Հուլիսին մեկնարկել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների» ՀԿ-ի «Դուք մենակ չեք» ծրագիրը։ Նախաձեռնության նպատակն է զորավիգ լինել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքներին։ Ծրագրի շրջանակներում ռազմական կրթօջախների սաներն ու ազատամարտիկները պարբերաբար այցելում են ապրիլյան պատերազմի ընթացքում զոհվածների հարազատներին։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ։
Հուլիսի 9-ից սկսած՝ կուրսանտներն ու Ղարաբաղյան պատերազմի վետերանները նվերներով այցելել են զոհվածների հարազատներին։ Նման այցելություններ կազմակերպվելու են տարվա ընթացքում մի քանի անգամ՝ ՀՀ անկախության օրը, ազգային բանակի կազմավորման տարեդարձին, մայիսյան եռատոնին, Սուրբ Զատկի և զոհված զինծառայողի ծննդյան օրերին։
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների» ՀԿ-ի նախագահ Յու. Միքայելյանը նկատում է, որ հանդիպումները ցույց են տվել, որ նման շփումների կարիք զոհվածների հարազատներն ունեն։ Ձևավորվում է մտերմություն ընտանիքների և կուրսանտների միջև։ Կուրսանտների միջոցով զոհերի ծնողներն իրենց զավակների կարոտն են առնում։
Զոհված զինծառայող Հրաչյա Մուրադյանի այրին՝ տիկին Աննան, ասում է, որ իր համար թանկ ու արժեքավոր են նման հանդիպումները, որոնց ընթացքում սփոփում է իր վիշտը, գիտակցում, որ ինքն ու իր երեխաները միայնակ չեն։
Ծրագրի առաջին՝ ծանոթության փուլն արդեն ավարտվել է։ Այցելություններ են կատարվել ավելի քան 100 զինծառայողների ընտանիքների Հայաստանում և Արցախում։ Սեպտեմբերին կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն