ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՍԱՌԵՑՆՈՒՄ ԵՎ ԹԵԺ Է ՊԱՀՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի հակամարտությունը աստիճանաբար կրկին դառնալու է Հայաստանի քաղաքական թիվ մեկ թեման` հաշվի առնելով «Սասնա ծռերի» ապստամբության ավարտն ու դրանով պայմանավորված` իշխանության հարաբերական հանգստության շրջափուլը: Հատկանշական է, որ օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանը մեկնելու է Մոսկվա, որից օրեր առաջ Պուտինն է լինելու Բաքվում: Կասկած չկա, որ քննարկման հիմնական տիրույթում լինելու է հենց ԼՂ հակամարտության լուծման հեռանկարը, որքան էլ թմբկահարվեն երկուստեք հարաբերությունների զարգացման մասին հռչակագրային ձեւակերպումները:

Պուտինի կողմից Արցախի հակամարտության լուծման փորձը, անշուշտ, առաջինը չէ, սակայն նախորդ բոլոր շրջափուլերում Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական վերնախավերը, հեշտությամբ ընկալելով ռուսական մտադրությունների ողջ շրջանակը, փոխադարձաբար վիժեցրել են հնարավոր հանգուցալուծումը: Կարիք չկա կետ առ կետ հիշելու, թե ինչ պայմաններում էր Ռուսաստանը նոր թափ հաղորդում բանակցություններին ու հեշտությամբ էլ նահանջ կատարում: Թերեւս այդպիսի օրինակներից ամենաճչացողը 2011թ. հուլիսին Կազանում կայացած հանդիպումն էր, երբ գործընթացը տապալեց Ադրբեջանը` հիմնական պատճառ ունենալով ռուսական խաղաղապահների տեղակայման խնդիրը: Այնժամ Ադրբեջանը մեկնաբանում էր, որ ռուսական զինվորականության տեղակայումից հետո հարցը այլեւս ռազմական լուծում չի ունենալու եւ թե՛ բուն ԼՂ-ի, թե՛ դեռեւս հայկական զինուժի պաշտպանության ներքո գտնվող Քելբաջարի ու Լաչինի` Ադրբեջանի կազմ վերադառնալու ճանապարհը անվերադարձ կփակվի: Ադրբեջանական կողմը մտավախություն ուներ, որ ռուսական զինվորականությունը հնարավոր ռազմական առճակատման պարագայում սատարելու է հայկական կողմին` ստիպելով Ադրբեջանին ներքաշվել անհավասար պատերազմի մեջ: Սակայն նման մեկնաբանություններ ադրբեջանցիներն անում էին 2011թ., իսկ ապրիլյան պատերազմից հետո Ալիեւը ստիպված դիմեց Ռուսաստանին՝ վերախաղարկելով լավրովյան մշակումները: Վերջինս, ի դեպ, հաճույքով հիշեց 5 տարի առաջվա ծրագիրը, որին հայկական կողմը տվել էր իր համաձայնությունը: Ապրիլից հետո պարզ դարձավ, որ բնույթով նույն փաթեթին արդեն կողմ է Ադրբեջանը, դեմ` Հայաստանը: Սակայն եթե 2011թ. Ադրբեջանի մերժումը ընկալելի էր բոլորի համար` պայմանավորված հակամարտությունը սառեցված պահելու ռուսական շահագրգռվածությամբ, ապա այսօր Ռուսաստանը Ադրբեջանին գոհացնելու խնդիր ունի:
Կարծիք կա, որ Ռուսաստանն ամեն կերպ ձգտում է Ադրբեջանին մտցնել ԵՏՄ` ցանկանալով վերահսկել վերջինիս նավթագազային պաշարները: Սակայն եթե նկատի ունենանք գազի ու նավթի գործոնի աստիճանական թուլացումը համաշխարհային քաղաքական զարգացումներում, ինչպես նաեւ Ադրբեջանի պաշարների աստիճանական նվազումը, կարծեք թե Ռուսաստանի համար դա այլեւս գերխնդիր չէ: Այսօր Ռուսաստանը առավելապես փորձում է տարածաշրջանում պահպանել իր կողմից վերահսկվող կայունությունը կամ էլ նույնիսկ ինչ-որ իմաստով կառավարելի քաոսը: Այդուհանդերձ, ռուսական աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից այդպիսի քաոսը պիտի լինի միանշանակորեն վերահսկելի` տարածաշրջանում ռուսական դիրքերը մազաչափ իսկ չվտանգելու պայմանով: Դեռ ավելին` Ռուսաստանը օգտագործում է Արդբեջանի աշխարհագրական դերակատարությունը Իրանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ` պայմանավորված թե՛ տնտեսական շփումները սերտացնելու նկրտումով, թե՛ ձգտելով անմիջական մասնակցություն ունենալ Իրանի` Անդրկովկասի վրայով Եվրոպայի հետ կապվելու հարցում եւ, որ ամենակարեւորն է, տարածաշրջանում խաղի փոխադարձ կանոններ հաստատելու ու Արեւմուտքին դրանից դուրս թողնելու առաքելությամբ: Գրեթե նույն առաջնահերթություններն են նաեւ ընկած ռուս-թուրքական համագործակցության հիմքում, որտեղ Թուրքիան ավելի շահագրգռված է դեպի արեւելք ձգվելու հարցում, հատկապես որ արեւմուտքից քանիցս ծանր ապտակներ ստացավ: Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի քաղաքական համակարգերը թերզարգացած են, ժամանակակից համաշխարհային տեմպերին անհաղորդ եւ ոչ մրցունակ: Իսկ նման համակարգերի դեմ ԱՄՆ-ն ունի բավականին հաջող դեղատոմս, ինչը փորձարկվել է ԽՍՀՄ-ը փլուզելիս, գունավոր հեղափոխությունների ժամանակ եւ արաբական գարնան օրերին: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը տարածաշրջանում ձգտելու է օր առաջ գոհացնել բոլորին, իսկ Ադրբեջանին գոհացնելը հանարվոր է, թերեւս, միայն Արցախի հարցի լուծմամբ:
Թյուր տպավորություն է ստեղծվում, երբ ասում ենք, որ Ռուսաստանը ձեռնամուխ է եղել Արցախի հարցի լուծմանը, քանզի Լավրովի պլանով հարցը իրականում չի լուծվելու: Հենց այդ նպատակն էլ հետապնդում է ռուսական խաղը. ոչ թե լուծել Արցախի հակամարտությունը, այլ բավարարելով Ադրբեջանի ախորժակը՝ բոլոր շահագրգիռ պետությունների հետ խուսափել քաոսից: Կարճաժամկետ կտրվածքով դա հնարավոր է 2-5 շրջան ադրբեջանական վերահսկողության տակ վերադարձնելու միջոցով: Ռուսաստանի վերնախավը չի կարող հաշվի չառնել հարյուր տարի առաջ իր գաղափարական հոգեհայր Ստալինի` «բաժանիր եւ տիրիր» քաղաքականության արդյունավետությունը: Ռուսաստանը, ստիպելով Սերժ Սարգսյանին հրաժարվել 2-5 շրջաններից, մեկ շրջափուլի կտրվածքով ապահովելու է Ադրբեջանի տեղը իր առանցքում` միաժամանակ թեժ պահելով ԼՂ հարցի լուծման բոլոր տարբերակները: Ի վերջո, ո՛չ Արցախն է վերջնականապես վերադարձվելու Ադրեբջանին, ո՛չ էլ անկախությունն է ճանաչվելու: Ռուսական միջանկյալ լուծմամբ Հայաստանը հնարավորություն կստանա որոշ ժամանակով օգտվելու ապաշրջափակման վայելքից, իսկ Ադրբեջանը կվերադարձնի «կորսված հողերի» մի մասը: Երկու կողմն էլ, ըստ ռուսական հաշվարկի, գոհ կմնա: Սակայն ամենահաջող դիրքում կհայտնվի, անշուշտ, Ռուսաստանը, որը Անդրկովկասը հերթական անգամ կներառի իր անվտանգության համակարգում, ինչը զգալիորեն մաշվեց հատկապես Ուկրաինայի ճգնաժամի հաշվին: Միաժամանկ Ռուսաստանը, լիովին չլուծելով Արցախի հակամարտությունը, կշարունակի իր լծի տակ պահել թե՛ Արդբեջանը, թե՛ Հայաստանը` երկուսին էլ խոստանալով Արցախը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՎԱՆԱՁՈՐ ՔԻՄՊՐՈՄԻ» ՊԱՐՏԱՏԵՐԵՐԸ

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ արդեն պատրաստ է «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի պարտատերերի վերջնական ցուցակը: Ըստ այդմ, պարտատերերի ցուցակում տեղ են գտել ինչպես ընկերության աշխատակիցները, այնպես էլ «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն եւ «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ ՓԲԸ-ն:

Սնանկ ճանաչված «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջների ցանկից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերությունը 216 աշխատողի աշխատավարձ է պարտք: Ընդ որում, աշխատավարձի չափերը տարբեր են եւ սկսում են 60 հազար դրամից: Կա աշխատակից, ում ընկերությունը ավելի քան 3 մլն դրամ է պարտք:
«Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակում տեղ են գտել նաեւ «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն եւ «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ ՓԲԸ-ն: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ն «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ին պարտք է ավելի քան 10 մլրդ 840 մլն 538 հազար դրամ, իսկ «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ ՓԲԸ-ին՝ ավելի քան 1 մլրդ 87 մլն դոլար:
Հիշեցնենք, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա փետրվարի 15-ի վճռով «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ն սնանկ Էր ճանաչվել: Տեղեկացնենք, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ընդդեմ «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի հայց Էր ներկայացրել՝ պահանջելով ընկերությանը սնանկ ճանաչել: Արդյունքում դատարանը բավարարել Էր ՀԷՑ-ի պահանջը:
Ի դեպ, «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով պարտատերերի առաջին ժողովը նշանակված է եղել երեկ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՈՐԴԻՆ ՍՊԱՆԵԼ Է ՀՈՐԸ
Օգոստոսի 4-ի առավոտյան՝ մոտավորապես ժամը 6-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում հրացանի կրակոց է հնչել: Կողբի բնակիչ, 1991թ. ծնված Սարո Աբգարյանը որսորդական հրացանով սպանել է իր հորը՝ 1955թ. ծնված Արտաշես Սարիբեկի Աբգարյանին: Գնդակը դիպել է վերջինս շնչափողին, նա տեղում մահացել է: Կողբից ստացված տեղեկություններով՝ հայր եւ որդի հաճախ էին վիճում, նրանց վիճաբանությունների բարձր ձայները լսելի էին հարեւաններին: Արտաշես Աբգարյանը զբաղվում էր այլ անձանց գումարներ տրամադրելով՝ որպես փոխառություններ՝ դրանից շահույթ ստանալով: Սարոն ամուսնացած չէր, չէր աշխատում: Մի քանի տարի առաջ Արտաշես Աբգարյանի դուստրը Երեւանում, շենքից դուրս նետվելով, ինքնասպան էր եղել: Ա. Աբգարյանի աղջիկներից երկուսն ապրում են հորական տանը, նրանցից մեկն ամուսնալուծված է, մյուսը 32 տարեկան է, հոգեկան խնդիրներ ունի: Ըստ Կողբից ստացված տեղեկությունների՝ Սարո Աբգարյանը մի քանի տարի առաջ հոգեկան առողջության հետազոտության է ենթարկվել: Սպանության դեպքի վերաբերյալ իրավապահները քննություն են կատարում: Նշանակվելիք դատահոգեբուժական փորձաքննությունը կպարզի՝ Սարո Աբգարյանը մեղսունա՞կ է, թե՞ոչ:

 

 

ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ
Եվրամիության տրամադրած 200 հազար եվրո դրամաշնորհով Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ջուջեւան եւ Բաղանիս համայնքներում խմելու ջրագծեր են կառուցվել, նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին, Բաղանիս-Ջուջեւան հատվածում 7 հատ բետոնյա կառույցներ են սարքել, յուրաքանչյուրի մեջ տեղադրվել է 80 սմ լայնությամբ, 60 սմ երկարությամբ 4 հատ աղբաման, որոնց մեջ էլ աղբի դույլեր են դրվել: Աղբամանները տեղադրվել են, որպեսզի երթեւեկողները աղբը չթափեն ավտոճանապարհին, դրա եզրին, այլ նշված աղբամաններում: Հիշյալ ծրագրով նաեւ աղբատար մեքենա է հատկացվել, որպեսզի ավտոճանապարհի եզրի աղբամաններում կուտակված աղբը տեղափոխվի աղբավայր: Աղբամանները պատրաստվել են չժանգոտող մետաղից: Ջուջեւան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանն ասաց, որ անհայտ անձինք գողացել են աղբամանների 4 հատ կափարիչ, որոնք նույնպես չժանգոտվող մետաղից են: Չարագործները հիմքից պոկել-տարել են նաեւ 2 աղբաման: Քանի որ դրանց հատակը ամրացված է բետոնյա կառույցին, հատակը կպած մնացել է, գողերը հափշտակել են աղբատարի մնացած մասը: Գյուղապետ Չիլինգարյանը տարակուսում է, թե գողերը ինչ նպատակով են օգտագործելու առանց հատակի աղբամանները, դրանց կափարիչները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս