«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ շուրջ մեկ ամիս է՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է իրականացնում ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանին պատկանող «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ում (ապրանքանիշը՝ «Կիլիկիա»): Այս փաստն ինքնին ուշագրավ է, քանի որ նախորդ համանման ստուգումների արդյունքում ՊԵԿ-ը Հակոբյանի ընկերության նկատմամբ 500 մլն դրամ տուգանքի ակտ էր կազմել:
Հետագայում ընկերության փաստաբանները ակտը բողոքարկեցին, եւ մոտ մեկ տարի տեւած դատական քաշքշուկներից հետո «Երեւան գարեջուրը» հաղթեց ու ընդամենը 15 միլիոն դրամի տույժ վճարեց: Հաշվի առնելով պետական եկամուտների կոմիտեի կողմից անցկացված նախորդ ստուգումների դառը փորձը՝ «Ժողովուրդ»-ը փորձեց Հակոբ Հակոբյանից պարզել, թե արդյոք այս ստուգումների հետ կապված մտավախություն չունի: Ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ներկա ստուգումները սովորական պլանային գործընթաց են, եւ դրանք դեռեւս շարունակվում են: Այնուամենայնիվ, հետաքրքիր է` ինչո՞ւ հենց «Կիլիկիայում» եւ ինչու այդքան երկար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: