ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սայաթ-Նովայի 10/5 շենքի բակում «Լարկո գրուպ» ընկերության շինարարները ոստիկանների հսկողության ներքո սկսեցին ամիսներ շարունակ ձգձգվող շինաշխատանքները` չնայած այն բանին, որ բնակիչներն ամեն կերպ փորձեցին խոչընդոտել:
Հիշեցնենք, որ Սայաթ-Նովայի թիվ 10 եւ 12 շենքերի բնակիչները գրեթե վեց ամիս է՝ բողոքում էին, քանի որ իրենց առանց այն էլ փոքր բակում «Լարկո գրուպ» ՍՊԸ-ն պատրաստվում է բազմաֆունկցիոնալ շենք կառուցել: Օրեր շարունակ ընկերության շինարարները փորձում էին աշխատանքներն իրականացնել ոստիկանների հսկողությամբ, սակայն բնակիչները խանգարում էին նրանց: Վերջիններիս բողոքը մեղմելու նպատակով Երեւանի քաղաքապետի կողմից ժամանակավորապես դադարեցվել էին չգործող կաթսայատան տեղում նոր շենքի կառուցման աշխատանքները: Ի դեպ, Սայաթ-Նովայի 10 եւ 12 շենքերի բակում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի սեփականատերն ամերիկահայ Աբել Հախվերդյանն է:
Երեկ բնակիչներից տիկին Հռիփսիմեն, տեսնելով, որ շինարարները սկսում են իրենց աշխատանքները, անմիջապես պառկեց ավտոտնակի դիմաց եւ հայտարարեց, որ իր ճանապարհը չի տալու ոչ ոքի:
Այդ պահին Սայաթ-Նովայի 10/5 հասցեում էր գտնվում նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը: Նա ամեն կերպ բնակիչներին համոզում էր, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտահոգ է քաղաքացիների խնդիրներով, ինչն ավելի էր զայրացնում դժգոհող բնակիչներին: Այս անգամ վերջիններիս օգնելու էր եկել «Ժառանգություն» կուսակցության  փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նշենք, որ նախորդ անգամ նույն հասցեում էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Հայկ Ասատրյանի հեռանալուց հետո ոստիկանները պատ շարեցին, իսկ շինարարներն ավտոտնակից դուրս բերեցին երկաթյա ձողերը եւ սկսեցին դրանց համար փոսեր փորել:
Ավելի ուշ Սայաթ-Նովայի 10 եւ 12 շենքերի բնակիչները որոշեցին դիմել դատարան, ինչի համար էլ բակ հրավիրեցին իրավաբան Ալբերտ Կանդալյանին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իրավաբանը հայտարարեց, որ առկա փաստաթղթերում չկան փորձագետի կողմից տրված եզրակացության ապացույցներ:
«Բոլոր բնակիչներն էլ ունեն սեփականության իրավունք եւ այս տարածքի համասեփականատեր են: Երեւանի քաղաքապետարանն անտեսել է նրանց սեփականության իրավունքները: Արդեն իմ ձեռքի տակ են բոլոր համապատասխան փաստաթղթերը, եւ խորը ուսումնասիրելուց հետո, ամենայն հավանականությամբ, կդիմենք ՀՀ վարչական դատարան: Պահանջելու ենք քաղաքապետի նախնական որոշումն անվավեր ճանաչել: Եվ այդ ժամանակահատվածում կփորձենք նշանակել փորձագիտական եզրակացություն, որը կասի այն, ինչ իրականում կա»,-տեղեկացրեց Կանդալյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս