Թալիշում խոշտանգված Խալափյանների որդին արտագաղթել է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խալափյանների որդին, որի ծնողներն ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում գազանաբար խոշտանգվել էին, ընտանիքով արտագաղթել է Հայաստանից։ Այս մասին մեզ հայտնեց ինքը՝ Գագիկ Խալափյանը, որն այժմ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Իսկ կինը՝ վեց երեխաների հետ, տեղափոխվել է Իսպանիա։ Նշենք, որ պատերազմից հետո, երբ Թալիշն ամբողջությամբ դատարկվեց, բնակիչները տեղափոխվեցին Հայաստան, նրանց մեծ մասը՝ հարյուրից ավելի մարդ, ապաստան գտավ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։

Նրանցից մոտ 80 հոգին այժմ վերադարձել է Ղարաբաղ, բայց հարեւան Ալաշան գյուղ, մյուս մասը դեռ շարունակում է բնակվել Չարենցավանում։ Նշենք, որ Ալաշան տեղափոխվելու մասին պայմանավորվեցին Չարենցավանում՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ թալիշցիների հետ հանդիպման ժամանակ։ Խաղաղ բնակչությանը Թալիշ տեղափոխել հնարավոր չէ, քանզի գյուղը շարունակում է գտնվել հակառակորդի նշանառության տակ։ Գագիկ Խալափյանն էլ իր բազմանդամ ընտանիքով նախ տեղափոխվեց Երեւան, ապա բռնեց արտագաղթի ճամփան։ Երեկ նրան հարցրինք՝ հնարավո՞ր է հետագայում նորից վերադառնան Հայաստան։ «Չէ, էլ վերադառնաս, ի՞նչ անես»,- ասաց նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս