Տնտեսական մեկ այլ մոդել ՀՀ-ում կաշխատի այն ժամանակ, երբ լինի քաղաքական կամք. Վահագն Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսներին ՀՀ պետական պարտքն ավելացել է: Այս ֆոնին գնալով նաև վատանում է ընդհանուր տնտեսական վիճակը, մեծանում են արտագաղթի տեմպերն, ու աղքատության մակարդակը գնալով աճում է: Այս ամենի շուրջ ArmLur.am-ը զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ.

-Պարո՛ն Խաչատրյան, վերջին ամիսներին մեր երկրի պետական պարտքն աճել է: Ի՞նչ ազդեցություն կարող է սա ունենալ մեր երկրի  համար:

-Թե´ մեզ նման երկրի համար, որտեղ տնտեսական աճ չկա կամ շատ փոքր է, թե՛ցանկացած երկրի համար դա լուրջ պրոբլեմ է առաջացնում, որովհետև, ի վերջո, դա պետք է վճարել, իսկ վճարելու ձևը դա այն չէ, որ կրկին պետական պարտք վերցնես և դա վճարես: Սա, իհարկե, ձև է, եթե պայմաններն ավելի նպատակահարմար են դառնում, բայց, ի վերջո, խնդիր է դառնում, որովհետև միշտ այդ բուրգը ստեղծելուց հետո կանգնում են փաստի առաջ, որ գումարներ չկան:

Պետք է այս պայմաններում արտաքին առևտրի տեմպը մեծացնել, արտարժույթի մուտքերն ավելացնել, և այդ հնարավորություններն էլ մեզ մոտ շատ փոքր են: Արտաքին առևտրում մենք վերջին շրջանում ունենք շատ փոքր առավելություններ. այն ավելի արագ տեմպերով է առաջ գնում, քան արտահանումն ու ներմուծումը:

Կարևոր է նաև ներդրումներն ապահովելը, բայց վերջին տվյալներին նայելով` այնտեղ ևս տխուր պատկեր է:

-Ինչի՞ կարող է հանգեցնել պարտքը ժամանակին չմարելը:

-Եթե ժամանակի ընթացքում չկարողանան վճարել պետական պարտքն ու դրան ավելացրած տոկոսները, երկիրը կհամարվի անվճարունակ, և դրսից գումարների ներգրավումը` որպես պետական պարտք, չենք ունենա: Խնդիր կառաջանա նաև ներքին պարտքի հետ, որի վտանգավորությունն էլ կայանում է նրանում, որ բավականին բարձր  տոկոսներով  է տրամադրվում: Նման պայմաններում տնտեսությունը կփլուզվի և հարկ կլինի ամեն ինչ սկսել զրոյից:

-Իսկ այս պայմաններում, երբ աղքատության մակարդակը բավականին բարձր է, արտագաղթի տեմպերը` մեծ, ու տնտեսությունը վատթարագույն վիճակում է, կարո՞ղ ենք հուսալ, որ ելք կգտնվի այս վիճակից:

-Տեսականորեն կա, բոլոր վիճակներում էլ լուծումներ կան,  բայց այդ լուծումները նախ պետք է արվեն քաղաքական դաշտում: Կարելի է գտնել տնտեսական մոդել և առաջարկել, որպեսզի նույն քայլերը նաև ՀՀ-ի համար արվեն, բայց մեր յուրահատկությունը կայնում է նրանում, որ դա կաշխատի միայն այն պարագայում, երբ լինի քաղաքական կամք:

Զրուցեց Լիլիթ Շաբոյանը




Լրահոս