ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւան-Հոկտեմբերյան ճանապարհին

Երեկ գյուղացիները փակել էին Երեւան-Հոկտեմբերյան ճանապարհը: Պատճառն այն է, որ «ՄԱՊ» ընկերությունը չի տվել իրենց գումարները, իսկ լոլիկն էլ չեն ընդունում մթերման: Գյուղացիները սպասում էին, որ իրենց մոտենան եւ հարցին որեւէ պատասխան տան: Որոշակի բանակցություններից հետո գյուղացիները ճանապարհը բացել են: Նրանք բանակցել են «ՄԱՊ» ընկերության տնօրեն Ալիկ Պետրոսյանի, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ լոլիկը կմթերվի:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ իրավաբանական անձի փոփոխությունների համար ո՞ւր պետք է դիմել, ո՞ր մարմինն է կատարում իրավաբանական անձանց փոփոխությունների պետական գրանցում:

Լարիսա Մնոյան (45 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մնոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ իրավաբանական անձի փոփոխությունների պետական գրանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) կողմից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից գրանցված իրավաբանական անձանց մոտ կատարվող փոփոխությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, պայմանագրային ներդրումային ֆոնդեր եւ այլն):

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ իրավաբանական անձի փոփոխությունների գրանցման համար դիմելու իրավունք ունի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված ցանկացած գործունակ անձ կամ օրենսդրությամբ նախատեսված ցանկացած այլ անձ:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ կուտակային բաղադրիչին ժամկետային զինծառայողները, ուսանողները եւ դեկրետային արձակուրդի մեջ գտնվող կանայք մասնակցո՞ւմ են, թե՞ ոչ:

Միլենա Խաչատրյան (29 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակից են հանդիսանում վարձու աշխատողները, նոտարները եւ անհատ ձեռնարկատերերը: Կենսաթոշակային այս բաղադրիչի առանձնահատկություններից մեկն այն է, որ անհատական կենսաթոշակային հատկացումները կատարվում են մասնակցի բազային եկամտից: Սա նշանակում է, որ կյանքի բոլոր այն ժամանակահատվածներում, երբ մասնակիցը չի ստանում բազային եկամուտ, չի կատարում նաեւ նպատակային սոցիալական վճարներ: Մասնակցի կյանքում այդպիսի ժամանակահատվածներ են գործազրկության, ուսումնառության, պարտադիր զինվորական ծառայության, երեխայի՝ մինչեւ 3 տարեկան դառնալը, խնամքի հետ կապված արձակուրդի եւ այլ ժամանակահատվածները:
շարունակելի

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը օրենքով սահմանված կամավոր կուտակային վճարների ու դրանց ներդրումից ստացված եկամուտների կամ ապահովագրական վճարների հաշվին անձանց տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում ապահովում է լրացուցիչ կենսաթոշակով: Հիշեցնենք, որ կամավոր կուտակային բաղադրիչը գործում է 2011 թվականի հունվարից, որի մասնակից կարող է լինել 16 տարին լրացած ցանկացած անձ՝ առանց տարիքային սահմանափակման: Ի դեպ, անձը կենսաթոշակային խնայողություններ կարող է կատարել նաեւ կամավոր կուտակային բաղադրիչի միջոցով` կամավոր ընդունված որոշման հիման վրա, անկախ պարտադիր կուտակային համակարգի մասնակից լինելու հանգամանքից:




Լրահոս