Երեկ Հայաստանի նախագահական կայքը պաշտոնապես ազդարարեց, որ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս հաղորդագրությունն ուշագրավ է այն տեսանկյունից, որ դրանում ոչինչ նշված չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու եւ ԼՂՀ խնդրի շուրջ բանակցելու մասին: «Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա Նախագահ Պուտինի հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջեւ մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ»,- նշված է նախագահականի տարածած հաղորդագրությունում:
Մինչ այս հայտնի էր, որ օգոստոսի 8-ին Մոսկվայում պետք է տեղի ունենա Սարգսյան-Պուտին-Ալիեւ հերթական եռակողմ հանդիպումը, որի ընթացքում պաշտոնական Մոսկվան փորձելու էր հայկական կողմին պարտադրել ԼՂՀ խնդրի կարգավորման հետ կապված կոնկրետ խոստումներ տալ: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Հայաստանում վերջին երկու շաբաթներին ծավալված իրադարձությունների արդյունքում ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները մի առ ժամանակ հետաձգվել են: Սակայն Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, Մոսկվա մեկնելը փաստում է, որ ռուսական կողմը մտադիր չէ երկար սպասել: Իսկ թե ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձությունների շնորհիվ Սերժ Սարգսյանը որքան ժամանակ շահեց, պարզ կդառնա նրա մոսկովյան այցելությունից հետո:
Հայաստանի ֆինանսների նախարարությունը մտադիր է օգոստոսի ընթացքում աճուրդի հանել 16 միլիարդ 860 միլիոն դրամի պետական պարտատոմսեր: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական տեղեկագրից: Նույն փաստաթղթում նշված է նաեւ, որ օգոստոսին ֆիննախը մտադիր է հետ գնել մեկուկես միլիարդ դրամի` նախկինում տեղաբաշխված պարտատոմսեր: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ օգոստոսին միայն պետական պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում Հայաստանի պետական պարտքը կաճի 15 միլիարդ 360 միլիոն դրամի կամ մոտ 32 միլիոն 300 հազար դոլարի չափով: Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն փաստը, որ երեկվա դրությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դեռեւս չէր հրապարակել հուլիսի ընթացքում պետական բյուջե մուտք եղած հարկերի եւ տուրքերի թիվը: Նախորդ ամիսներին հաշվետու ժամանակաշրջանում հավաքված հարկերի թիվը հրապարակվում էր հաջորդ ամսվա առաջին կամ երկրորդ աշխատանքային օրը:
Երկու օրից` օգոստոսի 6-ին, ուժի մեջ կմտնեն «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում մեկ ամիս առաջ կատարված փոփոխությունները: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիները կրկին իրավունք կունենան սովորական անձնագրեր ստանալ: Ինչպես հայտնի է՝ 2014 թվականի հունվարի 1-ից ՀՀ չափահաս քաղաքացիներին հին նմուշի նոր անձնագիր չէր տրվում: Նրանք կարող էին ստանալ միայն նույնականացման քարտ, որը Հայաստանի տարածքում փոխարինում է անձնագրին, իսկ երկրից դուրս գալու համար մարդիկ պետք է 25 հազար դրամ վճարեին եւ կենսաչափական անձնագիր ստանային: Բայց այժմ պարզվում է, որ այդ պարտադիր պահանջի կարիքը կրկին չկա, եւ մարդիկ կարող են սովորական անձնագրեր ստանալ: Եւ այստեղ բնական հարց է ծագում՝ ինչու պետք է ՀՀ քաղաքացիները երկուսուկես տարի պարտադրված վճարեին 25 հազար դրամ, որպեսզի հետո պարզվեր, որ առանց դրա էլ, ընդամենը հազար դրամով էլ կարելի է անձնագիր ստանալ:
Ինչպես հայտնի է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ անցած տարվա մայիսի 20-ին տեղի ունեցած մահափորձի քրգործով մեղադրյալներից մեկը Արա Բուդաղյանն էր, որը շուրջ մեկ տարի կալանքի տակ մնալուց հետո, ի վերջո, ազատ արձակվեց, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: «Ժողովուրդ»-ը Սյունիքի մարզպետից փորձեց պարզել, թե ո՞վ պետք է պատասխան տա Բուդաղյանին մեկ տարի անհիմն կալանքի տակ պահելու համար: «Ես երբեւիցե բողոքե՞լ եմ, որ Արա Բուդաղյանը իմ նկատմամբ մահափորձի փորձ է կատարել, ինչ-որ մի տեղ արտահայտված կա՞մ: Ես անգամ Արա Բուդաղյանի ձերբակալման ժամանակ Հայաստանից բացակայում էի: Ես որեւիցե մեկին ասե՞լ եմ, որ նա իմ նկատմամբ մահափորձ է արել կամ չի արել: Չեմ ասել նման բան, հիմա ով բռնել է, թող նա մտածի, ով բաց է թողել, թող նա մտածի, թող իրար հետ մտածեն, թե ինչու են ձերբակալել, ինչու են թողել»,- «Ժողովուրդ»-ի լրագրողին պատասխանել է մարզպետ Խաչատրյանը:
ՀԱՐՑԱՀԱՐՈՒՅՑ
Երեկ հայտնի դարձավ, որ օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանը մեկնելու է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման: Ու թեեւ պաշտոնական հաղորդագրության մեջ քննարկվելիք հարցերի շրջանակում ուղղակիորեն նշված չէ ԼՂՀ-ի հարցը, ակնհայտ է, որ հենց դա է լինելու քննարկման առանցքում: Հատկապես, որ դրանից ընդամենը 2 օր առաջ՝ օգոստոսի 8-ին, Պուտինը Բաքվում կհանդիպի Իլհամ Ալիեւի հետ, ապա արդեն օգոստոսի 9-ին՝ կհյուրընկալի Թուրքիաի նախագահ Ռեջեփ Էրդողանին, եւ, բնականաբար, այդ հանդիպումների ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ կլինեն կարեւոր քննարկումներ, գուցե նաեւ՝ պայմանավորվածություններ:
Ինքնին այս հանդիպումների հաջորդ օրը Ս. Սարգսյանին Մոսկվա հրավիրելու փաստն արդեն մտահոգիչ է, եւ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչով է Ս. Սարգսյանը գնում Մոսկվա՝ մինչ այս «հաջողությամբ» կասեցնելով հուլիսի 17-ից «Սասնա ծռերի» սկսած ապստամբության փորձը: Արդյոք «Սասնա ծռերի» քայլը էլ ավելի թուլացրեց Սարգսյանի դիրքերը, թե հակառակը՝ նա 15 օր շարունակ երկիրը ցնցումների դուռը հասցրած այս իրավիճակը կարող է ներկայացնել որպես խաղաքարտ՝ խուսափելու համար տարածքային զիջումների շուրջ հնարավոր ճնշումներից: Այս հարցի պատասխանը ստանալու համար, սակայն, նախ հարկ է հասկանալ, թե ինչու էր ՌԴ-ն այդքան փափագում, որ Հայաստանի իշխանություններն օր առաջ արյան մեջ խեղդեին այդ «ահաբեկչությունը», ինչի մասին պաշտոնական Մոսկվան մեկը մյուսի հետեւից հայտարարություններ էր անում՝ այդ ընթացքում չխորշելով անգամ քննադատել ԵՄ «կեղծ մարդասիրությունը», որն իր հայտարարություններում կատարվածը դիտարկում էր որպես անթույլատրելի, սակայն քաղաքական գործընթաց՝ համապատասխանաբար հանգուցալուծման քաղաքական քայլերի կոչեր անելով:
Մի կողմից, իհարկե, Խորենացի փողոցում զարգացող պրոցեսը կարող էր Մոսկվայի մոտ առաջացնել մայդանային մտավախություններ, եւ ապստամբության փորձը արյան մեջ խեղդելու նրանց կոչը կարելի է այս համատեքստում ընկալել: Մյուս կողմից, սակայն, դա կարող էր լինել ընդամենը Հայաստանում քաոս ստեղծելուն ուղղված ծրագրի մեկնարկ, որը, ամեն դեպքում, Ս. Սարգսյանը կարողացավ կանխել: Այլ հարց է, որ դա մյուս կողմից էլ կարող էր հրաշալի առիթ լինել Արեւմուտքի համար՝ վերջապես երկրում գունավոր հեղափոխություն իրականացնելու նպատակով:
Իրականում անցած 15 օրերին Խորենացի փողոցում իրենց մասնաբաժինն էին ցանկանում ունենալ թե՛ Արեւմուտքը, թե՛ Ռուսաստանը, եւ դա հստակ տեսանելի էր անգամ ոչ շատ սուր աչք ունեցող փորձագետների համար, եւ այն, որ ՊՊԾ գնդի գրավման վերջին օրերին Վարուժան Ավետիսյանը ուշագրավ փոփոխություններ կատարեց իրենց պահանջներում՝ զուտ Ս. Սարգսյանի եւ նրա վարչակազմի դեմ ուղղված պայքարը վերաորակավորելով որպես ՌԴ-ի դեմ ապագաղութացման պայքար, բավականին հետաքրքրական է եւ լուրջ մտորումների տեղիք տվող: