ՀԱՐՑ – Ինչի՞ համար են էս մարշուտկեքը էսքան քիչ, էլ չեմ ասում, որ չենք կարում նստենք, անգամ կանգնելու տեղ չի լինում, խնդրում եմ մի բա՛ն արեք, կոտորվում ենք, մինչեւ տուն ենք հասնում: ՆԱԻՐԱ ՄԵՀՐԱԲՅԱՆ, 39 տարեկան, գրադարանավարՊԱՏԱՍԽԱՆ. Մայրաքաղաքի որոշ հատվածներում հասարակական տրանսպորտի երթեւեկության ժամանակացույցին առնչվող Ձեր հարցմանն ի պատասխան Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում օրվա տարբեր ժամերին, կախված ուղեւորահոսքից, նույն երթուղում շահագործվում են տարբեր քանակությամբ տրանսպորտային միջոցներ: Արդյունքում փոփոխվում է տրանսպորտային միջոցների շարժման միջակայքը: Երեկոյան` ուշ ժամերին, Երեւանի որոշ թաղամասերում նվազում է ուղեւորահոսքը, եւ այդ ուղղությամբ որոշ երթուղիներ սպասարկվում են մեծ միջակայքերով: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բավականին գրագետ այս ձեւակերպումից, սակայն, այդպես էլ չհասկացանք, թե ինչու պիտի աշխատանքից հոգնած քաղաքացին ժամերով սպասի երթուղային տաքսիների, չհասկացանք նաեւ, թե քաղաքապետարանը որպես խնդրի լուծում ինչ տարբերակ է առաջարկում: Լավ, ինչպե՞ս պետք է մարդիկ տուն հասնեն: Ի վերջո, բոլորը չէ, որ ունեն տաքսի ծառայություններից օգտվելու հնարավորություն: Մարդիկ օրվա հացի գումարը մի կերպ են վաստակում, ինչպե՞ս ամեն օր տաքսիով տուն գնան: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը պարտավոր է այս խնդրին լուծում տալ, թե չէ մարդիկ «շարժման միջակայքերի» փոփոխման արդյունքում ստիպված են լինում հիշել քաղաքապետին ու գծատերերին ոչ ամենեւին «բարի խոսքերով»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ