ԱԱԾ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԱՐՑԸ ՇՈՒՏ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԵԻՆ, ՈՒՇԱՑՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անսպասելիորեն հրաժարականի դիմում ներկայացրեց, որին հաջորդեց Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ ԱԱԾ առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանի պաշտոնանկության որոշումը:

Ինչո՞վ էին պայմանավորված այս հրաժարականները, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանից:
-Պարո՛ն Եղիազարյան, երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Ձեր կարծիքով ինչո՞ւ այժմ որոշեց նման քայլի գնալ: Գուցե Երեւանում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են պատճառը:
-Իմ կարծիքով հրաժարականը կապված է «Սասնա ծռեր»-ի գործողության հետ, եւ միգուցե գլխավոր դատախազը մտածել է, որ այսպես ապրել էլ չարժի, դրա համար որոշել է ինքնակամ հեռանալ, որպեսզի վաղը մյուս օրը պատասխանատվության չենթարկվի:
-Իսկ ուրիշ ի՞նչ պատճառներ կարող էին լինել, որոնք կդրդեին Կոստանյանին հեռանալ համակարգից:
-Այլ խնդիրների մասին չեմ կարող ասել, բայց մենք Ձեզ հետ այսօր ապրում ենք այլ Հայաստանում: Այն ինչ-որ եղավ մեր երկրում, այդ ցնցումները փոքրիկ երկրի համար հսկայական էին: Մինչեւ այսօր դրանք շարունակվում են, եւ հին տաղերով, հին սազերով, հին խոստումներով ոչ մի բան չի ստացվելու: Եթե Սերժ Սարգսյանը մտածում է, որ մի երկու խոստում կտա, հլու-հնազանդ կլսեն, հետո կմոռանան այդ ամեն ինչի մասին, չարաչար սխալվում է, այդպես չի լինում, որովհետեւ այդ ամեն ինչից հետո ավելի վատ բան կլինի, որպես կանոն, այդպես է: «Սասնա ծռեր»-ն այդ ամեն ինչը դրեց մեկ այլ հարթության վրա: Դրա մասին շատ է խոսվել, դրա մասին խոսվում է արտասահմանում, շուրջ 46-47 քաղաքներում մարդիկ դուրս են եկել` ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի: Հարցրեք Սերժ Սարգսյանին` լավ, այդ արտասահմանում երկու-երեք հայ չկա՝ ի օգուտ իրեն երկու բառ խոսա: Դա համընդհանուր կարծիք է: Դուրս եկեք փողոց, տեսեք՝ ինչ են խոսում, հոգնած, զզված են մարդիկ:
-Պարո՛ն Եղիազարյան, ամեն դեպքում, Ձեր կարծիքով ճի՞շտ էր նման որոշումը հենց այս ժամանակահատվածում:
-Ուղղակի մի բան կարող եմ ասել. այդ տղան աչքիս բարձրացավ իր հրաժարականով:
-Երեկ նաեւ Սերժ Սարգսյանի որոշմամբ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվեց պաշտոնից: Ձեր կարծիքով սա ինչի՞ հետեւանք էր, եւ նման պաշտոնանկությունները շարունակական կլինե՞ն:
-Այս պաշտոնանկությունն այսօր չպետք է լիներ. պետք է լիներ Նորք-Մարաշի այն հայտնի ահաբեկչական խմբի բացահայտումից անմիջապես հետո: Ես 28 կետ առանձնացրեցի, որոնք չէին համապատասխանում իրականությանը, իմ այդ առանձնացրած կետերից հետո ոչ մեկն ինձ չի ասել՝ գիտեք ինչ, այստեղ սխալվել եք, այնտեղ սխալվել եք: Կիսատ-պռատ մի փորձ եղավ, ես էլ պատասխանեցի, որ այդ մարդիկ ոչ միայն իրենց գործը չեն իմանում, այլ նույնիսկ կինոնկար չեն նայել, չգիտեն, թե ինչ բան է ահաբեկչություն, ինչպես են վնասազերծում, ինչ մեթոդներ են կիրառում, ինչի վրա են ուշադրություն դարձնում: Այն, ինչ որ մեզ ներկայացրեցին կիսատ-պռատ, լուն սարքել էին ուխտ եւ ներկայացրեցին, որ սրանք 11 ինքնաձիգներով պետք է արյան ծով սարքեին Երեւանը, պետք է գրավեին Բաղրամյան 26-ը, բոլորին վերացնեին, մորթեին: Սրա մի տարին անցավ, ի՞նչ են արել: Այդ ժամանակ պետք է առաջին տեղակալի հարցը լուծեին, ուշացվել է: Իսկ նրա հարցը չեն լուծել, որովհետեւ նա լրջագույնս պաշտպանություն ունի: Սրա մարդ լինելով, նրա մարդ լինելով՝ այդ վիճակի մեջ են գցել: Կուտոյանին, նոր մարդ լինելով, ոչ մի բան չեմ ասելու, որովհետեւ ժամանակ է պետք: Այդ հին կարկառուն տեղակալը պետք է դրանով զբաղվեր: Այդ է պատճառը, որ մեր փոքրիկ Հայաստանը վերածվել է լրտեսների, հայատյաց գորշ գայլերի հանգստավայր:
Սերժ Սարգսյանին շատ կարճ ժամանակ է տրված, որովհետեւ մարդիկ իր ասածներին էլ չեն հավատում: Մենք 8-ը տարի միայն ու միայն խոստումներ ենք լսում, կատարումը չենք տեսել դեռ: Այն, ինչ վերաբերում է ծեծուջարդին, այլանդակություններին, եղել է: Գնդապետ է, չէ, ի վերջո, զոհվել, բայց տեսեք ազգաբնակչությունը ինչպես է հարգում, մեծարում «Սասնա ծռեր»-ին, դա ինչի արդյունք է, մենակ մի բանի, որ առավելագույնս իրեն չեն սիրում: Ինչ-որ չի արել այս 8 տարվա մեջ, երկու ամսում պետք է հասցնի կատարել:

 

 

 
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳՆԱՑ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ

Երեկ «Հիմնադիր խորհրդարան»-ի կողմից հրապարակվեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի միջեւ զենքերը վայր դնելու մասին հուլիսի 29-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը, որտեղ հստակ նշվում է, որ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից զենքերը վայր դնելու դեպքում Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Ժիրայր Սէֆիլյանին:

«Նախագահին նոր զանգեցի, ինքն ասում է, երբ որ տղաները զենքերը վայր դնեն, նախապես պայմանավորվել էինք, ես խոսք եմ տալիս, եւ պաշտոնական հայտարարություն եղել է, ես կընդունեմ Ժիրայրին»,-ձայնագրության մեջ հստակ ասում է Վիտալի Բալասանյանը:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար Գարեգին Չուգասզյանը հարցազրույցներից մեկում նախօրոք հայտնել էր, որ հանդիպումը չկայանալու դեպքում հրապարակվելու էր նշված ձայնագրությունը: «Մենք մեր ձեռքի տակ ունենք զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը, ուր հստակ տղաներին խոստացվում է այդ հանդիպումը: Հանդիպումը մինչեւ օգոստոսի 4-ը, ժամը 18.00 չկայանալու դեպքում մենք կհրապարակենք այդ ձայնագրությունը»,-ասել էր նա:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի հետ` փորձելով պարզել՝ այսքանից հետո, ի վերջո, հանդիպում տեղի կունենա Սերժ Սարգսյանի եւ Ժիրայր Սէֆիլյանի միջեւ, թե ոչ:
«Ես կարծում եմ տեղի չի ունենա, որովհետեւ Սերժ Սարգսյանն արդեն գնահատական տվել է, թե ինչ է մտածում Ժիրայր Սէֆիլյանի եւ նրա խմբի մասին, հետեւաբար խիստ կասկածում եմ: Եւ նաեւ նկատի ունեմ, որ միակողմանի լուծումների է գնացել ինքը՝ անպատասխան թողնելով ե՛ւ Ժիրայրի ծրագրային առաջարկները, ե՛ւ «Սասնա ծռեր»-ի հորդորը: Այսնիքն՝ նա ստեղծեց այնպիսի պայմաններ, որ խումբն այլ տարբերակ չունենա, քան հանձնվելը, ինչը եւ տեղի ունեցավ»,-ասաց Սաֆարյանը:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄՈՌԱՆԱԼՈՒՆ
«Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու պատմության շուրջ ստեղծված քաոսային իրավիճակը շարունակվում է, այս անգամ էլ այն տեղափոխվել է նախաքննության մարմիններ: Մեր տեղեկություններով՝ փաստաբանները քննչական մարմիններում նկատել են, որ ՊՊԾ գնդի իրադարձությունների հետ կապված այնքան մարդ է կալանավորվել, որ քննիչները թիվն ու հաշիվը կորցրել են: Մյուս կողմից էլ այս օրերին ՀՔԾ են հրավիրվում հուլիսի 29-ին Սարի թաղում քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնության ենթարկված լրագրողները` տուժողի կարգավիճակում, քանի որ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու հատկանիշներով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ լրագրողների մեծ մասն իր ցուցմունքում նշում է, որ քրեական գործի հետագա ընթացքի մասին չի ցանկանում տեղեկանալ, քանի որ բոլորը համոզված են, որ այս մեկը եւս ընթացք չի ստանալու, պատիժներ չեն լինի: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի հորդորին հետեւելով՝ պատրաստվում են տեղի ունեցածի մասին մոռանալ: Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի առաջ՝ հունիսի 23-ին, Բաղրամյան փողոցից ցուցարարներին ցրելու ժամանակ եւս լրագրողների նկատմամբ ուղղորդված բռնություններ էին տեղի ունեցել: ՀՔԾ-ն մինչ օրս կատարողներին «փնտրում» ու չի գտնում: Այն դեպքում, երբ հանցագործներին գտնելու համար բավարար է այդ օրվա կադրերն ուսումնասիրել: Նրանք բոլորն էլ շարունակում են ոստիկանությունում ծառայել եւ հանուն իշխանության նոր վայրագություններ կատարել:

 

 

 

ԵԿԱՎ ԱՍԵՑ, ՈՐ ՉԱՍԻ
Երեկ տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: Նիստի ավարտից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, լրագրողներին ներկայացնելով քննարկված հարցերը, գործնականում հրաժարվեց մեկնաբանել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավարության հրաժարականները: «Պաշտոնանկությունների մասին պաշտոնական հաղորդագրությունները բավականին պերճախոս էին: Կարծում եմ, որ այն խնդիրը, որ կապված է առողջական վիճակի հետ, դրա վերաբերյալ գլխավոր դատախազը տվել է պատճառաբանություն»,- ասաց Նաղդալյանը: Նրա խոսքով՝ ազգային համաձայնության կառավարության խնդիրը շատ լայն է եւ կապված չէ պահի գործողությունների հետ:

 

 

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժինն այս տարվա առաջին կիսամյակում 17 կազմակերպություններում գնահատման աուդիտ է իրականացրել: Հայտնաբերվել է 158 թերություն: Արդյունքում պետբյուջեին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 1 մլն 706 հազար դրամ, որը պետք է վերականգնվի: Աուդիտի ենթարկված կազմակերպությունների ղեկավարները հաշվետվություններում ներառված շեղումների եւ բացահայտումների վերաբերյալ բացատրություններ են ներկայացրել:




Լրահոս