Երեւան քաղաքի կենտրոնական փողոցներում տեղադրված գովազդային մոնիտորներն աչք ծակելու իրենց գովազդային նպատակին ծառայում են ավելին, քան անհրաժեշտ է. գիշերային երթեւեկության ժամերին դրանց սուր լուսարձակումը հաճախ շեղում է վարորդների ուշադրությունը, հաճախ էլ պարզապես աչք կուրացնում` ստեղծելով վթարավտանգ իրավիճակներ: Այս իրողությունը մեզ դիմած վարորդների դժգոհությունն ու անհանգստությունն է առաջացրել:
Մեր մոտավոր հաշվարկներով՝ քաղաքի կենտրոնական փողոցներում շուրջ 10 մեծ եւ 15-ից ավելի միջին չափի լուսային-գովազդային մոնիտորներ կան: Դրանք գիշերուզօր բավական արդյունավետորեն սփռում են տարատեսակ բովանդակության գովազդեր: Ընդ որում, մոնիտորների թիվը գնալով մեծանում է: Սակայն, ինչպես ասում են նման պարագաներում, “տիրոջ աչքը լույս”: Իհարկե, այս մոնիտորների լույսը հատկապես գիշերային ժամերին լուսավորում է նաեւ վարորդների աչքերը, բայց սա արդեն այլ “աչքալուսանք” է՝ տհաճ, անհանգստացնող ու նույնիսկ վտանգավոր:
“Առանց այն էլ մայրաքաղաքում երթեւեկությունը բավականին լարված է, այս ամիսներին էլ ավելի շուտ են օրերը մթնում, ու ստացվում է՝ մութն ընկած ժամանակ ավելի շատ ենք վարում մեքենաները: Այդ լուսային էկրանին, երբ թեկուզ մեկ ակնթարթ հայացք ենք ձգում, գիշերային մթության մեջ մի տեսակ կուրացնող էֆեկտ է ունենում, խառնվում ենք իրար, ու դիմացը լավ չի երեւում. բոլոր դժբախտ պատահարները հենց մեկ պահի մեջ են տեղի ունենում”,-“Ժողովուրդ”-ին իր մտահոգությունը հայտնեց տաքսու վարորդ Կարապետ Սիմոնյանը:
Որքանո՞վ է այս երեւույթը վտանգավոր, եւ ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել, որպեսզի լուսային վահանակները վարորդների համար վտանգավոր չլինեն: Այս հարցերի շուրջ “Ժողովուրդ”-ը զրուցեց “”Աքիլլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնե ՀԿ-ի նախագահ Էդիկ Հովհաննիսյանի հետ: “Երբ միացանք համապատասխան միջազգային կոնվենցիային, սահմանվեց, որ նույնիսկ ոչ լուսային գովազդային վահանակները թույլատրելի չէ անմիջապես փողոցների եզրերին տեղադրել, դրանք վարորդների ուշադրությունը շեղող երեւույթներ են, որոնք վտանգավոր իրավիճակների առաջ կարող են կանգնեցնել նրանց”,-ասաց Է. Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ այդ մոնիտորների լույսերը պետք է սահմանված տոկոսային չափ, ինչպես նաեւ սահմանված հեռավորություն ունենան երթեւեկելի հատվածներից. “Մեր կազմակերպությունը նաեւ դեղատների այն կանաչ թարթվող լույսերից է բողոքներ ստանում, որոնք վարորդները երբեմն շփոթում են ճանապարհային լուսաֆորների հետ, ու նորից վթարավտանգ իրադրությունների հավանականություն է ստեղծվում”:
Խնդրի շուրջ, սակայն, որեւէ մտահոգություն չունեն Երեւանի քաղաքապետարանում: Լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը չի կարծում, որ այդ մոնիտորները վտանգավոր են, նա վստահեցնում է, որ դրանք աչք կուրացնող ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ: “Դրանք հեռուստամոնիտորի նման ինչ-որ էկրաններ են, ասենք՝ հեռուստացույցի առաջ նստած մարդը կուրանո՞ւմ է”,-զուգահեռ տարավ Ա. Գեւորգյանը: Սենյակի բազմոցին ու գիշերային ժամի մեքենայի ղեկին գտնվելը նույնացնելով՝ քաղաքապետարանի աշխատակիցը վստահեցրեց, որ նույնիսկ մասնագետի դիմելու հարկ չկա, քանզի այդտեղ խնդիր էլ չկա: Ամեն դեպքում, քաղաքապետարանից մեզ առաջարկեցին լուսարձակման տոկոսի եւ մոնիտորներին առնչվող այլ հարցերի համար դիմել ճանապարհային ոստիկանություն, իսկ այնտեղից էլ վստահեցրին, որ իրենք ոչ մի առնչություն չունեն փողոցներում տեղադրված գովազդային վահանակների հետ:
Այսպիսով՝ վարորդների մտահոգությունն “օդում կախված” մնաց. գերատեսչությունները չեն կողմնորոշվում՝ ովքեր եւ ինչպես պիտի զբաղվեն հարցով: Ցավոք, ընդունված է տհաճ պատահարները կանխարգելելու փոխարեն՝ դժբախտությունից հետո նոր միայն քայլեր ձեռնարկել. արդեն իսկ եղել են նախադեպեր, երբ ավտովթարից հետո են փողոցների այս կամ այն հատվածում լուսացույցներ տեղադրել: Այդպես եղավ նաեւ Ռուսաստանում հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի դեպքում, երբ հայտնի ողբերգական ավտովթարից հետո միայն որոշվեց տվյալ վայրում լուսացույց տեղադրել:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 658 համար