ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՍԱՏԱՐԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԽՈՒՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ Է ՈՒՆԵՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահական ընտրությունները շարունակում են մնալ միջազգային քաղաքականության ամենաքննարկվող թեմաներից մեկը: Նախորդ շաբաթ վերջնականապես պարզ դարձան երկու խոշոր կուսակցությունների պաշտոնական թեկնածուները, որոնցից մեկն էլ հաստատապես կդառնա աշխարհի թիվ առաջին երկրի նախագահը: ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման արդեն իսկ հայտարարել է Քլինթոնին սատարելու մասին, սակայն այդ աջակցության որակն ու ձեւը այնպիսին չէ, ինչպիսին մենք սովոր ենք տեսնել հայաստանյան քաղաքական դժգույն իրականության մեջ:

Ֆիլադելֆիայում կայացած դեմոկրատների մեծ համաժողովում պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնեց կին գործիչ` նախկին նախագահ Բիլ Քլինթոնի տիկին, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Սա պատմական մեծագույն նախադեպ է, որով աստիճանաբար Միացյալ Նահանգները կոտրում են համաշխարհային կարծրատիպերը: Առաջին սեւամորթ նախագահից հետո ԱՄՆ-ն կունենա առաջին կին նախագահը: Նկատենք, որ Քլինթոնի նախագահությունը իրականություն դարձնելու համար հսկայական ռեսուրսներ են հրապարակ նետվել: Նախկին պետքարտուղարին բաղձալի աթոռից ետ պահելու Թրամփի հավակնությունները ընտրարշավի հետ ավելի են դրսեւորվում այս թեկնածուին բնորոշ ծայրահեղական կեցվածքի ցուցադրությամբ: Քլինթոնի օգտին իրենց աջակցությունը հրապարակեցին ոչ միայն ԱՄՆ կառավարող քաղաքական շրջանակները, այլեւ ֆինանսական կենտրոնները: Քլինթոնի նախկին մրցակից Բեռնի Սանդերսը ժամանակին իրավացիորեն մատնանշում էր Wall Street-ի` ամերիկյան ֆինանսական կապիտալի մագնատների շահագրգռվածությունը Քլինթոնի նախագահության նկատմամբ:
Այսօր արդեն Քլինթոնի հետ քարոզարշավ են իրականացնում միլիարդատերեր Ուորեն Բաֆֆեթը, Մայք Բլումբերգը եւ այլք: Վերջիններս սուր քննադատության են ենթարկել Թրամփին` նպատակ ունենալով ցուցադրել գործարարի թույլ կողմերն ու համոզել ամերիկացիներին, որ վերջինիս խոսքերի տակ ոչինչ առարկայական գոյություն չունի: Բաֆֆեթը պնդում էր, որ Թրամփն առաջին հերթին մարդկայնորեն սխալ է վարվում՝ բոլորին անդադար վիրավորելով` նկատի ունենալով Թրամփի վերջին ծաղրական արտահայտությունները, որոնց համաձայն` ինքը հանուն ամերիկացիների է զոհողություններ արել` շենքեր ու շինություններ կառուցելով: Թրամփի ցինիզմին Բաֆֆեթը հակադրել էր սեփական կարգավիճակը` շեշտելով, որ ինքը հարստացել է եւ դրա համար զոհողություններ չի արել հանուն ինչ-որ մեկի: Հանրապետականների թեկնածուի դեմ ընդգծված քննադատություն հնչեցրեց նաեւ Մայք Բլումբերգը, որը հրապարակավ հիշեցրեց Թրամփի բիզնես գործունեությունը` հատկապես շեշտելով նրա բազմակի սնանկությունները: Դեմոկրատներին հարող միլիարդատերը զարմանքով նկատել է, որ իրենց աշխարհի մարդիկ ինչ-որ իմաստով ամոթ են զգում սնանկանալու փաստը ընդունելուց, մինչդեռ Թրամփը առիթ-անառիթ գլուխ է գովում, որ կարողացել է հարկերից ազատվել սնանկությունների գնալու ճանապարհով: Գործարարների հասցրած հարվածները, սակայն, Թրամփի դեմ առաջնայնության իմաստով զիջում էին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի գնահատականներին:
Դեմոկրատական կուսակցության մեծ համաժողովում եւ դրան հաջորդած մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահը բավականին կոշտ դիրքորոշում որդեգրեց Թրամփի նկատմամբ: Իր զսպվածությամբ հայտնի Օբաման առաջարկեց բոլորին մի կողմ դնել քաղաքական կոռեկտությունը եւ իրերը կոչել իրենց անուններով: Նա Թրամփի վարած քարոզարշավը համարեց ագրեսիվ, վիրավորական ու ծաղրական բոլոր նրանց հանդեպ, ովքեր դուր չեն գալիս գործարարներին: ԱՄՆ-ում ապրող բազմաթիվ ազգությունների հասցեին Թրամփի ձեւակերպումները նախագահի կարծիքով այլեւս անընդունելի են: Օբաման կոչ արեց Հանրապետական կուսակցության ղեկավարությանը ազդել վերահսկողությունից դուրս մնացած թեկնածուի վրա` նրան կարգի հրավիրելու միտումով: Օբաման ընդգծում էր, որ իր երկու ընտրությունների ժամանակ մրցակիցներ Ջոն ՄըքՔեյնն ու Միթ Ռոմնին, թեեւ հակառակորդ ճամբարից էին ու բազմաթիվ հարցերում անհամաձայնություններ են ունեցել միմյանց հետ, սակայն լիովին ի վիճակի էին երկիրը կառավարել: Նույնը անհնար է ասել Թրամփի մասին, որը, Օբամայի պնդմամբ, անպատրաստ է նախագահի պաշտոնը վարելու համար: Բ. Օբաման կասկած էր արտահայտում, թե ինչպես է հնարավոր պատկերացնել, որ Թրամփը կկարողանա վարել պետության արտաքին ու ներքին քաղաքականությունը, երբ հիմնական հարցերի մասին ունի ոչ խորքային, ծայրահեղ ու անլուրջ դիրքորոշում: Հավելենք, որ Օբաման իր անվերապահ աջակցությունն էր հայտնել Հ. Քլինթոնին:
Հայաստանում գործող նախագահի կողմից ընտրություններին չմասնակցելու եւ հարկադրված մեկ այլ թեկնածուի սատարելու փորձը եղել է միայն մեկ անգամ: 2008թ. Ռ. Քոչարյանը, 3-րդ անգամ առաջադրվելու անհնարինությունից դրդված, պաշտպանեց Ս. Սարգսյանին: Հույս ունենալով Սարգսյանին «անգլիական թագուհի» դարձնել` Քոչարյանը չխորշեց անգամ Մարտի 1-ի ոճրից` արյունահեղությամբ գահը փոխանցելով Սարգսյանին: ԱՄՆ-ում նախագահի սատարումը կոնկրետ թեկնածուին ավելի շատ կրում է խարիզմատիկ բնույթ, եւ բացառված է, որ գործող նախագահը որեւէ տեսակի վարչական ռեսուրս կիրառի հակառակորդ թիմի դեմ պայքարում: 2008թ. 43-րդ նախագահ Ջորջ Բուշը սատարում էր Ջոն ՄըքՔյենին, ինչը շատերին էր թյուր տպավորության մեջ գցել, հատկապես ազդված հայաստանյան իրադարձություններից, որ ՄըքՔեյնն է դառնալու նախագահ, ինչը, իհարկե, իրականություն չդարձավ: Իսկ, ահա, 2008թ. Քոչարյանը ոչ միայն ընդդիմության թեկնածու Տեր-Պետրոսյանի հետ հրապարակային բանավեճը վարող առաջին դեմքն էր, այլեւ ամբողջ պետական մեքենան կոնկրետ մեկ թկենածուի օգտին աշխատացնողը: Այդպիսով` եթե ԱՄՆ-ում գործող նախագահի աջակցությունը թեկնածուներից մեկի օգտին գերազանցապես խորհրդանշական է, ապա Հայաստանում այն դրսեւորվում է օրենքի կոպիտ խախտումներով` ամեն գնով իշխանությունը պահելու մարմաջով:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԽԱԽՏՈ՞ՒՄ Է ՕՐԵՆՔԸ

Արդեն մի քանի օր է, ինչ Վերնիսաժի տարածքում լարված իրավիճակ է: Բանն այն է, որ Երեւանի ավագանին որոշում է ընդունել Վերնիսաժի տաղավարները ապամոնտաժելու մասին, ինչին դեմ են տաղավարների աշխատակիցները:

Նշենք, որ Վերնիսաժի աշխատակիցները բողոքարկել են ապամոնտաժման մասին որոշումը, եւ չնայած սրան՝ քաղաքապետարանը չսպասելով դատարանի որոշմանը՝ նախօրեին՝ ոչ աշխատանքային ժամի, ուշ երեկոյան իրականացրել է ապամոնտաժման աշխատանքներ: Armlur.am-ի հարցին՝ ինչու են հատկապես գիշերով սկսել այդ աշխատանքները, Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը պատասխանել է, որ քաղաքապետարանը գործել է օրենդրության շրջանակներում: Այսինքն՝ մինչեւ 23.00-ն ընկած ժամանակահատվածում նրանք իրավունք են ունեցել ապամոնտաժել:
Նախօրեին Վերնիսաժում տեղի ունեցած գործողությունների կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է Երեւանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանի հետ: «Ինձ համար զարմանալի էր, որ քաղաքապետարանը Վերնիսաժի տարածքում հանդիպեց նման դիմադրության: Այսինքն՝ ուշ ժամի են իրականացվել ապամոնտաժման աշխատանքները, որպեսզի մարդ չլինի՞, դիմադրությո՞ւն չլինի: Օրենքի դաշտում քաղաքապետարանը ճիշտ է, Երեւանի ավագանին ընդունել է այդ որոշումը: Բայց իրենք դեռ պետք է բացատրեն, թե ինչու են ընտրել ոչ աշխատանքային ժամը, ցանկացել են թաքո՞ւն անել դա: Սա արդեն օրինականության դաշտում չէ»,- նկատեց Սաֆարյանը:
Հ.Գ. Ի դեպ, «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասով՝ գիշերային ժամանակ լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը, բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, որոնք խախտում են գիշերային անդորրը, առաջացնում են նախազգուշացում: Նույն արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով: Մի՞թե քաղաքապետարանը չի խախտել օրենքը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԵԿԵՂԵՑԻ՝ 90 ՀԱԶԱՐ ՎԱՐՁՈՎ
2015թ. հոկտեմբերի 30-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Դիլիջանում կատարեց եկեղեցու հողօրհնեքի արարողություն, որով տրվեց եկեղեցու կառուցման ծրագրի մեկնարկը: Այն կառուցվելու է Սուրբ Էջմիածնի, Դիլիջանի քաղաքապետարանի, Հայաստանի զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով, Ռուբեն Վարդանյանի եւ Գագիկ Ադիբեկյանի բարերարությամբ: Սակայն, ինչպես տեղեկացանք Դիլիջանի քահանա Տեր Շավարշ Սիմոնյանից, եկեղեցու շինարարությունը դեռ չի սկսվել: Պատճառն այն է, որ եկեղեցու նախագծում փոփոխություններ պետք է կատարվեն: Նշենք, որ 16200 բնակիչ ունեցող Դիլիջանում ոչ մի եկեղեցի չկա, արդեն 6 տարի Տեր Շավարշ քահանան հոգեւոր արարողություններ է կատարում «Թուֆենկյան» թանգարանային համալիրի մաս կազմող սենյակներից մեկում: Հավաստի, ճշտված տեղեկատվության համաձայն՝ այդ սենյակի համար Հայ առաքելական եկեղեցին ամսական «Թուֆենկյան» ընկերությանը վճարում է 90 հազար դրամ: Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի սպասավորները այդ թեմայով չեն ցանկանում խոսել, քանի որ մտավախություն ունեն, որ թեման բարձրաձայնելուց հետո «Թուֆենկյան» ընկերությունը կարող է խզել վարձակալության պայմանագիրը եւ եկեղեցուն առաջարկել ազատել սենյակը: Դա ձեռնտու չէ, քանի որ հավատացյալ դիլիջանցիներն այդ սենյակը գիտեն որպես եկեղեցի: 2007թ. Ջեյմս Թուֆենկյանը Դիլիջան քաղաքի կենտրոնում սկսել է հյուրանոցի կառուցումը: 2009 թվականից կառույցի շինարարությունը դադարեցված է: Շինության հիմքից ցցված ամրանները դիլիջանյան խոնավությունից ժանգոտել են: Կիսակառույցի հենապատը մեծ ճաք է տվել: Դիլիջանցիները դժգոհում են, որ կիսակառույցը փչացնում է վերջին տարիներին գեղեցկացած, զբոսաշրջային կենտրոն դարձած Դիլիջանի տեսքը:

 

 

ԱՌԱՆՑ «ԴԱԲՐՈՅԻ»
Սեպտեմբերի 18-ին համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ կկայանան Տավուշի մարզի Իջեւանի, Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջանների համայնքներում: Համայնքի ղեկավար ընտրվելու համար մրցակցությունն ավելի թեժ է լինելու խոշորացված Նոյեմբերյան եւ Այրում համայնքներում: Նոյեմբերյան համայնքն այժմ ներառում է Նոյեմբերյան քաղաքը եւ Ադրբեջանին սահմանակից 8 գյուղեր, Այրում համայնքն ընդգրկում է համանուն քաղաքը եւ Դեբեդի հովտի 7 գյուղեր: Նախընտրական սուր մրցակցություն է սպասվում նաեւ Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ Տավուշի մարզային կազմակերպությունը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այդ ընտրություններում համայնքի ղեկավարի որեւէ թեկնածուի նախապատվություն չեն տալու, իշխող կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուներ չեն լինի: Դրա պատճառն այն է, որ չեն ցանկանում նեղացնել համայնքի ղեկավարի որեւէ թեկնածուի եւ վերջինիս կողմնակիցներին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս