ՀԼԸ ԹՈՂ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ ՊԱՀԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու ամսից Հայաստանի՝ շուրջ 700 համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սյունիքի մարզում ՏԻՄ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 18-ին, իսկ, ահա, թեկնածուները առաջադրման մասին տարածքային հանձնաժողովներին պետք է դիմեն օգոստոսի 14-ից մինչեւ 19-ը ընկած ժամանակահատվածում: Այսինքն՝ 10 օր է մնացել, որպեսզի Սյունիքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար թեկնածուները հստակեցնեն իրենց քայլերը. առաջադրվում են, թե ոչ:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը ՏԻՄ ընտրություններին ընդառաջ զրուցեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, ի՞նչ պատկեր է Սյունիքի մարզում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ:
-Բոլոր համայնքներում ազատ պայմաններ են ստեղծելու բոլոր թեկնածուների համար:
-Իսկ Դուք որոշե՞լ եք՝ ում եք սատարելու:
-Ա՛յ մարդ, բոլորը մեր սյունեցիներն են եւ իմ թեկնածուներն են, ով էլ դնի, մերն է: Կարող է՝ Իրանից են գալիս, թեկնածություն դնում, բոլորն էլ Սյունիքից են, բոլորն էլ մեր ժողովուրդն են: Ժողովուրդը, ում արժանի կգտնի որպես իր համայնքի ղեկավար, նրան էլ կընտրի:
-Բայց Գորիսում իրավիճակը փոքր-ինչ այլ է: Ասում են՝ առանց Ձեր «դաբրոյ»-ի այնտեղ որեւէ մեկը չի կարող թեկնածություն դնել: Որոշե՞լ եք, թե ո՞ւմ եք սատարելու:
-Առայժմ որոշված չի, բան չի մնացել, ամսի 14-ից թեկնածուները առաջադրվում են: 10 օր համբերեք, կտեսնենք՝ ովքեր են առաջադրվում, եւ ես կասեմ, թե ում եմ սատարում:
-Տեսակետ կա, որ իշխող ՀՀԿ-ն փորձում է նոր դեմքեր առաջ բերել՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար: Այդպե՞ս է:
-Եթե փորձառու աշխատող մարդիկ են, աշխատելու են, եթե փորձառու չեն եւ երկար ժամանակ աշխատել են, բայց ոչ մի բան չեն արել, այդ մարդիկ, բնական է, աշխատանքը շարունակելու իրավունք չունեն:
-Սիսիան քաղաքում թեկնածուների մասով արդեն հստակություն կա. գործող քաղաքապետն է առաջադրվում, սակայն խոսվում է, որ Դուք որոշել եք Սյունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանգյանին սատարել:
-Չէ՛, չէ՛, Թանգյանը հենց գյուղվարչության պետն է, դնում է, ի՞նչ անի, Թանգյանը այդ ցանկությունը չունի, ես էլ ցանկություն չունեմ: Թանգյանը՝ որպես գյուղատնտեսության գլխավոր մասնագետ, բարձր մակարդակով կարողանում է դա անել: 10 օր համբերեք, կտեսնենք՝ ովքեր են առաջադրվում, եւ ես կասեմ, թե ում եմ սատարում:
-Պարո՛ն Խաչատրյան, 2015 թվականի մայիսի 20-ին Ձեր դեմ մահափորձ իրականացվեց, եւ այս գործով 1 տարի կալանքի տակ մնաց Գորիսի քաղաքապետի թեկնածու, սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը: Ստացվում է, որ Ձեր դեմ մահափորձի գործով մարդուն անհիմն կալանքի տակ էին պահում եւ մեկ տարի հետո նոր բաց թողեցին: Դուք միտում չե՞ք տեսնում այս ամենի մեջ:
-Ես մտածելու բան չունեմ, ով որ կալանավորել է, թող նա մտածի, ով բաց է թողել թող նա մտածի, ես ի՞նչ պետք է մտածեմ:
-Ձեր դեմ է իրականացվել մահափորձը, ու մարդը անհիմն մնացել է կալանքի տակ, Դուք կապ չունե՞ք նրան անհիմն կալանքի տակ պահելու փաստի հետ:
-Ես երբեւիցե բողոքե՞լ եմ, որ Արա Բուդաղյանը իմ նկատմամբ մահափորձի փորձ է կատարել, ինչ-որ մի տեղ արտահայտված կա՞մ: Ես անգամ Արա Բուդաղյանի ձերբակալման ժամանակ Հայաստանից բացակայում էի: Ես որեւիցե մեկին ասե՞լ եմ, որ նա ինձ մահափորձ է արել կամ չի արել, չեմ ասել նման բան, հիմա ով բռնել է, թող նա մտածի, ով բաց է թողել, թող նա մտածի, թող իրար հետ մտածեն, թե ինչու են ձերբակալել, ինչու են թողել:
-Փաստորեն Դուք իր դեմ ցուցմունք կամ բողոք չեք գրե՞լ:
-Ես ո՛չ բողոքել եմ, ո՛չ էլ խնդիր ունեմ:
-Շուրջ 15 օր էր, Ինչ Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում լարված իրավիճակ էր: «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը: Մարդիկ բողոքում էին երկրում տիրող անարդարության անհավասարության դեմ: Ձեզ չի՞ մտահոգում մեր երկրում տիրող անարդարության մթնոլորտը:
-Շատ վատ արարք էր, շատ վատ, խայտառակ արարք էր եւ անթույլատրելի, դատապարտելի:
-Բայց մարդկանց համբերության բաժակը լցվել էր. հավասարություն եւ արդարություն են ուզում:
-Հլը թող իրենք իրենց հավասարակշիռ պահեն, հետո հավասարություն ուզեն, ամեն ինչն էլ շատ հավասար է, շատ նորմալ է: Նրանք իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում:
-Կոնկրետ մտահոգություններ կան ինչպես խմբավորման անդամների, այնպես էլ հասարակության մոտ, որ ԼՂՀ որոշ տարածքների զիջման հարցն է դրված:
-Մենք որեւիցե տարածք չենք զիջելու, տարածքների զիջման խնդիր չկա, եւ նրանց խնդիրը, նպատակը ո՛չ դա էր, ո՛չ էլ այլ բան, նրանց նպատակը ընդամենը հանցագործությունն էր:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԾԵԾԻՑ ՄԻՆՉԵՎ ԹՄՐԱՆՅՈՒԹ
«Ժողովուրդ»-ը այս տարվա մարտի 18-ին հրապարակել էր, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվող «Դիանա» ռեստորանի դիմաց ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի էր ունեցել ծեծկռտուք:
Ոստիկանապետը ծեծի էր ենթարկել իր հետ վեճի բռնված երիտասարդներին, որոնց մեջ եղել էր նաեւ ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գեւորգյանի եղբայրը՝ Արթուր Գեւորգյանը:
Դեպքի վայրում էին նաեւ մարզի դատախազը, քննչական ծառայության ղեկավարը եւ այլ պաշտոնյաներ, սակայն հետագայում քրեական գործ հարուցվեց ոչ թե ծեծողի, այլ Արթուր Գեւորգյանի դեմ, եւ ոստիկանին դիմադրելու համար նա կալանավորվեց:
«Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո, սակայն, քրեական գործի ընթացքը փոխվեց, եւ գործն ուղարկվեց ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ քննում են ոստիկանապետ Ազիզյանի արարքները: Իսկ Արթուրը ազատ արձակվեց:
Ինչեւէ: 4 ամիս տեւած քննությունից հետո հատուկ քննչական ծառայությունը որոշեց արդարացնել Արթուր Գեւորգյանին եւ նրա դեմ հարուցված քրեական գործը կարճել: Սակայն, ինչպես նկատում ենք, այս միջադեպից հետո ծավալված իրադարձությունների մասով նոր զարգացումներ կան:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արթուր Գեւորգյանի՝ թմրանյութ օգտագործելու մասով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական բաժնում քննություն է ընթանում: Բանն այն է, որ կալանավորելուց հետո Արթուր Գեւորգյանին ստուգել էին եւ, ըստ ստացած եզրակացության, նա թմրանյութ էր օգտագործած եղել, սակայն Արթուրը ասել է, որ նա երբեք չի օգտագործել եւ չգիտի անգամ դրա օգտագործելու ձեւը:
Նախօրեին մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ Արթուր Գեւոգյանին հրավիրել են քննչական բաժին, եւ նա կրկնել է, որ երբեւէ թմրանյութ չի օգտագործել, իսկ թե ինչպես կավարտվի այս քննության փուլը, ժամանակը ցույց կտա:
 

ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ
«Երեւանի կոնյակի-գինու» ՓԲ-ը հայտնվել է ՀՀ պետական եկամուտների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականի հուլիսի 24-ին ընկերության տնօրեն Աննա Բերիաշվիլին «Երեւանի կոնյակի-գինու» ՓԲ-ի անունով ՀՀ է ներմուծել խառը ապրանքներ, ապակյա դատարկ շշեր, որոնք վերցվել են ժամանակավոր պահպանման 2 ամիս ժամկետով «Ապավեն տերմինալ» ՓԲԸ-ի մաքսային պահեստում: Սակայն այստեղից հետո էլ են խնդիրներ առաջացել: Մեզ հասած տեղեկություններով՝ Աննա Բերիաշվիլին սահմանված ժամկետում չի կատարել մաքսային վճարը, ինչի համար որոշում է կայացվել նրան տուգանել 20 հազար դրամի չափով:

 

 

ԲԱՑ ԵՆ ԹՈՂԵԼ
Ժիրայր Սէֆիլյանի եղբայր Թորոս Սէֆիլյանը երեկ տեղեկացրել է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Մելքոնյանին բաց են թողել: «Նա այս պահին քաղաքից չբացակայելու ստորագրությամբ բաց է թողնվել: Այս պահիս այսքանը»,-հայտնել է Թորոս Սէֆիլյանը:

 

 
ԷՆԵՐԳԵՏԻԿ
Արցախի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 3-ին ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին եւ տնօրենի տեղակալ Սուրեն Պողոսյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը եւ «Արցախէներգո» ՓԲԸ տնօրեն Տիգրան Ծատրյանը, քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

 

ԴԻՏԱՐԿԵԼ ԵՆ
Օգոստոսի 3-ին ԼՂ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/ եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Դատաքննությունը, ինչպես նաեւ խմբի այլ անդամների կալանավորման որոշումների միջնորդության քննարկումները տեղի են ունեցել կեսգիշերին եւ տեւել մինչեւ առավոտյան ժամը 7-ը: «Տասից ավել կալանքի նիստեր են եղել, այդ հրատապությունը չեմ հասկանում, քանի որ այդ 72 ժամը լրանում է այսօր»,- նկատել է փաստաբան Լուսինե Հակոբյանը: Նշենք, որ երեկ նույն դատարանը 2 ամսով կալանավորելու որոշումներ է կայացրել նաեւ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների եւ Արամ Հակոբյանի նկատմամբ:

 

 

ՆՈՐ ՓԱԽՍՏԱԿԱՆ
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից դարձյալ զինծառայող է փախուստի դիմել, սակայն Ոսկեհասկ գյուղում գյուղացիները բռնել են նրան եւ հանձնել ռուս սահմանապահներին: Այս մասին տեղեկությունները հաստատել է Ոսկեհասկի գյուղապետ Արտաշես Սահակյանը: «Երեք հոգով բռնել են, հանձնել իրենց»,- ասել է նա: Հարցին, թե ինչու եւ ինչպես են գյուղացիները հասկացել, որ զինվորն օրինախախտ է, եւ նրան հարկավոր է մեկուսացնել, գյուղապետը պատասխանել է.«Դե, տեսել են, որ գյուղ էր եկել օտար մարդ, շեկ, առավոտ 7.30- 08:00-ի սահմաններում»:

 

 

ԹԵԹԵՎԱՑԱԾ ԵՆ
«Մենք թեթեւացած ենք, որ Էրեբունու ոստիկանական շենքի առճակատումը հուլիսի 31-ին ավարտվեց: Կրկնում ենք` Հայաստանում քաղաքական փոփոխության հասնելու նպատակով բռնության կիրառումն անընդունելի է»,- ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության՝ երեկ տարածած հայտարարության մեջ:

 

 

ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՐՎԵՑ
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ պաշտոնանկ է արվել Էրեբունու բաժնի պետ Գեւորգ Հակոբյանը: Բաժնի նոր պետ է նշանակվել Գրիշա Ամիրխանյանը: Թե որն է բաժնի նախկին պետի հրաժարականի պատճառը, չի նշվում:




Լրահոս