Երեկ՝ ճեպազրույցի ընթացքում, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Ինչպես միշտ, զվարճալի պահերը շատ էին զրույցի ընթացքում: Լրագրող-Պարո՛ն Ալեքսանյան, անդրադառնանք Փակ շուկային, փաստորեն, ակցիաները այդքան լավ չկազմակերպվեցին, որ որոշեցիք դադարեցնել կամ հանձնարարել դադարեցնել: Սամվել Ալեքսանյան-Ես սրտանց շնորհակալություն եմ հայտնում «Նախախորհրդարան»-ի անդամներին՝ Ժիրայր Սէֆիլյանին, Խզմալյանին, որ իրանք լավ ակցիա արեցին մեր «Երեւան սիթի»-ների համար, մենք գովազդին պետք է մոտավորապես մի 20 մլն դրամ փող տայինք, դա մենք տնտեսեցինք եւ տալիս ենք ուսանող էրեխեքին: Լր.-Բայց, փաստորեն, Դուք ավելի շատ հակագովազդ արեցիք, որովհետեւ կոչ են անում, որ այդտեղից առեւտուր չանեն, ու ոնց որ չեն անում: Ս.Ա.-Իրանք գովազդ արեցին, ու որ գովազդ արեցին, դրա համար մենք 20 մլն տնտեսել ենք: Լր.-Հաշվե՞լ եք արդեն: Ս.Ա.-Հա՛, հաշվեցինք, մի ամսվա մեջ մենք պետք ա 20 մլն վճարեինք գովազդի համար, հիմա էտի տնտեսել ենք, որոշել ենք տանք ուսանող էրեխեքին: Լր.-Կարո՞ղ է՝ համագործակցում եք իրենց հետ: Ս.Ա.-Չէ՛: Դուք էլ կարող եք որոշել՝ ովքեր են էդ լավ սովորողները, որ տանք իրենց: Լր.-Ամեն ամի՞ս: Ս.Ա.- Չէ՛, ամեն ամիս որ անեն… Լր.-Իսկ Ձեր կողմնակիցներին ինչքա՞ն եք վճարում: Ս.Ա.- Էտի Սուրենյանցն ա կազմակերպել, էդ հարցն իրե՛ն տվեք: Լր.-Իսկ Սուրենյանցի հետ Ձեր հարաբերություններն ինչպե՞ս են: Ս.Ա.-Լավ, շատ լավ, եթե ինքը որեւէ պրոբլեմ ունեցել է, ես իրեն օգնել եմ, բայց անձամբ ակցիայի համար՝ ո՛չ: Լր.-Դիմե՞լ է ինքը Ձեզ, տվե՞լ եք: Ս.Ա.-Հա՛: Լր.-Ինչքա՞ն եք տվել: Ս.Ա.- Է՜, չեմ ասի: Լր.-Պարո՛ն Ալեքսանյան, բայց վիրավորակա՞ն չէր, որ էշերով ակցիա եղավ… Ս.Ա.-Քանի անգամ էդ հարցի պատասխանը տվեցի, գնացե՛ք, դեղինգլխարկավորների՛ն հարցրեք: Լր.-Բայց ոնց որ կարմիրգլխարկավորները դեղին գլխարկ էին հագել ու ավանակներին բերել էին: Ս.Ա.-Չէ՜, կարմիրներն էդպիսի բան չէին անի, կենդանիների հետ տենց չէին վարվի: Լր.-Էդ դեպքում Ձե՞զ էին ծաղրում, եթե ավանակ էին բերում: Ս.Ա.-Ցավդ տանեմ, խի՞ էին ինձ ծաղրում: Լր.-Չգիտեմ, Ապարանի հետ կապված: Այծերն ի՞նչ եղան, մորթեցի՞ք, խորոված արեցիք: Ս.Ա.-Չգիտեմ, ես Դուբայում եմ եղել: Հանգստանում էի: Լր.-ՍամվելԿարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի հե՞տ: Ս.Ա.-Սամվել Կարապետյանի հետ, Գագիկ Ծառուկյանը մի քիչ ուշ եկավ: Լր.-Չե՞ք ափսոսում, որ պատմամշակութային արժեքը ոչնչացավ: Ս.Ա.-Այդ արժեքը մենք փրկեցինք կռիսներից, զիբիլներից: Պատմամշակութային հուշարձանը տեղում կա: Լր.-Բայց անտեսեցիք քաղաքապետարանի, մշակույթի նախարարության որոշումները, նրանք են ամեն դեպքում ասում, որ Ձեզ նման լիազորություններ տրված չեն եղել: Ս.Ա.-Գնացե՛ք, սեփականատիրոջի՛ց հարցրեք: Լր.-Դուք ավելի՞ ուժեղ եք, քան պետությունը: Ս.Ա.-Ա՜, ես գնացի, ոչ մի հարցի չեմ պատասխանում: