«ՄԵԶ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՄԱՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանն ասել էր, որ չարժե այդքան մեծ աղմուկ բարձրացնել տրանսպորտի սակագինը 50 դրամով բարձրացնելու համար, քանի որ գրեթե ամեն ինչ թանկացել է, իսկ տրանսպորտը նման սակագնով այլեւս չի կարող նորմալ գործել։ Կոմպոզիտորի այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց՝ հարուցելով շատերի դժգոհությունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարոն Վարդազարյանն այսպես պարզաբանեց իր խոսքը.
-Հարկավոր է ամեն ինչին սթափ մոտենալ, վերլուծել, պարզել հնարավորությունները եւ հետո դիմել ակտիվ քայլերի, որպեսզի հետո չստացվի Չերնոմիրդինի ասածի նման. «Ուզում էինք ավելի լավ, բայց ստացվեց ինչպես միշտ»։ Իհարկե, ամեն ինչը համեմատության մեջ է, բայց ոչ մի երկրում քաղաքացիների մեծ մասը գոհ չէ իր վիճակից։
-Դուք տրանսպորտի թանկացման դեմ հանրային պայքարին բացասական որակումներ էիք տվել…
-1994 թվականից տրանսպորտը միակ ոլորտն է, որի սակագինը չի փոխվել։ Մոսկվայում այն, ասենք, 10 ռուբլի էր, այսօր 30 է։ Մեզ մոտ ամեն ինչի գինը բարձրացել է, ամեն ինչ ծանրացել, դժվարացել է, բայց դրանք դատապարտող այսպիսի ցույցեր, բողոքներ չեղան։ Ինձ թվում է՝ այս ակցիան հայտնի տեխնոլոգիաների օգտագործումն է. գտնել որեւէ դժգոհություն, այն խոշորացույցով մեծացնել։ Իսկ երբ հետո պարզվում է, որ այլ ճանապարհ չկար, ուշ է լինում. արդեն բաժանվում են միմյանց հակադրվող երկու մասի։ Հիմնականում օգտվում եմ հասարակական տրանսպորտից, միայն երբեմն ստիպված եմ լինում տաքսիով գնալ, եւ համոզված եմ, որ հասունացել է տրանսպորտի գնի վերանայման հարցը. այս պայմաններում հասարակական տրանսպորտը թե՛ քանակի, թե՛ որակի առումներով դժվար թե կարողանա նորմալ, անվթար գործել։ Սա ասում եմ անկեղծ եւ լավ հասկանալով այն մարդկանց, ում համար 50 դրամը կարող է շատ մեծ արժեք լինել։ Տրանսպորտը սուբսիդավորելու անհրաժեշտություն կա, դրսից դժվար թե որեւէ մեկը ներդրում անի, եւ դա էլ պիտի ազգովի անենք։ Փոխանակ ռեստորանից դուրս գան, նստեն թանկարժեք ջիփն ու ասեն՝ էս ժողովուրդը մեղք է, թալանում ենք այդ 50 դրամով, թող ստեղծեն հիմնադրամ, որով հնարավոր կլինի օգնել անապահով խավերին, ուսանողությանը։ Արտագաղթի վերաբերյալ էլ չափազանցում կա։ Ուրիշ երկրներում վիճակն ավելի վատ է։ Երբ խոսում էինք կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսի հետ, ասաց, որ ամեն ամիս 30 հազար լատվիացի է լքում երկիրը։
-Ուրեմն Լատվիայում արդեն մարդ չկա՞։
-Լատվիայում մնացել են փոքր քանակությամբ լատիշներ եւ մեծ քանակությամբ ոչ լատիշներ՝ հատուկ անձնագրերով, որոնք ընտրության իրավունք էլ չունեն՝ չնայած մեծ մասն այնտեղ է ծնվել։
-Անցնենք մասնագիտական ոլորտին։ Կոմպոզիտորների միությունն ունի նոր նախագահ, փոփոխություններ կլինե՞ն։
-Փոփոխությունները նախապատրաստվում են եւ պետք է լինեն մտածված, առաջնահերթային. հարկավոր է վերականգնել միության կառուցվածքը, որպեսզի այն սկսի գործել որպես ստեղծագործական միավորում։ Եվ հետո, գտնել այն ճանապարհը, որով կկարողանանք մեր «արտադրանքը» (կոմպոզիտորների ստեղծագործությունն իրենց արտադրանքն է) ներկայացնել աշխարհին։ Մեր կոմպոզիտորական դպրոցն ուներ եւ հիմա էլ ունի մեծ համբավ, որը հարկավոր է պահպանել, հարկավոր է վերականգնել սեկցիաները, շեֆական համերգները։ Դա անում էինք նաեւ Հայկական երաժշտական համաժողովի շրջանակներում, գնում էինք մարզեր, հանդիպում երաժշտական ուսումնարանների, դպրոցների սաների, ուղղակի հասարակության հետ։ Անհրաժեշտ է շեֆական հանդիպումներ ունենալ զինվորականների հետ, հաշվետվություն տալ մեզ պաշտպանողներին,  որ իմանան՝ մեզ պաշտպանում են մեր արվեստի համար։ Այդ ամենն անհրաժեշտ է, որ միության մթնոլորտն առողջանա, միավորվենք համատեղ գործունեությամբ, մեկս մյուսիս ստեղծագործության գնահատականը տանք, ուրախանանք միմյանց հաջողություններով… Եվ այդ դեպքում կհասնենք այն բարձունքին, որին արժանի եւ ընդունակ է մեր կոմպոզիտորական դպրոցը։
-Ի՞նչ եք կարծում, միության նախկին նախագահի հետ հնարավոր կլինի՞ համագործակցել:
-Դուք տեսաք, որ նա ինձ «դեմոնստրատիվ» ձեռք մեկնեց, եւ ես սեղմեցի այն՝ որպես իմ իմացած Ռոբերտ Ամիրխանյանի ձեռքը։ Կարծում եմ՝ նա այնքան իմաստուն կգտնվի, որ կաջակցի, կմասնակցի միության աշխատանքներին թե՛ որպես տաղանդավոր կոմպոզիտոր, թե՛ որպես արդեն փորձ ունեցող անձնավորություն։

շարունակելի
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ




Լրահոս