Շաբաթ երեկոյան Մոսկվայի Crocus City Hall սրահում կայացած «Միսս տիեզերք-2013» մրցույթում հաղթեց վենեսուելացի Գաբրիելա Իսլերը: 120 հազար դոլար արժողությամբ թագը հաղթողը ստացավ «Միսս տիեզերք-2012» Օլիվիա Կալպոյից: Թագից ու մրցանակներից բացի՝ գեղեցկուհին ստացավ նաեւ քառորդ միլիոն դոլարի պարգեւատրում:
«Միսս տիեզերք-2013» տիտղոսին արժանանալուց ժամեր անց Գաբրիելա Իսլերը հանրության մեջ հայտնվեց հատուկ մրցույթի հաղթողի համար ստեղծված լողազգեստով, որն արժե մեկ միլիոն դոլար: Նա պատմեց իր գեղեցկության գաղտնիքների մասին. «Ես սովորական կին եմ, միշտ ինձ հետ են իմ ժպիտը, իմ ընտանիքը եւ իմ շները: Իմ գեղեցկության գաղտնիքը ժպիտս է: Երբ դուք հիշում եք ձեր մանկությունը, ժպտում եք ամբողջ հոգով, ահա ամենալավ գաղտնիքը: Կնոջ լավագույն աքսեսուարը նրա ժպիտն է»:
Այս մրցույթը մեզ հիշեցրեց հայաստանյան մրցույթները, որոնք անցկացվել են 1996 թվականից։ Առաջին մրցույթում հաղթել է Կարինե Խաչատրյանը, հետագայում՝ Անգելինա Բաբաջանյանը, Գոհար Հարությունյանը, Քրիստինա Բաբայանը, Իրինա եւ Լուսինե Թովմասյանները, Մարինա Վարդանյանը, Մարգարիտա Սարուխանյանը։ Վերջինս հաղթել էր 2007-ին, որից միայն 5 տարի անց՝ 2012-ին, անցկացվեց հաջորդ մրցույթը, եւ հաղթող ճանաչվեց Աննա Առաքելյանը։ Նա առաջին անգամ պետք է ներկայացներ Հայաստանը «Միսս աշխարհ-2012» մրցույթում, սակայն այդպես էլ չմեկնեց մոնղոլական Օրդոս քաղաք ֆինանսական խնդիրների պատճառով։ Իսկ մինչ այդ «Միսս Հայաստան» մրցույթի հաղթողները մասնակցել են մի շարք միջազգային մրցույթների՝ «Միսս Եվրոպա», «Միսս Ասիա եւ Օվկիանիա», «Միսս Անդրկովկաս», «Միսս ԱՊՀ» եւ այլն։
Այս տարի դարձյալ ֆինանսական խնդիրների պատճառով չանցկացվեց «Միսս Հայաստան-2013» մրցույթը։ Այդ մասին հայտարարեց «Միսս Հայաստան» ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը։
«Ժողովուրդ»-ն առաջիկայում կներկայացնի պարոն Արիստակեսյանի տեսակետը վերոնշյալ մրցույթի ճակատագրի վերաբերյալ։
ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ