Այս տարվա առաջին կիսամյակի վերաբերյալ հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10,3 տոկոսով աճել են: Տվյալ դեպքում խոսքը ոչ թե արդյունաբերական արտադրանքի բնեղեն արտահայտության մասին է, այլ գումարային արժեքի:
Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը, սակայն, չի խանգարել, որ արդյունաբերական ձեռնարկությունների աշխատակիցների թիվը նվազի: 2015-ի առաջին կիսամյակի արդյունքներով արդյունաբերական ձեռնարկությունների աշխատակիցների թիվը կազմել է 80 հազար 825 հոգի: Այս տարվա առաջին կեսի արդյունքներով արդյունաբերության աշխատողների թիվը եղել է 79 հազար 949 մարդ, անկումը կազմել է 876 աշխատատեղ:
Երբ ուսումնասիրում ենք առանձին արդյունաբերական արտադրանքների արտադրության ծավալների վիճակագրական տվյալները, պարզվում է, որ բոլոր առանցքային ոլորտներում լուրջ անկումներ են արձանագրվել: Մասնավորապես, այս տարվա վեց ամիսներին 4,5 տոկոսով ավելի քիչ էլէներգիա է արտադրվել, քան անցած տարի: Այս փաստն ուշագրավ է, քանի որ էլէներգիայի արտադրությունն ու սպառումը արդյունաբերության իրական վիճակը բնորոշող ամենաօբյեկտիվ ցուցիչներից մեկն է: Եթե արդյունաբերությունը սկսում է զարգանալ եւ աճել, ապա էլէներգիայի արտադրությունը չի կարող նույնը մնալ կամ առավել եւս նվազել: Հակառակ երեւութը պետք է տեղի ունենա. արդյունաբերության աճը ավելի շատ էլէներգիա է պահանջում: Իհարկե, տեսականորեն հնարավոր է, որ էլէներգիայի սպառումը չփոխվի կամ անգամ մի բան էլ աճի առանց էլէներգիայի արտադրության աճի: Նման բան կարող է տեղի ունենալ միայն էլէներգիայի բաշխիչ ցանցում կորուստների մակարդակը էապես նվազեցնելու դեպքում: Սակայն մինչ օրս ոչ մեկը նման հայտարարությամբ հանդես չի եկել, եւ ոչ էլ պաշտոնական վիճակագրությունում այդ մասին տվյալներ կան:
Հաջորդ խնդիրը, որը Հայաստանի արդյունաբերության համար առանցքային նշանակություն ունի, դա Հայաստանի բնական հանածոների սրընթաց սպառումն է: Բանն այն է, որ գումարային արտահայտությամբ հանքագործական արդյունաբերությունում 20,3 տոկոսի անկում է արձանագրվել: Այլ կերպ ասած՝ այդ ոլորտից ստացված հասույթը շեշտակի քիչ է եղել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Սակայն փաստն այն է, որ հանքարդյունաբերության հիմնական ճյուղի պղնձի խտանյութի արդյունահանումը` բնեղեն արտահայտությամբ, անցած տարվա համեմատ կտրուկ` շուրջ 30 տոկոսով աճել է: Ստացվում է, որ այս տարի հանքերը պղնձի խտանյութի արդյունահանման ծավալները կտրուկ ավելացրել են, բայց քանի որ միջազգային գները էապես նվազած են եղել, նրանց հասույթը շեշտակի նվազել է: Տվյալ դեպքում բնական հանածոների, այն է՝ պետական հարստության պարտադրված վատնման սովորական օրինակի հետ գործ ունենք:
Հայաստանի արդյունաբերության երկու հիմնական` մշակող արդյունաբերության եւ սննդամթերքի արտադրության ճյուղերում եւս վեց ամսվա արդյունքներով լուրջ անկում է արձանագրվել: Մշակող արդյունաբերության անկումը կազմել է 7,3 տոկոս: Իսկ սննդամթերքի արդյունաբերության ծավալները նվազել են 17,7 տոկոսով: Նման պայմաններում բնական հարց է ծագում. այդ դեպքում ինչի հաշվին է արդյունաբերական արտադրանքի ծավալների գումարային արտահայտության աճ արձանագրվել: Այս խնդիրը լուծվել է ընդամենը մեկ արտադրատեսակի` ադամանդի վերամշակման ծավալների կտրուկ ավելացման շնորհիվ: Բանն այն է, որ անցած տարվա վեց ամիսներին Հայաստանում մշակվել է ընդամենը 21 հազար 670 կարատ ադամանդ: Այս տարվա առաջին կեսին մեր հանրապետությունում մշակվել է 59 հազար 119 կարատ ադամանդ, ինչը անցած տարվա համեմատ 2,7 անգամ ավել է: Ինչպես հայտնի է՝ ադամանդի հումքը Հայաստան է ներկրվում տարբեր երկրներից, այստեղ այն վերամշակվում է եւ որպես պատրաստի արտադրանք վերադարձվում իր տերերին: Այս տարվա առաջին կեսին Հայաստան է ներկրվել ավելի քան 87 մլն 175 հազար դոլար արժողությամբ անմշակ ադամանդ: Մի խոսքով, ադամանդի վերամշակման ծավալները ավելացնելով՝ հանրությանը փորձում են համոզել, որ արդյունաբերությունն աճել է: Իսկ Հայաստանի բնակչությունն այդպես էլ չի կարողանում պարզել, թե այդ դեպքում ինչու է իր կյանքը օրեցօր վատանում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՊԱՀՊԱՆԵԼԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես հայտնի է՝ ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին օրերս հարցազրույցի ընթացքում հերթական անգամ հակահայկական մի շարք հայտարարություններով էր հանդես եկել: Նա պատասխանելով Հայաստանում ծավալված վերջին զարգացումների շուրջ հարցին՝ ասել էր. «Թքած Հայաստանի վրա: Ո՞ւմ է պետք Հայաստանը»: ՀՀ ԱԳՆ-ն այդպես էլ չհամարձակվեց ՌԴ իր գործընկերներից հաշիվ պահանջել: «Ժողովուրդ»-ը քաղաքագետ Արա Պապյանից հետաքրքրվեց, թե նման դեպքերում պետության արտաքին քաղաքականության պատասխանատուների որ վարքագիծն է ճիշտ: «Նման հայտարարությունները` նման բառապաշարով, անընդունելի են, այն էլ քաղաքական միջավայրում, առավել եւս ստրատեգիական դաշնակցի նկատմամբ: Եթե միտքն այն է, որ հայերը ուրիշ ելք չունեն, մեզ հետ պետք է լինեն, այդ միտքն էլ կարելի էր դիվանագիտորեն արտահայտել, խոսել, իսկ դա որոշակի արհամարհանքի ցուցանիշ է: Կարծում եմ, որ մեր պետությունը շատ ավելի կոշտ պետք է պատասխանի ե՛ւ Ժիրինովսկուն, ե՛ւ ռուսական պետությանը: Պատկերացնենք նման ոճով հայաստանցի մի պատգամավոր խոսեր Ռուսաստանի կամ այլ երկրի հասցեին, ինչպիսի ռեակցիա կլիներ: Ա՛յ, մենք այդ հավասար արժեքության սկզբունքը պետք է պահպանենք»,- պատասխանեց Պապյանը:
ՄԵԾ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ՉՈՒՆԵՆ
Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին կմեկնի Մոսկվա եւ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «ժողովուրդ»-ը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից փորձեց պարզել, թե ըստ իրենց՝ այս հանդիպումն ինչ ազդեցություն կարող է ունենալ ԼՂՀ հակամարտության կարգավորման վրա: «Ցանկացած նման հանդիպում արժեւորում ենք, որովհետեւ այսպիսի հանդիպումները միանշանակ դրականորեն են ազդում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանը եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ բանակցային միջոցով կարգավորմանը: Ադրբեջանը այնքան է դեստրուկտիվ իրեն պահում, որ դժվար է ակնկալել շուտափույթ լուծում կամ առաջընթաց»,- պատասխանեց Բաբայանը:
ՆՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը այսօր կառավարություն կներկայացնի «Էներգաիմպեքս» ՓԲԸ ստեղծելու մասին որոշում: Ընկերության սեփականատերը լինելու է ՀՀ կառավարությունը: Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության՝ այս ընկերության ստեղծումը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանից՝ առավել արդյունավետ դարձնելով հայ-իրանական գազամուղի օգտագործումը:
ՄԵԴԱԼՈՎ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող, Քուվեյթի Պետության դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդիին: Նալբանդյանը դեսպան ալ-Քաբանդիին է հանձնել ԱԳՆ Պատվո մեդալը:
ԵՐԿՈՒ ՆԱԽԿԻՆՆԵՐՈՎ
Երեկ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը գնացել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն (ՌԱՀՀԿ)՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման: Թե ինչ է քննարկվել նրանց միջեւ, հայտնի չէ:
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՄՈԴԵԼ
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հուլիսի 30-ին հանրապետության նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է նախաբանից, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, կառավարման համակարգը, դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարումը եւ հանրաքվեն բաժիններից: Մասնագիտական հանձնաժողովի կողմից առաջարկվել է նախագահական կառավարման մոդել: Հայեցակարգը հանրապետության նախագահի կողմից հավանության արժանանալու դեպքում մասնագիտական հանձնաժողովը շարունակելու է աշխատանքները սահմանադրական բարեփոխումների նախագծի վրա:
ԿԱՅՑԵԼԻ ՌԴ
Գերմանիայի արտգործնախարար եւ ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը օգոստոսի կեսին կայցելի Ռուսաստան: Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի` օգոստոսի 14-15-ը կայանալիք այցը նվիրված է Էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների ռուս-գերմանական ամառային դպրոցի բացմանը, որը կազմակերպել է Ուրալի դաշնային համալսարանն ու Եկատերինբուրգի EUREF ինստիտուտը:
ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ռուսական RIA Novosti գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կողմերից ակնկալում է խաղաղ կարգավորման հարցի վերաբերյալ պարտավորությունների կատարում: «Չնայած այն բանին, որ շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, մենք անհանգստացած ենք հրադադարի ռեժիմի վերջին դեպքերի խախտումների առնչությամբ: Մենք ակնկալում ենք, որ կողմերը կկատարեն հակամարտության խաղաղ կարգավորման իրենց պարտավորություններն ու կխուսափեն բռնության ցանկացած էսկալացիայից»,- հավելել է Ուորլիքը:
ԱՆԼՐՋՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը մեկնաբանել է նախօրեին Վլադիմիր Ժիրինովսկու կողմից Հայաստանի վերաբերյալ արված արտահայտությունները: «Պարոն Ժիրինովսկուն միշտ էլ բնորոշ է եղել քաղաքական անհեթեթությունը, որի վառ դրսեւորումներն են տարբեր հարցերի առնչությամբ նրա կողմից արված անլուրջ մեկնաբանությունները: Այս առումով լրջորեն վերաբերել Հայաստանի վերաբերյալ արտահայտություններին եւ հատկապես փորձել դրանք ներկայացնել որպես Ռուսաստանի դիրքորոշում, նույնպես անլրջություն է: Պարբերաբար Ժիրինովսկու կողմից երեւույթների արտառոց մեկնաբանությունները դարձել են նրա քաղաքական գոյատեւման դրսեւորումներից, որոնց նպատակն է ուշադրություն հրավիրել սեփական անձի վրա: ՌԴ պետդումայի էկսցենտրիկ պատգամավորի ցինիկ արտահայտությունների մասին մեր տեսակետներն ենք հայտնել ՌԴ ԱԳՆ, որտեղից համապատասխան պարզաբանումներ ենք ստացել»,-ասել է Եսայանը: