Նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց կալանավորել դերասան Վարդան Պետրոսյանին: Պատճառը հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարն էր, որի հետեւանքով երկու պատանիներ էին մահացել: Ու երեկ՝ երեկոյան, Սերժ Սարգսյանը որոշեց անձամբ խառնվել այդ հարցին:
Երեկ դատարանի կայացրած կալանքի որոշման դեմ Կասկադի տարածքում սկսվել էր ստորագրահավաք, որը փորձեցին խոչընդոտել «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի անվտանգության ծառայության պետն եւ կենտրոնի ծրագրերի համակարգող Մարիա Հովսեփյանը` թույլ չտալով Կասկադի տարածքում ստորագրահավաք անել: Ըստ նրանց` «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնին է պատկանում ոչ միայն Կասկադի ողջ համալիրը, այլեւ հարող մայթը, ուստի թույլ չի տրվում կենտրոնի տարածքում իրականացնել նման քաղաքական բնույթի միջոցառումներ:
Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը երեկ հայտարարել է, որ այս գործին ամենամեծ վնասը տվել են քննչական մարմինները: «Ես 99 տոկոսով գիտեմ՝ ոնց է դեպքը եղել, եւ կարող եմ դա ապացուցել, այդ մասին գիտեն նաեւ Վարդանը եւ տուժող մյուս ընտանիքը: Շատ ցավալի է, որ երկու երեխա մահացել է: Առայժմ կարող եմ նշել, որ գործով հիմնավորվել է, որ Վարդան Պետրոսյանը ո՛չ արագ է վարել, ո՛չ ալկոհոլ է օգտագործած եղել, ո՛չ էլ քնել է ղեկին: Բայց նախաքննական մարմինը ապօրինի ձերբակալել է Վարդանին՝ չունենալով որոշակի հանգամանքներ, նախաքննական մարմինը չի հասկացել՝ ինչ հետագա քայլեր կարող են լինել այս գործով, հետո, երբ ի հայտ է եկել այս ամբողջը, փորձել են ինչ-որ մի ձեւ արդարացնել ձերբակալումը»,-news.am-ին ասել է պաշտպանը:
Ըստ նրա` սկզբում դերասանին ձերբակալել են, հետո նոր ապացույցներ ձեռք բերել, եւ երբ տեսել են, որ այդ ապացույցներն այլ բան են ցույց տալիս, հրաժարվել են դրանք դերասանին տրամադրել. «Առայժմ փակագծեր չեմ կարող բացել, բայց 5-10 օրվա ընթացքում կիմանաք ամբողջ ճշմարտությունը եւ կզարմանաք՝ պրիմիտիվ դեպք է եղել: Շատ մարդիկ կզղջան իրենց հայտնած կարծիքի վերաբերյալ»:
Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը tert.am-ի հետ զրույցում կարծիք էին հայտնել, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը սխալ որոշում է եղել, սակայն դեռ որոշում չունեին միանալ ստորագրահավաքին: Փոխարենը ՀՅԴ-ն էր միջնորդել նախաքննական մարմնին՝ Վարդանին ազատ արձակելու համար: Նշենք, որ դերասանն այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
Եվ ահա երեկ՝ երեկոյան, Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանն իր եղբորը պատկանող Panorama.am-ին տեղեկացրել է. «ՀՀ նախագահն իրավասու չէ միջամտել որեւէ կոնկրետ դեպքով իրականացվող իրավական գործընթացներին, այդ թվում` Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքի ընտրության կամ դրա դատական ստուգման ընթացակարգերին: Միեւնույն ժամանակ նկատի ունենալով ընդհանրապես կալանքների կիրառման հետ կապված առկա մտահոգությունները՝ ՀՀ նախագահն այս խափանման միջոցի կիրառման օրենսդրական եւ գործնական հիմնահարցերին եւս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն է տեսնում»: Ասել է թե՝ առաջիկա օրերին Վարդան Պետրոսյանն ազատ կարձակվի:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽԱՌՆՎԵՑ ԴԵՐԱՍԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԳՈՐԾԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ