է, ու կարծում եմ, որ լուծում կգտնեն:
-Բայց տեսակետ կա, որ Ձեր ղեկավարած գերատեսչությունը որեւէ դրական արդյունքի չի հասել, դա բացատրվում է տնտեսական աճի…
-Տնտեսությունն աճում է, մենք 4 տոկոս տնտեսական աճ ունենք: Դա նշանակում է, որ մեր տնտեսությունը չի՞ աճում:
-ՀՀ քաղաքացիներն այդ ամենն իրենց մաշկի վրա չեն զգում:
-Դա Ձեր կարծիքն է: Հասարակության որոշ շերտեր, որոշ սոցիալական խմբեր, իհարկե, ունեն խնդիրներ, ու այդ խնդիրներն ակնհայտ են: Բայց որոշ սոցիալական խմբեր էլ ունեն առաջընթաց, բիզնեսի մի մասում կա առաջընթաց, մի մասում չկա առաջընթաց, դա այդպես է:
-Սակայն Ձեր նշած «որոշ շերտերը» կազմում են ՀՀ բնակչության գերակշիռ մասը, մարդիկ արտագաղթում են:
-Չեմ կարծում, որ արտագաղթը կախված է միայն տնտեսական գործոններից:
-Բայց մի՞թե ակնհայտ չէ, որ դա է առաջնային պատճառը. մարդիկ աշխատանք չունեն ու փորձում են այլ երկրներում լուծել իրենց սոցիալական խնդիրները:
-Շատ գործոններից է կախված, միայն աշխատանքը չէ, ես Ձեզ վստահեցնում եմ, որ կան շատ ու շատ մարդիկ, ովքեր ունեն աշխատանք, բայց փոխում են երկիրը:
-Ձեր կարծիքով՝ ուղղակի հեռանո՞ւմ են:
-Իմ կարծիքով չէ, դա այդպես է:
ԲՅՈՒՋԵՈՒՄ ՄԻԼԻՈՆՆԵՐ ՉԵՆ, ԱՅԼ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ